ՀՀ-ն չի արտահանձնել ուկրաինական պատերազմից փախուստի դիմած ռուս զորակոչիկին
ՀՀ-ն չի արտահանձնել ռուս զորակոչիկին
«Դմիտրի Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել»։ Այս մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը՝ հերքելով Սետրակովի արտահանձնման մասին լուրերը։
Հնարավոր է, որ ռուս-ուկրաինական պատերազմից փախուստի դիմած և Հայաստանում ապաստանած ռուսաստանցի զորակոչիկ Դմիտրի Սետրակովը Դոնի Ռոստովի ռազմական ոստիկանությունում լինի։ Տեղեկությունը հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։
Ռուսաստանում Սետրակովին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում առանց թույլտվության ծառայության վայրը լքելու համար։ Թե ինչպես է Սետրակովը հայտնվել ՌԴ-ում՝ պարզ չէ։ Գյումրիում նրան ձերբակալել էին ռուսական ռազմաբազայի ոստիկանության աշխատակիցները, նա պահվում էր ռազմաբազայում։
Հայ իրավապաշտպաններն ահազանգում էին՝ ռուսական ռազմական ոստիկանները Հայաստանի տարածքում որևէ, այդ թվում՝ ՌԴ քաղաքացու ձերբակալելու իրավունք չունեն, նրանց գործողություններն անօրինական են։
1997 թ․-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեությունը, սահմանում է, որ ռազմաբազան կարող է ձերբակալել միմիայն իր զինծառայողներին, իսկ Սետրակովը ռազմաբազայի ծառայող չէ։
Հայ իրավապաշտպանների փոխանցմամբ՝ ռազմաբազայում ռազմական ոստիկաններ են տեղակայվել հինգ տարի առաջ։ Այդ ժամանակ ռուսական կողմը հավաստիացրել է, որ նրանց գործառույթը լինելու է միայն բազայի տարածքում զինվորականների ներքին կարգապահությանը հետևելը։
Իրավապահ մարմինները քննում են ՌԴ ռազմական ոստիկանության գործողություների օրինականությունը
Ֆեյսբուքյան գրառմամբ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ ՌԴ իրավասու մարմինների կողմից Դմիտրի Սետրակովին հետախուզման, ինչպես նաև Հայաստանի տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն դատախազությունում առկա չէ:
«Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը»,- գրել է նա։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գլխավոր դատախազին էր դիմել, որպեսզի «ձեռք առնվեն բոլոր միջոցները ՌԴ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի տարածքում կատարված ապօրինի գործողությունների հիմքով, նաև ջանքեր գործադրվեն, որպեսզի արգելվի կամ կանխվի Դմիտրի Սետրակովի հնարավոր տեղափոխումը ՀՀ տարածքից Ռուսաստանի Դաշնություն»:
Գլխավոր դատախազությունն ընթացք էր տվել դիմումին, սակայն քրեական գործ չի հարուցվել, իսկ Սետրակովն արդեն Հայաստանի տարածքում չէ։
Դեպքի մասին հայ իրավապաշտպանն էր ահազանգել
Դեռևս դեկտեմբերի 9-ին Արթուր Սաքունցն ահազանգել էր այն մասին, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողները ձերբակալել են քաղաքում ապաստանած ՌԴ քաղաքացի Դմիտրի Սետրակովին։ Այդ մասին Սաքունցին հայտնել էր ՌԴ-ում գործող իրավապաշտպան կառույցներից մեկը, որին դիմել էր Սետրակովի կինը։
Սաքունցը հայտնել էր, որ Սետրակովը պայմանագրային զինծառայող է եղել, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո հրաժարվել է ծառայությունից ու տեղափոխվել Հայաստան։
Իրավապաշտպանն անձամբ էր զանգահարել ռազմաբազա, հաստատել էին, որ տղամարդը ձերբակալված է, տեղեկացրել էին նաև, որ բազայի տարածքում գտնվող քննչական բաժինը պետք է քննություն կանցկացնի, մեղավոր ճանաչվելու դեպքում Սետրակովն իր պատիժը կրելու է Ռուսաստանի Դաշնությունում։
Սաքունցի ղեկավարած կառույցը նաև ՄԻԵԴ էր դիմել, հայտնել Սետրակովի ապօրինի ազատազրկման մասին, բացի այդ՝ դատարանից խնդրել հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Հայաստանին չարտահանձնել Սետրակովին Ռուսաստան։
«Պուտինի հրամանը գործում է ՀՀ տարածքում»
Հայաստանի տարածքում այլ պետության իրավապահ մարմինների նման գործելաոճը իրավապաշտպան Արթուր Սաքունցը որակում է որպես «ոտնձգություն Հայաստանի իրավական համակարգի և Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության դեմ»։
«Ազատության» հետ զրույցում նա պատմել է, որ ռազմաբազայից հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ են Սետրակովին ձերբակալել։ Ի պատասխան ասել են՝ «ՌԴ նախագահ Պուտինի հրամանն է»։
«Ստացվում է՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանը գործում է ՀՀ տարածքում։ Չի կարող մեկ այլ երկրի նախագահի հրամանը տարածվել մեկ այլ սուվերեն պետության վրա»,- ընդգծում է Սաքունցն ու հավելում, որ այս պարագայում վտանգված է նաև Հայաստանում ապաստանած հազարավոր այլ ՌԴ քաղաքացիների անվտանգությունը։
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ սա լուրջ մարտահրավեր է հենց Հայաստանի իշխանությունների համար, քանի որ Եվրոպայի խորհրդի հանդեպ ստանձնած պարտավորություններ ունեն, այդ թվում՝ պաշտպանելու երկրի տարածքում գտնվող ցանկացած անձի իրավունքները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ն չի արտահանձնել ռուս զորակոչիկին