«Արևմուտքը մեծացնում է ճնշումը Բաքվի վրա»․ կարծիք Ֆրանսիայի Սենատի բանաձևի մասին
Ֆրանսիայի Սենատը՝ Բաքվին պատժելու մասին
Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձև։ Դրանում հատուկ շեշտվում է Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը, կոչ է հնչում անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը առաջարկում է Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Կոչ է անում եվրոպացի գործընկերների հետ որպես պատիժ քննարկել «ամենավճռական պատասխան միջոցները»։ Խոսքը գնում է Ադրբեջանի ղեկավարության ակտիվների կալանքի և Ադրբեջանից գազի և նավթի ներկրման էմբարգոյի մասին։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասում է՝ Ֆրանսիան իմպլեմենտացնում է հավաքական Արևմուտքի մոտեցումները, իսկ Արևմուտքը գործում է «քայլ առ քայլ Բաքվի վրա ճնշումը մեծացնելու տրամաբանությամբ»։ Միևնույն ժամանակ նկատում է՝ Ֆրանսիայի Սենատի կողմից բանաձևի ընդունումը չի ենթադրում, թե Ադրբեջանի նկատմամբ հենց այս պահին ինչ-որ գործողություն է ձեռնարկվելու։ Բանաձևը դիտարկում է որպես Ադրբեջանին կաոուցողական դաշտ վերադարձնելու փորձ։
Բանաձևի կարևոր դրույթները, Բաքվի արձագանքը, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Ապահովել հայ բնակչության՝ ԼՂ վերադառնալու իրավունքը»
Ֆրանսիայի Սենատը կարծում է՝ միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանից պահանջել այս ուղղությամբ ջանքեր գործադրել, այդ իրավունքի իրացման համար ապահովել նաև ԼՂ հայերի անվտանգությունն ու բարեկեցությունը։
Հունվարի 17-ին քննարկված և ընդունված բանաձևով խորհրդարանը դատապարտել է «2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական հարձակումը», որը հանգեցրեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչության վտարմանը։
Սենատը շեշտել է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, այդ իրավունքի հարգումը «Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է»։
Փաստաթղթը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների՝ այդ տարածքի ժողովրդի օրինական ներկայացուցիչների կամայական ձերբակալությունը։ Սենատը կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց։
Բաքվում պահվող «քաղաքացիական և զինվորական կալանավորներին» և մարտում զոհված հայ զինվորների մարմիններն անհապաղ վերադարձնելու համար որպես տարբերակ է դիտարկվում պատժամիջոցների կիրառման սպառնալիքը։
Զգուշացում Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումների մասին
Խորհրդարանականները Ֆրանսիայի կառավարությանը, ԵՄ-ին և միջազգային հանրությանը զգուշացնում են Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումների, Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի և Կովկասում խաղաղության դեմ նրանց հնարավոր դերակատարության մասին։
Բանաձևում նշվում է, որ Սենատը պաշտպանում է ՀՀ՝ իր անվտանգությունն ապահովելու համար ռազմական միջոցներ ունենալու իրավունքն ու ողջունում Ֆրանսիայի կառավարության որոշումը Հայաստան ռազմական տեխնիկա մատակարարելու մասին։
Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում՝
- ընդունել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ ագրեսիվ գործողությունների բոլոր դիվանագիտական հետևանքները,
- եվրոպացի գործընկերների հետ քննարկել Ադրբեջանի հետ Եվրոպական միության հարաբերությունների ամբողջական վերանայման հարցը, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության ակտիվների կալանքը և Ադրբեջանից գազի և նավթի ներկրման էմբարգոն,
- գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Ադրբեջանն անհապաղ և խաղաղ ճանապարհով ներգրավվի դիվանագիտական խողովակներով բանակցային գործընթացում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։
Բաքվի արձագանքը
Ի պատասխան Ֆրանսիայի Սենատի բանաձևի՝ Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ երկրի կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ։
Պատգամավորները պահանջել են նաև՝
- Ադրբեջանում հայտնաբերելու պարագայում սառեցնել ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ակտիվ,
- դադարեցնել Ֆրանսիայի հետ ունեցած բոլոր տնտեսական կապերը,
- Ադրբեջանից վտարել բոլոր ֆրանսիական ընկերություններին, այդ թվում՝ Total նավթագազային ընկերությանը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ամեն բանաձևից կամ հայտարարությունից հետո գործնական քայլերի սպասել պետք չէ։ Նախօրեին ընդունված բանաձևով, ըստ նրա, փորձ է արվում Ադրբեջանին վերադարձնել կառուցողական դաշտ․
«Եթե Բաքուն սկսի բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովել, որոշ հարցերում փոխզիջումային տրամաբանությամբ հայտարարություններ անել, արևմտյան հարթակներում հանդիպումների մասնակցել, այս գործընթացը որոշակիորեն կկասեցվի և նույնիսկ հնարավոր է՝ հակառակ միտումը նկատենք»։
JAMnews-ի հետ զրույցում Ղևոնդյանը նշել է, որ Ֆրանսիայի գործողությունները բխում են ոչ միայն Փարիզի, այլև հավաքական Արևմուտքի շահերից, ուստի նա «ինքնուրույն և միայնակ» չի գործում։
Քաղաքագետը չի բացառում, որ մոտ ժամանակներս նման «ճնշման գործիքներ» կիրառեն նաև ԵՄ այլ երկրներ, ԱՄՆ-ն։
Ինչ վերաբերում է բանաձևի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիության վերաբերյալ շեշտադրումներին, նկատում է՝ նպատակը ինչպես Ադրբեջանի կողմից հնարավոր ոտնձգությունները կանխելն է, այնպես էլ աշխարհին ցույց տալը, որ «ուշադրությունը պետք է կենտրոնացնել տարածաշրջանի խնդիրների վրա»։
Շեշտում է՝ Ֆրանսիան տարածաշրջանում ունի իր շահերը, որոնք ներկայիս փուլում իրացնում է Հայաստանի միջոցով։ Շահեր ասելով՝ նկատի ունի ինչպես տարածաշրջանում ներկայացվածություն ապահովելը, աշխարհում նոր հավասարակշռության ձևավորման դեպքում ավելի լավ դիրքերում հայտնվելը, այնպես էլ տնտեսական, առաջին հերթին՝ ենթակառուցվածքային հարցերը։ Մասնավորապես՝ խոսքը Հյուսիս-Հարավ ճանապարհին, Հնդկաստան-Իրան-ՀՀ-Վրաստան-Եվրոպա ճանապարհին մասնակցություն ունենալու մասին է։
Անդրադառնալով Ադրբեջանի Միլի Մեջլիսի հայտարարությանը՝ նկատում է՝ այդ արձագանքը սպասելի էր։ Կարծում է՝ հարաբերությունների սրման պարագայում Ադրբեջանն ավելի շատ բան ունի կորցնելու, քան Ֆրանսիան։
Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ Հայաստանի և միջազգային հանրության հանդեպ Բաքվի կոշտ հռետորաբանությունը կարող է պայմանավորված լինել նաև Ադրբեջանում կայանալիք արտահերթ ընտրություններով, այն է՝ լրացուցիչ ձայներ հավաքելու անհրաժեշտությամբ։
«Շատ հնարավոր է, որ ընտրություններից հետո, երբ Ալիևը բավարար լեգիտիմությամբ վերընտրվի, մոտեցումը լինի բոլորովին այլ, օրինակ՝ Ադրբեջանը առանց որևէ խնդրի վերադառնա կառուցողական դաշտ, ինչը կփափկեցնի նաև Ադրբեջան-Ֆրանսիա փոխհարաբերությունները»,- ամփոփել է քաղաքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ֆրանսիայի Սենատը՝ Բաքվին պատժելու մասին