«ՀՀ-ին պետք է Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ եռակողմ պայմանագիր»․ կարծիք
Ֆրանսիա-ՀՀ-Հնդկաստան գործակցություն
«Եթե Հայաստանն ունենա եռակողմ համաձայնագիր Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ, երկրի անվտանգության աստիճանը մի քանի անգամ կբարձրանա»,- «Ազատության» եթերում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Կարծում է՝ այդ պարագայում ադրբեջանական կողմը երկար կմտածի կրակոցներ արձակելուց առաջ։ Սարգսյանի համոզմամբ՝ Ֆրանսիայի, Հնդկաստանի, ինչպես նաև Իրանի շահերը Հարավային Կովկասում համընկնում են։ Ասում է՝ պետք է օգտվել դրանից և ժամանակ չկորցնել։ Նման համաձայնագրի կնքման պարագայում, ըստ նրա, առաջիկա 4-5 տարիներին «կունենանք այնպիսի Հայաստան, որին կնախանձեն տարածաշրջանի մյուս երկրները»։
Արամ Սարգսյան, քաղաքական գործիչ
«Մոտ երկու ամիս է, ինչ բարձրաձայնում եմ այս թեման, ինչ-որ տեղերում նույնիսկ առաջարկել եմ այն առաջ մղել։ Լուծումն առաջացավ այն ժամանակ, երբ ինձ համար պարզ դարձավ, որ Ֆրանսիան, Հնդկաստանն ու ԱՄԷ-ն ունեն միասնական ռազմական փոխօգնության պայմանագիր։ Մոտավորապես այն պայմանագրից, ինչ ունի Վրաստանը ԱՄՆ հետ։ Այդ ժամանակից անընդհատ կրկնում եմ, որ ՀՀ-ն պիտի ունենա ռազմական փոխօգնության պայմանագիր Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, ԱՄՆ հետ, ցանկալի է՝ երեքի հետ միասին։
Եթե Հայաստանը նման ռազմաքաղաքական պայմանագիր կնքեր ԱՄՆ հետ, այնպես, ինչպես Վրաստանն ունի, մենք խնդիր էինք ունենալու մեր հարևան Իրանի հետ։ Միանշանակ կբողոքարկեր ու խնդիրներ կառաջացներ ինչպես իր տարածքով սպառազինություն տեղափոխելու, այնպես էլ բազմաթիվ փոխհարաբերությունների առումով։ Այս համատեքստում ավելի հարմար արևմտյան երկիր, քան Ֆրանսիան է, գոյություն չունի։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այցելեց Հնդկաստան, երկրի նախագահի հետ միասին անկախության օրվա միջոցառումներին էին մասնակցում։ Համոզված եմ՝ քննարկվել է նաև ՀՀ հետ կապված թեման՝ եռակողմ առումով։
Աշխարհաքաղաքական իմաստով թե Հնդկաստանին, թե Ֆրանսիային և թե Հայաստանին ձեռնտու է նման փոխօգնությունը։ Եվ դա ակնհայտ երևում է նաև զենքի վաճառքից, որովհետև Հնդկաստանը իր՝ դեպի Եվրոպա գնացող ճանապարհը տեսնում է Իրանի նավահանգիստներով դեպի Պարսից ծոց, դեպի ՀՀ, Վրաստան և Եվրոպա։
Իրանը նույնպես դեպի Եվրոպա իր միակ ճանապարհը տեսնում է Ֆրանսիայի միջոցով, որովհետև արևմտյան որևէ ուրիշ երկրի հետ լավ հարաբերություններ չունի։ Իսկ Ֆրանսիայի առումով Իրանը միշտ ունի դրական տրամադրվածություն։ Դա գալիս է դեռ Այաթոլլահ Խոմեյնիի՝ Ֆրանսիայից Իրան գալու և շարիաթի օրենքներով հանրապետություն ստեղծելու ժամանակներից։
Ֆրանսիան տարածաշրջանում դառնում է Իրանի և Հայաստանի համար ամենահարմար երկիրը, ինչն էլ ջղաձգում է թե Թուրքիային, թե ՌԴ-ին, թե Ադրբեջանին։
Այստեղ կա նաև երկրորդ հանգամանքը՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրն իր մեջ ներառում է մի արտաքին քաղաքական երկիր, որն այդ ծրագրի մաս է կազմում, և այդ երկրի անունը Ֆրանսիա է։ Եթե սրան գումարենք այն, որ Չինաստանի դեսպանը ՀՀ-ում երկու ամիս առաջ հայտարարեց․ Պեկինին ձեռնտու է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը անցնի Հայաստանով, ընդհանուր խճանկարը՝ փազլը հավաքում է իր տեսքը, պատկերը։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը միջմայրցամաքային ներդրումային ծրագիր է, որն ուղղված է պատմական Մետաքսի ճանապարհի տարածքում գտնվող երկրների ենթակառուցվածքների զարգացմանն ու տնտեսական ինտեգրմանը։ 2022 թվականի մարտի 13-ի դրությամբ Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագրեր է ստորագրել 148 երկրի և 31 միջազգային կազմակերպության հետ։
Առաջանում է մի իրավիճակ, որ եթե ՀՀ-ն ունենա եռակողմ ռազմաքաղաքական պայմանագիր Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ, երկրի անվտանգության բարձիկը միանգամից կամրանա։
Իրանը որևէ խնդիր չունի Հնդկաստանի հետ և բացարձակ դեմ չէ Հնդկաստանի ներկայությանը։ Մյուս կողմից՝ այդ երկրի՝ իր տարածքով անցնելն ուժեղացնում է Իրանի տնտեսությունը և մեծացնում նրա քաղաքական ազդեցությունը։
Հնդկաստանը որևէ խնդիր չունի ՀԱՊԿ-ի և ՌԴ հետ։ Իմ կարծիքով՝ Հնդկաստանն ընդհանրապես դեմ չէ ստորագրել եռակողմ փաստաթուղթ ՀՀ և Ֆրանսիայի հետ անվտանգության առումով՝ անկախ նրանից Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, թե չէ։
Եռակողմ փաստաթղթի ստորագրմանը կողմ լինելու առումով խնդիրը Ֆրանսիան է։ Ֆրանսիան համաձա՞յն է մեր՝ ՀԱՊԿ անդամ լինելու պայմաններում նման փաստաթուղթ ստորագրել, թե՞ ոչ։ Այդ հարցին պատասխանել չեմ կարող։
Բայց կասկած չունեմ, համոզված եմ, որ այդ ուղղությամբ նշածս երկրները շահագրգռվածություն ունեն, ուստի ՀՀ իշխանությունները պիտի աշխատանք տանեն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ֆրանսիա-ՀՀ-Հնդկաստան գործակցություն