«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգման»․ Ալիև
Ալիևի հարցազրույցը տեղական հեռուստաալիքներին
«Ադրբեջանից Ադրբեջան ուղևորվող բեռները, քաղաքացիները և տրանսպորտային միջոցները պետք է անցնեն անարգել՝ չենթարկվելով որևէ ստուգման և մաքսային վարչարարության», — տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին հարցին։
- «Հետընթաց էլ կա, առաջընթաց էլ»․ ՀՀ ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասին
- «ՀՀ բարգավաճում կարող է լինել միայն Եվրոպայի հետ»․ Հունաստանի ԱԳ նախարար
- Հայաստան-Ռուսաստան առևտուրը․ օգուտն ու պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական հեռուստաալիքներին։
«Միջազգային իրավունքն աշխարհում չի գործում»
«Վերջին 10-15 տարիների ընթացքում ես իմ ելույթներում բազմիցս նշել եմ, որ միջազգային իրավունքն աշխարհում չի գործում։ Այդ մեխանիզմները կիրառվում են միայն թույլ երկրների համար։ Մեծ տերություններն անտեսում են միջազգային իրավունքը։ Ասես օրենքներն իրենց համար չեն գրվել, նրանք հաշվի չեն նստում միջազգային իրավունքի հետ։
Այս դեպքում այն երկրները, որոնք պահանջում են արդարություն և ունեն դա պահանջելու իրավունք, իրենք պետք է ապահովեն այդ արդարությունը։ Առաջնորդվելով հենց այդ սկզբունքով՝ մենք վերջին տարիներին ակտիվ աշխատել ենք և ինքներս ենք վերականգնել արդարությունը»,- հայտարարել է Ալիևը՝ խոսելով Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման մասին։
«Սակայն, ցավոք սրտի, միջազգային հանրության հիմնական դերակատարները չկիսեցին մեր կարծիքը։ Ընդհակառակը, փորձեցին մեղադրել մեզ, ճնշման տարբեր մեխանիզմներ կիրառել մեր դեմ»,- հավելել է նա։
«Միջանցքը կասկածի տակ չի դնում որևէ երկրի ինքնիշխանությունը»
Պատասխանելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հեռանկարի, մասնավորապես` հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին լրագրողների հարցին՝ Ալիևը նշել է, որ առանց Ադրբեջանի համաձայնության նման նախագծերի իրականացումն անհնար է.
«Դա անհնարին է։ Կարծում եմ՝ պարզապես PR ակցիա է: Ինչպես գիտեք, Հայաստանը չի կատարում նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթներից մեկը և փաստացի անտեսում է իր պարտավորությունները։ Այդ իսկ պատճառով նրանք նման առաջարկ են ներկայացրել՝ այդ փաստը կոծկելու և միաժամանակ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ջնջելու համար։
«Զանգեզուրի միջանցքը» նրանց շատ է նյարդայնացնում։ Իսկ ես ասում եմ, որ միջանցքը կասկածի տակ չի դնում որևէ երկրի ինքնիշխանությունը, ի վերջո, կա Հյուսիս-Հարավ միջանցք, որն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Սա չի նշանակում, որ այս դեպքում մեր ինքնիշխանությունը կասկածի տակ է դրվում։ Ի վերջո, կա Արևելք-Արևմուտք միջանցքը, բայց չգիտես ինչու Հայաստանում «միջանցք» բառը մի փոքր այլ վերաբերմունքի է արժանանում։ Ուստի սկզբում այն անվանեցին «Հայկական խաչմերուկ», իսկ հետո՝ «Խաղաղության խաչմերուկ»։ Բայց իրականում սա ոչ այլ ինչ է, քան PR արշավ։
Նրանք, առաջին հերթին, պետք է մեզ համար անարգել անցում ապահովեն Զանգիլանի և Օրդուբադի միջև ընկած տարածքում։ Դա նրանց պարտավորությունն է։ Ես արդեն ասել եմ և ուզում եմ նորից ասել, որ Ադրբեջանից Ադրբեջան ուղևորվող բեռները, քաղաքացիները և տրանսպորտային միջոցները պետք է անցնեն անարգել՝ չենթարկվելով որևէ ստուգման և մաքսային վարչարարության։ Ինչ վերաբերում է այլ երկրների բեռներին, օրինակ՝ Հայաստանի տարածքով Կենտրոնական Ասիայից Թուրքիա գնացող բեռներին կամ նույնիսկ Ադրբեջանից Թուրքիա տարվող որոշ բեռների, ապա, բնականաբար, բոլոր մաքսատուրքերը պետք է վճարվեն։ Այնպես որ, սա շատ արդար դիրքորոշում է»։
Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի առաջարկած երթուղին անիրագործելի է՝ տարվա որոշակի ժամանակահատվածներում այդ ճանապարհի ոչ պիտանի լինելու պատճառով, և երկրի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող միջանցքը պետք է անցնի Մեղրիով.
«Ադրբեջանից Ադրբեջան մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգումների։ Հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղի։ Եթե իմ նշած երթուղին չբացվի, ուրեմն մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը մեկ այլ վայրում։ Այսինքն՝ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»։
«Հեծանիվ հորինելու կարիք չկա»
Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը «պետք է բաղկացած լինի ոչ թե 5-10 հատորից, այլ առավելագույնը 5-10 էջից՝ հիմնարար սկզբունքներից։ Ընդ որում, ինչպես ասում են, հեծանիվ հորինելու կարիք չկա, պարզապես անհրաժեշտ է ներառել միջազգային իրավունքի սկզբունքները»։
«Սեպտեմբերի իրադարձություններից հետո [նկատի ունի Ղարաբաղում սեպտեմբերի 19-20-ին իրականացված ռազմական օպերացիան] բախվեցինք նոր իրողության հետ։ Հայաստանին տրված խոստումները, մասնավորապես, որ և՛ ՄԱԿ-ը, և՛ Եվրամիությունը պատժամիջոցներ են կիրառելու Ադրբեջանի դեմ, որ Ադրբեջանը մեծ ճնշման տակ է հայտնվելու, որ այդ գործողությունը «թանկ կնստի» Ադրբեջանի վրա, այս բոլոր հաղորդակցությունները Հայաստանում ստեղծել էին համոզմունք, թե իրենք կարող են խաղաղության պայմանագիրը կազմել այնպես, ինչպես ուզում են, և ինչ-որ մեկը կարող է ճնշել մեզ, որ համաձայնենք:
Հենց այդ պատճառով Հայաստանը 70 օր չարձագանքեց մեր առաջարկներին, 5-6 անգամ առաջարկներ ենք փոխանակել, մեկնաբանություններով տեքստեր ուղարկել։ Այն բանից հետո, երբ մենք պաշտոնապես հայտարարեցինք, որ սպասում ենք արդեն 70 օր, այսինքն՝ այն ժամանակ կարծես 60 օր էր, նրանք առաջարկ ներկայացրին, և ներկայումս նրանց առաջարկի, այսինքն՝ մեկնաբանությունների մեջ Ղարաբաղի և Ղարաբաղի հայերի հետ կապված ոչ մի բառ չկա։ Այսինքն՝ այդ թեման արդեն բացառված է, խաղաղության համաձայնագրի ստորագրման իրական պայմանները փաստացի ի հայտ եկան հենց սեպտեմբերյան գործողությունից հետո։
Ասեմ նաև, որ ի տարբերություն նրանց, մենք մեր մեկնաբանությունները ուղարկել ենք ոչ թե 70, այլ 30 օր հետո, որից երկու շաբաթ անց՝ հունվարի 4-ին նոր մեկնաբանություններ են ուղարկել։ Այսինքն՝ նորից հարց է առաջանում՝ եթե երկու շաբաթվա ընթացքում հնարավոր էր այս մեկնաբանությունները ներկայացնել, ապա նախորդ անգամ ինչի՞ն էիք սպասում 70 օր։ Այսինքն՝ իմ վարկածն ամբողջությամբ հաստատվում է»։
Ադրբեջանի նախագահը նաև հավելել է, որ իր երկիրը խաղաղության պայմանագրի երաշխավորների կարիք չունի.
«Հայաստանն ուզում է, որ խաղաղության պայմանագիրը երաշխավորներ ունենա։ Մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ չէ: Դա կլինի երկու ինքնիշխան պետությունների կողմից ստորագրված խաղաղության պայմանագիր։ Այնտեղ մեզ երաշխավորներ պետք չեն, և եթե այն պետք է ստորագրվի երկկողմ ձևաչափով, ապա կստորագրվի։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք դեմ չենք: Այնուամենայնիվ, այդ օգնությունը չպետք է լինի պարտադրված:
Այսօր ոմանք մրցում են՝ բանակցել այս երկրում, մեկ այլ երկրում, թե երրորդ երկրում: Սա ինչ-որ առումով աշխարհաքաղաքական մրցակցություն է հիշեցնում: Ես դա չէի ցանկանա։ Ընդհանրապես ես չէի ցանկանա, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները վերածվեն աշխարհաքաղաքական խնդրի։ Սա խնդիր է մեր երկու երկրների միջև, և մենք ինքներս պետք է լուծենք այն։ Եթե համաձայնության գանք, խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Եթե ոչ, նշանակում է՝ բանակցությունները կա՛մ կշարունակվեն, կա՛մ կդադարեցվեն։ Երկու տարբերակն էլ հնարավոր է»։