ՀՀ-ում մեկնարկել է առողջության ապահովագրության գործնական փուլը
Առողջության ապահովագրությունը ՀՀ-ում
Հայաստանում փուլ առ փուլ ներդրվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգ։ Քաղաքացիները սկզբում դրան կմիանան կամավոր հիմունքներով։ Ծրագիրը ողջ բնակչության համար պարտադիր կդառնա միայն 2027 թ․-ից։
Առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանի խոսքով՝ համակարգի ամբողջական ներդրումից հետո գործադիրն ամբողջությամբ սուբսիդավորելու է
- մինչև 18 տարեկան երեխաների,
- 63 ու դրանից բարձր տարիքի,
- հաշմանդամություն ունեցող անձանց ապահովագրավճարները։
Նրա բնորոշմամբ՝ առողջապահական ծախսերի մեծության տեսանկյունից բնակչության այս խմբերն ամենախոցելին են ցանկացած հասարակությունում։
«Կառավարությունը պատրաստակամ է նաև մասնակի սուբսիդավորել ամսական մինչև նվազագույն աշխատավարձի քառապատիկը եկամուտ ունեցող անձանց, գյուղացիական տնտեսությունում զբաղվածների, վերջիններիս փոխկապակցված անձանց ապահովագրավճարները»,- հայտնել է նա։
2024 թվականին համակարգում ընդգրկվելու են մինչև 18 տարեկան երեխաները, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1,3 միլիոն մարդ։
Հաջորդ տարի կապահովագրվեն 63 և բարձր տարիքի անձինք և պետական հատվածի վարձու աշխատողները։ Նախատեսվում է, որ 2026 թ․-ին կապահովագրվեն բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք, գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, իսկ 2027 թվականից վերջիններս կարող են ապահովագրել նաև իրենց ընտանիքի անդամներին, որոնք ներառված չեն եղել նշված խմբերից որևէ մեկում։
Ի՞նչ է ենթադրում առողջության ապահովագրությունը
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանի առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանն ասել է, որ դա մի մոդել է, որը հնարավորություն կտա կատարել ամսական փոքր վճարներ և առողջական խնդիրների առաջացման դեպքում չմտածել անհրաժեշտ բժշկական ծառայությունների դիմաց վճարելու մասին։
Նրա փոխանցմամբ՝ ՀՀ-ում նման համակարգի բացակայությունը բերել է զգալի թվով մարդկանց ֆինանսական պաշտպանվածության բացակայության։
«Ըստ տնային տնտեսությունների հետազոտության տվյալների՝ մեծ թվով մարդիկ՝ հարցվածների շուրջ 12,5 տոկոսը, չի դիմել բժշկի ֆինանսական պատճառներով, իսկ շուրջ 56 տոկոսն էլ ուղղակի զբաղվում է ինքնաբուժմամբ, որը մեր գնահատմամբ՝ մեծամասամբ ֆինանսական խնդիրներով է պայմանավորված»։
Կարծում է՝ բուժման ծախսերի հետ կապված մտահոգությունները գումարվում են բժշկի դիմելու վախին, և դա հանգեցնում է ուշացած, բարդացած, անհետաձգելի վիճակում բժշկական հաստատություններ դիմելու դեպքերի թվի աճի։
Խարազյանի փոխանցմամբ՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը զուգահեռ իրականացվում են նաև այլ բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալու ի վերջո կայացնել «արդյունավետ և որակյալ» առողջապահական համակարգ։ Մասնավորապես՝ մատնանշում է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը, ենթակառուցվածքների՝ շենքերի և շինությունների, սարքերի և սարքավորումների արդիականացումը, բուժանձնակազմի շարունակական կրթությունն ու բուժօգնության որակի բարելավումը։
Կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ
ԱՆ ներկայացուցչի տեղեկացմամբ՝ 2023 թվականը նախապատրաստական փուլն էր, երբ սկսվեցին օրենսդրական բազայի, ապահովագրական փաթեթի մշակման, փաթեթում ներառվող ծառայությունների գների հաշվարկները, բժշկական կազմակերպությունների ռեսուրսների գնահատումը։
Նախարարի խորհրդական Սամվել Խարազյանն ասում է՝ այս տարի մեկնարկել է համակարգի ներդրման գործնական փուլը, օրենքի ու ենթաօրենսդրական փաթեթների ընդունումից հետո 2024 թ․-ի երկրորդ կեսին նախատեսվում է ունենալ առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ։ Այս կառույցն իրականացնելու է բնակչության այն խմբերի ապահովագրությունը, որոնց վճարներն ամբողջությամբ սուբսիդավորելու է պետությունը։
Մեկ միասնական փաթեթ՝ ցանկացած քաղաքացու համար
Ըստ այդմ՝ գործելու է միևնույն տարեկան կամ ամսական դրույքաչափը։ Կախված ապահովագրված անձի կարգավիճակից կամ համակարգում ներառման հիմքերից՝ պետբյուջեից կսուբսիդավորվի քաղաքացու ապահովագրական վճարը՝ 100 տոկոսի, 60 տոկոսի, 50 տոկոսի, 40 տոկոսի կամ 20 տոկոսի չափով։
Խարազյանի դիտարկմամբ՝ պետք է հաշվի առնել, որ ապահովագրավճարի ծախսերը ենթադրում են ամսական համեմատաբար փոքր վճարումներ, ուստի դրանք անհամադրելի են լինելու առողջապահական այն ծախսերի հետ, որոնք քաղաքացին պետք է կատարեր միանգամից՝ հենց ծառայությունը ստանալիս։
«Նախատեսվում է, որ հարկային գործակալ հանդիսացող գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն ապահովագրավճարը կհաշվառվի և կփոխանցվի գործատուների կողմից, ինքնազբաղված անձինք դա կիրականացնեն ինքնուրույն, իսկ պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող անձանց համար յուրաքանչյուր ամիս հատկացում կկատարվի պետբյուջեից»,- պարզաբանել է նա։
Առողջապահական փաթեթի շրջանակներում ներառվել են կանխարգելիչ հետազոտություններ, խորացված ախտորոշիչ ծառայություններ, հիվանդության բուժման ծառայություններ, ինչպես նաև դրանց քրոնիկ բնույթի դեպքում շարունակական հսկողություն, այդ թվում՝ դեղորայքի և մասնագիտական խորհրդատվության տրամադրում։
«Փաթեթում ներառվել են նաև սրտային վիրաբուժության, օնկոլոգիական բուժօգնության թանկարժեք ծառայություններ և դեղորայքային, ճառագայթային բուժում»,- հայտնել է նախարարի խորհրդականը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Առողջության ապահովագրությունը ՀՀ-ում