Վերջին մեկ ամսվա մեջ Ադրբեջանում ձերբակալվել է ութերորդ լրագրողը
Լրագրողների հետապնդում Ադրբեջանում
Ադրբեջանում ձերբակալվել է հերթական լրագրողը՝ Հաֆիզ Բաբալին։ Նախնական տեղեկություններով՝ նա ձերբակալվել է Abzas Media-ի գործով։ Նա ութերորդ ԶԼՄ ներկայացուցիչն է, որը ձերբակալվել է վերջին՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում։ Մեկ օր առաջ էլ ձերբակալվել էր լրագրող Թեյմուր Քերիմովը՝ սպառնալիքների միջոցով շորթում իրականացնելու մեղադրանքով։
- Հայաստանը՝ ԵՄ պոտենցիալ դաշնակից․ ո՞ր դեպքում է հնարավոր
- Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակվել․ ո՞րն է պատճառը
- 5 կանայք վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Ձերբակալվել է Abzas Media-ի գործով հինգերորդ անձը
Դեկտեմբերի 13-ին ոստիկանությունը բերման է ենթարկել «Թուրան» լրատվական գործակալության տնտեսական բաժնի ղեկավար, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալիին։
Բաբալիի ընտանիքը հայտնել է, որ նույն օրը ոստիկանության Բաքվի քաղաքային վարչության քննիչը և ոստիկանության ութ աշխատակիցներ խուզարկել են նրա բնակարանը։
«Ոստիկանները Հաֆիզին կանգնեցրել էին աշխատանքի գնալիս և ձեռնաշղթաներ հագցրել: Հետո երկու ժամից ավելի խուզարկեցին մեր տունը։ Ամենուր փնտրեցին։ Անգամ մանկական գրքերը ստուգեցին։ Հաֆիզի ձեռքից վերցրել էին համակարգիչը, հեռախոսը և նրա գործունեությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր»,- «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է լրագրողի ազգականը։
Ձերբակալության և խուզարկության ժամանակ նա եղել է առանց փաստաբանի։
Թե կոնկրետ ինչում է նա մեղադրվում, հայտնի չէ։ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից Հաֆիզ Բաբալիի ձերբակալության մասին տեղեկություն ստանալ դեռևս չի հաջողվել։
Մի քանի օր առաջ Հաֆիզ Բաբալին հարցաքննվել է ոստիկանության Բաքվի քաղաքային վարչությունում՝ Abzas Media առցանց պարբերականի գործունեության հետ կապված։ Սառեցվել են նաև նրա բոլոր բանկային հաշիվները, նույնիսկ հաշմանդամության կենսաթոշակի հաշիվը։
Բաբալին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող կոռուպցիայի դեպքերի բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ է։ Իր հետազոտությունների համար նա արժանացել է միջազգային մրցանակների։
Ոստիկանությունում իր հարցաքննությունից հետո Հաֆիզ Բաբալին սոցիալական ցանցերում գրել է.
«Այդ հետաքննությունները պատրաստելիս, ելնելով ժանրի առանձնահատկություններից, ես հաճախ ստիպված էի աշխատել հարյուրավոր աղբյուրների ու փաստաթղթերի հետ՝ որպես պրոֆեսիոնալ հետազոտող։ Ես բոլոր դետալներով ներկայացրեցի ընթերցողներին այն, ինչ «չի տեսնում» դատախազությունը։ Բայց նրանք, ովքեր նայում են հայելու մեջ, կարծես ելքը տեսնում են այն կոտրելու մեջ։
Եթե այլ երկրում ապրեի, պետական մակարդակով երախտագիտություն կլսեի այդ հոդվածների համար։ Ապօրինի հարստացածների դեմ քրեական գործեր կհարուցվեին։ Բայց իմ ճակատագիրը Ադրբեջանում, ինչպես տեսնում եք, ճիշտ հակառակն է․ իշխանությունը հետապնդում է իրեն քննադատողներին»։
Հիշեցնենք, որ Abzas Media-ի գործով արդեն իսկ ձերբակալվել է 4 լրագրող՝ պարբերականի տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մուհամեդ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆկիզին, թղթակից Նարգիզ Աբսալամովան։
YouTube-ի ալիքի ղեկավարը մեղադրվում է շորթման մեջ
Դեկտեմբերի 12-ին Բաքվի Նարիմանովսկի շրջանային դատարանը «Kanal-11» յութուբյան ալիքի ղեկավար Թեյմուր Քերիմովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։
Փաստաբան Նեմաթ Քերիմլին տեղեկացրել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 182.2.2 (շորթում սպառնալիքներով, բազմիցս իրականացված) և 182.2.4 (շորթում զգալի չափով գույքը զավթելու նպատակով) հոդվածներով։
Քերիմովը հերքում է մեղադրանքները և քրեական գործը կապում է իր մասնագիտական գործունեության հետ։ Փաստաբանի խոսքով՝ Քերիմովն ասել է, որ ոստիկանական բաժանմունքում իրեն ծեծի են ենթարկել։ Ծեծի հետ կապված պաշտպանական կողմը դիմելու է դատախազություն։
Լրագրողը բերման է ենթարկվել դեկտեմբերի 11-ի կեսօրին, միայն մեկ օր անց ՆԳՆ-ն հաստատեց, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Քերիմովի գործընկերները համոզված են, որ նա հետապնդվում է իր լրագրողական գործունեության, արդի սոցիալական խնդիրների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նյութեր պատրաստելու համար։ Վերջին յոթ տարիների ընթացքում նա բազմիցս ենթարկվել է կալանավորման և ֆիզիկական ճնշումների՝ կապված իր գործունեության հետ։
Amnesty International-ը մտահոգություն է հայտնել անկախ ԶԼՄ-ների դեմ իրականացվող ճնշումների առիթով
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում անկախ ԶԼՄ-ների նկատմամբ աճող ճնշումների կապակցությամբ։ Որպես այս միտման վերջին օրինակ կառույցը մատնանշել է Kanal-11 յութուբյան ալիքի ղեկավար Թեյմուր Քերիմովի ձերբակալությունը Բաքվում։
«Թեյմուր Քերիմովի ձերբակալությունը համապատասխանում է Ադրբեջանում լրագրողների և քննադատական հայացքներ ունեցող այլ անձանց հասցեին կեղծ մեղադրանքների անհանգստացնող միտումին: Մենք ականատես ենք անկախ լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշումների սրմանը, դրանք մեկնարկեցին նոյեմբերի վերջին Abzas Media-ի և Kanal-13-ի ղեկավարության ձերբակալություններով», — ասում է Հարավային Կովկասի հարցերով Amnesty International-ի հետազոտող Նատալյա Նոզաձեն:
Տեղի ունեցողը նա համեմատում է 2012-2015 թվականներին քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումների հետ։
«Այն, ինչ տեղի է ունենում, անհանգստացնող կերպով հիշեցնում է 2012-2015 թվականներին նկատված անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ճնշումները, որոնք ոչնչացրին Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը, հանգեցրին քննադատական լրատվամիջոցների և հասարակական միավորումների փակման, ինչպես նաև տասնյակ մարդկանց՝ իրավապաշտպանների և ակտիվիստների հետապնդումների և կամայական ձերբակալությունների»,- նշել է Նոզաձեն։