Ադամանդագործությունը Հայաստանում․ վերլուծություն՝ հիմնված թվերի վրա
Ադամանդագործությունը ՀՀ-ում
Վերջին տարիներին Հայաստանը կտրուկ ավելացրել էադամանդի թե ներմուծման,թե արտահանման ծավալները: Դրան զուգահեռ 2020 թվականից ի վեր նկատվել է ադամանդի մշակման ցուցանիշի անկում: Սա այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը 2021 թվականից ադամանդագործությունն ու ոսկերչությունը հռչակել է զարգացման գերակա 5 ուղղություններից մեկը:
Ադամանդագործության զարգացման տենդենցները, ո՞ր ընկերություններն են այս ոլորտումհայտնվնել գլխավոր դերակատարների դիրքում, ի՞նչ է սպասվում առաջիկայում:
- Հայաստանի 2024 թ․-ի բյուջեն՝ «աննախադեպ՝ 94 մլրդ պահուստային ֆոնդով»
- «ՀՀ տնտեսական աճը կայուն չէ, լուրջ խնդիր կարող է առաջանալ»․ կարծիք
- «Հանուն հավասարության»․ միկրոբիզնեսը ՀՀ-ում զրկվել է հարկային արտոնությունից
Ադամանդը՝ ՀՀ-ից արտահանվող ապրանքների թոփ եռյակում
2019-2023 թվականների ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշում ադամանդե քարերը զբաղեցնում են թոփ հորիզոնականներ: 2019-ին ադամանդե քարերը արտահանվող մաքսային ամենաբարձր արժեք ունեցող ապրանքների ցուցակում զբաղեցնում էին 8-րդ, 2023-ին՝ 4-րդ հորիզոնականը: Ներմուծման ցուցանիշում ևս ադամանդե քարերն առաջընթաց են գրանցել՝ 5-րդից բարձրանալով 3-րդ հորիզոնական:
2023 թ.-ին արտահանվել է շուրջ 231 մլրդդրամ արժողությամբ ադամանդ, որը մի քանի անգամգերազանցել է վերջինտարիներին գրանցված ցուցանիշը: Ներմուծումը կազմել է 220 մլրդ դրամ՝ գրեթե նույնքան, որքան 2019-2021 թվականներին միասին վերցրած:
5 տարիների համեմատականից պարզ է դառնում, որ վերջին երկու տարիներինարտահանման ցուցանիշը գերազանցել է ներմուծման ծավալը. 2022-ին՝ 6.6, 2023-ին՝ մոտ 4.8%-ով:
Տնտեսագետ Աղասի Թավադյանի դիտարկմամբ՝ սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստան ներմուծվող ադամանդի մի մասը տեղում մշակվում է։ Այդպիսով հավելյալ արժեք է ձեռք բերում ու ավելի բարձր գնով վերաարտահանվումկամ հետ է գնում այն երկիր, որտեղից ներմուծվել է:
Ադամանդի արտահանո՞ւմ, թե՞ վերաարտահանում
2023 թվականին Հայաստանից արտահանվել է 4․438․000կարատ ադամանդ: 2022 թվականի նկատմամբ արտահանման աճը կազմել է 47%, ներմուծման դեպքում՝ 28%:
Ընդհանուր առմամբ ադամանդ է արտահանվել 14 երկիր: Արտահանմանմեծ մասը՝ շուրջ 85 %-ն ընկնում է Արաբական Միացյալ էմիրություններին (3․772․000 կարատ): Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի Դաշնությունն է՝ 515.000, հաջորդիվ՝ Հոնկոնգը՝ 121.700կարատ արտահանման ծավալով: Մյուս երկրների դեպքում արտահանման ծավալները շատ ավելի փոքր են:
Եթե արտահանման ծավալում առյուծի բաժինն ընկնում է ԱՄԷ-ին, ապա ներմուծման դեպքում երկիր մտնող ադամանդի գրեթե կեսի բաժնետերը ՌԴ-ն է(1.604.000 կարատ):Երկրորդ ու երրորդ հորիզոնականներում Հոնկոնգն է` 951.000 ու ԱՄԷ-ն՝ 576.000 կարատ ցուցանիշով:
Նշված ցուցանիշներից ակնհայտ է, որ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման դեպքում գլխավոր դերակատարները՝ տարբեր չափաբաժիններով, ԱՄԷ-ն, ՌԴ-ն ու Հոնկոնգն են:
Փորձագետների կարծիքով, դա խոսում է այն մասին, որ երկիր մտնող ադամանդի գերակշիռ մասը վերաարտահանվում է:
Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմամբ՝ ադամանդի արտահանման ցուցանիշում վերաարտահանման բաղադրիչը կազմում է 70 %.
«Հաշվարկման մեթոդաբանությունը հետևյալն է. վերաարտահանվածհամարում ենք այն ապրանքը, որը մեկ ամսվա ընթացքում մտել է ՀՀ ու արտահանվել մեկ այլ երկիր: Օրինակ, եթե ՌԴ-ից ներմուծվում է, բայց հետ չի գնում ՌԴ, այլ ՀՀ-ից առանց որևէ մշակման վերաարտահանվում է երրորդ երկիր, մեր դեպքում հիմնականում ԱՄԷ: Ըստ հենց վերոնշյալ մեթոդաբանության՝ադամանդի վերաարտահանումը կազմում է շուրջ 70 %»:
Նրա կարծիքով՝ դեպի ԱՄԷ արտահանման ցուցանիշի կտրուկ աճի գլխավոր պատճառներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն ու դրան հաջորդածԵՄ սահմանափակումներն էին ՌԴ-ի նկատմամբ:
«Քանի որ պատժամիջոցներից հետո ՌԴ-ում ապրանքների մեծ պահանջարկ կար, այդ ապրանքները սկսեցին վերաարտահանվել նաև Հայաստանի միջոցով, ինչպես նաև ՌԴ-ից մեծ ծավալի կապիտալ արտահոսեց դեպի Հայաստան: Ավելի ուշ այդ կապիտալը գումարի, ադամանդի ու ոսկու տեսքով Հայաստանի միջոցով արտահոսեց դեպի ԱՄԷ»,- նշում է Թավադյանը:
Այնինչ հունվարի 8-ին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով ադամանդագործության ոլորտին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել է.
«Այն, ինչը արտահանվում է, դրա մեծ մասը վերաարտահանում չէ, այլ վերամշակվում և վերաարտահանվում է: Կա, իհարկե, փոքր վերաարտահանում, բայց մեր ֆոկուսը հիմնականում տեղական արդյունաբերության զարգացումն է»:
Որքա՞ն ադամանդ է մշակվել Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում
Քանի որ Հայաստանը ադամանդի հումք չունի, հայ ադամանդագործները հիմնականում վերամշակում են դրսից ներմուծված հումքը: Չնայած նրան, որ վերջին երկու տարիներին կտրուկ ավելացել են դեպի Հայաստան ներմուծման ու արտահանման ծավալները, ադամանդի մշակումն ու արտադրությունը Հայաստանում 2020 թվականի ցուցանիշի համեմատ անկում է ապրել: Դա են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Վերջին 10 տարիների ընթացքում ադամանդի մշակման ու արտադրության ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում գրանցվել է 2020-ին՝ 257․894 կարատ:
2014-2020 թվականներին գրանցված շարունակական աճի տենդենցը սկսել է անկում ապրել 2021-ից:
2022-ին ՀՀ-ում մշակվել է 142.895 կարատ ադամանդ, իսկ 2023 թվականի հունվար-հոկտեմբերի տվյալներով՝ 141․321 կարատ (տարեկան տվյալները դեռևս հրապարակված չեն):
Մեր գրավոր հարցմանը՝ թե ինչո՞վ է պայմանավորված 2020 թվականից հետո գրանցված անկումը, էկոնոմիկայի նախարարությունից հղում են արել վիճակագրական կոմիտեի տվյալներին ու՝ անտեսելով 2020 թվականին գրանցված ամենաբարձր ցուցանիշը, համեմատականը տարել 2021 թվականի հետ: Ընդ որում, 2021 թվականի համար նշել են 126․900 կարատ ցուցանիշը, ինչը չի համապատասխանում վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներին: Դա ակնհայտ է դառնում կոմիտեի կայքում տեղ գտած տվյալների հետ համադրելու դեպքում (այստեղ նշված է 144.307 կարատ):
Սխալ ցուցանիշի հետ համադրելու արդյունքում էկոնոմիկայի նախարարությունից վստահեցրել են. «2022 թվականին ՀՀ-ում ադամանդի արտադրության ծավալներն աճել են 2021 թվականի նկատմամբ»:
Նախարարությունից նաև կանխատեսել են, որ «2023 թվականի տարեվերջին մշակված ադամանդի քանակը կկազմի 160.000 կարատ»:
Հարկ է նշել, սակայն, որ նույնիսկ այս կանխատեսման իրականացման դեպքում երկրում մշակվող ադամանդի ծավալը կշարունակի զիջել 2017-2020 թվականներին գրանցված ցուցանիշին:
Ովքե՞ր են ադամանդ արտադրողները, ներմուծողներն ու արտահանողները
2021-2023 թվականների ընթացքում ՀՀ-ում ադամանդագործությամբ զբաղվող կազմակերպությունների թիվը կրկնապատկվել է՝ 6-ից դառնալով 13: Նույն տենդենցը, սակայն, չի նկատվում աշխատողների թվի համեմատականում. 2021 թվականի համեմատ աշխատողների թիվը կրճատվել է 15 %-ով:
Տնտեսագետ Աղասի Թավադյանը դժվարանում է մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված կազմակերպությունների թվի կրկնակի աճը: Հատկապես այն դեպքում, որ 2020-ից հետո գրանցվել է մշակվող ադամանդի ծավալների անկում ու ոլորտում աշխատողների թվի նվազում։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում ադամանդի մշակման ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում «Վի-Դի-Էյ Դայմոնդս», «Էյ-Դի-Էմ Դայմոնդս», «Արևակն», «Շողակն» և «Դայմոթեք» ընկերություները:
2019-2023 թվականներին արտահանում իրականացնող կազմակերպությունների թիվն աճել է 40%-ով՝ 21-ից դառնալով 35, իսկ ներմուծման բաղադրիչում աճը կազմել է 11,3%՝ 55-ից դառնալով 62:
ՊԵԿ-ից խնդրել էինք տրամադրել 3 խոշոր արտահանող-ներմուծողների ցանկը: Ըստ տրամադրած տվյալների՝ 2023թ.-ի խոշոր ներմուծողներն են «Վի-Դի-Էյ Դայմոնդս», «Էյ-Դի-Էմ Դայմոնդս», «Արևակն» ընկերությունները, արտահանման դեպքում ՝ «Վի-Դի-Էյ Դայմոնդս», «Էյ-Դի-Էմ Դայմոնդս» ու «ԴԻՄԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ»-ը:
Պետության ռազմավարությունը ադամանդագործության ոլորտում
2021 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, որտեղ զարգացման գերակա 5 ուղղությունների ցանկում նշվել է նաև ադամանդագործությունն ու ոսկերչությունը:
Ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև ալմաստի հումք արդյունահանող ընկերություններից միասնական (մեկ լոտով) գնումներ կատարելու և ՀՀ տարածքում գործող ադամանդագործական ընկերություններին փոխանցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերին կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությունը:
Հիմնադրման որոշման հիմնավորման մեջ հստակ նշված է, թե ինչ է ակնկալվում այս կազմակերպությունից․
- ռազմավարական ոլորտ հանդիսացող ադամանդագործության զարգացում,
- ադամանդագործական ընկերություններին արդյունավետ հումքով ապահովում,
- ոլորտի հետագա զարգացման նպատակով հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավում,
- աշխատանքի նոր ձևաչափերի ներդրում ռուսական «Ալռոսա» ընկերության հետ [հանդիսանում է Ռուսաստանում ալմասթի 95%-ի արդյունահանողը],
- ոլորտում ներդրողների ներգրավում,
- նոր ստեղծվող հայկական ընկերություններին աջակցություն։
Ըստ էության «Ալռոսա»-ն հանդիսացել է հայկական ընկերություններին հումք մատակարարող հիմնական ընկերությունը:
2024 թվականի տարեսկզբին, սակայն, սկսեցին գործել Եվրամիության պատժամիջոցները ալմաստի արդյունահանմամբ զբաղվող «Ալռոսա» ընկերությունների խմբի և դրա գլխավոր տնօրեն Պավել Մարինիչևի նկատմամբ:
Որքանո՞վ կազդեն հումքի գլխավոր մատակարարի նկատմամբ կիրառվող վերոնշյալ պատժամիջոցները հայաստանյան ադամանդագործության վրա: Այս հարցին էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Զաքարյանը ուղարկված պատասխան գրությամբ վստահեցնում է.
«Ներկայումս նախարարությունը վարում է բանակցություններ ալմաստի հումք արդյունահանող այլ երկրների ու ոլորտի խոշորագույն կազմակերպությունների հետ՝ դիվերսիֆիկացնելու համար հումքի մատակարարման ուղիները»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ադամանդագործությունը ՀՀ-ում