Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակվել․ ո՞րն է պատճառը
Արտահերթ ընտրություններ Ադրբեջանում
Իլհամ Ալիևը բոլորի համար անսպասելիորեն և առանց պատճառների պարզաբանման հրաման է ստորագրել 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին։ Ի՞նչն է ստիպել իշխանություններին ընտրությունները նշանակել նախատեսված ժամկետից 15 ամիս շուտ։ Այս որոշման հնարավոր պատճառները մեկնաբանում են քաղաքական գործիչներ Ազեր Գասիմլին և Նաթիկ Ջաֆարլին։
- Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների առաջին համատեղ հայտարարությունը
- «Առևտուր Վաշինգտոնի և Բաքվի միջև»․ կարծիք ՀՀ-Ադրբեջան հայտարարության մասին
- «Վտանգավոր աշխատանք է, բայց գործազրկությունից լավ է»․ հավաքարարներն Ադրբեջանի ավտոճանապարհներին
Քաղաքական կառավարման ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլի
Նախագահական ընտրությունները նախատեսված ժամկետից 15 ամիս շուտ նշանակելը առաջին հերթին նշանակում է, որ պետության ղեկավարն անհանգիստ է ինչպես իր, այնպես էլ հետագա գործընթացների համար։
Այս տարի տնտեսական աճը ամենացածրն է եղել ԱՊՀ բոլոր երկրների համեմատ։ Երկրում սոցիալական անդունդը գնալով խորանում է, արդյունքում սոցիալական լարվածությունն աճում է։ Ղարաբաղում տարած հաղթանակը չկարողացան վերածել զարգացման: Այդ հարցը միայն լեգիտիմության և հանրային աջակցության ժամանակավոր աճի պատճառ դարձավ։
Ալիևի ձեռքում չի մնացել ոչ մի արտաքին քաղաքական քարտ, որը կարող է օգտագործվել ներքին քաղաքականության մեջ։ Ղարաբաղի հարցը վերջին նման խաղաքարտն էր, և այն արդեն օգտագործվել է։ Գլխավորն այն է, որ 2025 թվականին ռուսական ռազմական զորախումբը չի լքի մեր երկրի տարածքը։ Իսկ դա էլ ավելի կնվազեցնի իշխանությունների լեգիտիմությունը։
Իսկ հիմնական գործոնը, որն ազդել է որոշման և այս ողջ գործընթացի վրա, ըստ իս, Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումն է։ Հատկանշական է, որ Բաքու է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, իսկ հաջորդ առավոտյան Իլհամ Ալիևը հապճեպ ստորագրում է հրամանը։ Ամենայն հավանականությամբ, Արևմուտքից հեռանալու միտումը կշարունակվի։ Որովհետեւ Ալիևի իշխանությունը ընտրություն կատարեց հօգուտ Ռուսաստանի։ Ընդ որում, «Ազերթաջ» գործակալության հրապարակած մամուլի հայտարարությունը Գեբելսի ոճով էր։ Այս համատեքստում ես չեմ բացառում բախումները Հայաստան-Ադրբեջան սահմանին։
Հաշվի առնելով վերջին ամիսների ռեպրեսիաները և այն, ինչ մատնանշեցի, երկրում լարվածությունը կաճի, իսկ դա նշանակում է նոր սպառնալիքներ իշխանությունների համար։
«Հանրապետական այլընտրանք» (ReAl) կուսակցության առաջնորդներից Նաթիկ Ջաֆարլի
Ինչու՞ հայտարարվեցին արտահերթ նախագահական ընտրություններ, հավանաբար շատերին է հետաքրքրում այս հարցի պատասխանը։ Ես կգրեմ իմ ենթադրությունները։
- Վերջին երեք տարիների իրադարձությունները, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերականգնումը մեծ ձեռքբերումներ են։ Ադրբեջանը հետխորհրդային տարածքում միակ երկիրն է, որը նման հաջողությունների է հասել։ Պատմական իրադարձություններ, որոնք ոսկե տառերով կգրվեն մեր պատմության մեջ, և, բնականաբար, Իլհամ Ալիևը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, այս հարցում բացառիկ դերակատարություն ունի։ Երկրի ղեկավարման 20-ամյա ժամանակահատվածում Ալիևը երբեք այսքան ժողովրդականություն չի ունեցել, նրա վարկանիշը երբեք այսքան բարձր չի եղել. ըստ քաղաքականության տեսության՝ իրենց ժողովրդականության գագաթնակետին քաղաքական գործիչները գնում են ընտրությունների «վստահությունը թարմացնելու» համար։ Այս իմաստով որոշումը տրամաբանական է։
- Մյուս պատճառն այն է, որ երկրի տնտեսական պատկերն արագորեն վատանում է։ Այս տարի Ադրբեջանում ՀՆԱ-ի աճը կազմել է ընդամենը 0,5%, ինչը փաստացի նշանակում է ռեցեսիա։ Ներկայիս թիմի և գոյություն ունեցող կառավարման համակարգի պայմաններում տնտեսական պատկերը կշարունակի վատթարանալ, և դա ավելի բացահայտ կերևա հաջորդ տարեվերջին: Ուստի Ալիևն ուզում է երկարաձգել իր իշխանությունը 7 տարով՝ չսպասելով էլ ավելի վատ տնտեսական պատկերի։
- Հաջորդ տարվա մարտին Ռուսաստանում, նոյեմբերին՝ ԱՄՆ-ում, և ամբողջ տարվա ընթացքում եվրոպական որոշ կարևոր երկրներում ընտրություններ կանցկացվեն։ Նախընտրական շրջանը միշտ նշանակում է անորոշության գործոն, ուստի Ալիևը, ընտրություններ նշանակելով այս բոլոր իրադարձությունների նախօրեին, իրեն և երկիրն ապահովագրում է այլ երկրներում հնարավոր իրադարձություններից։
- 2025 թվականը մեր երկրում ռուս «խաղաղապահների» համար պաշտոնապես վերջին տարին է։ Ընտրություններն այն ժամանակ, երբ որոշվում է նրանց երկրում թողնել-չթողնելու հարցը, կարող է ուղեկցվել խնդիրներով։ Այդ իսկ պատճառով արտահերթ ընտրությունների անցկացմամբ կարելի է հանգիստ մթնոլորտում քննարկել նրանց երկրի տարածքից հեռացնելու հարցը։
- Դրական ակնկալիքն այն է, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո նրանք կարող են հայտարարել հանրաքվե, որում սահմանադրորեն կլուծվեն համակարգային, հիմնարար խնդիրները, որոնց մասին երկար տարիներ խոսում ենք։ Հանրաքվեից առաջ, թերևս, պետք էր առաջիկա 7 տարիների ապահովագրություն ստանալ, ինչն էլ անում է Ալիևը։
Բայց ամեն դեպքում, արտահերթ ընտրություններ հայտարարելով, մրցակիցներին, ընտրական ներուժ ու մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցություններին, քաղաքական գործիչներին փաստի առաջ կանգնեցնելը սխալ է, շատ վատ «ավանդույթ» է, որը խանգարում է երկրի քաղաքական ինստիտուցիոնալացմանը։
Չնայած այս ամենին, քաղաքական կուսակցությունները տարբեր ձևերով ստիպված են մասնակցել ընտրական գործընթացին, մի կողմ քաշվելն ու ընտրությունները բոյկոտելը անիմաստ ու վնասակար քայլ է. պատմությունը բազմիցս ապացուցել է դա։ Ընտրություններին մասնակցելու տարբեր ձևեր կան, փորձառու և գիտակից քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարող են գտնել մասնակցության ամենաօպտիմալ բանաձևերը։ Մենք աշխատում ենք այդ բանաձևերի վրա, և վստահ եմ, որ կընտրենք ամենաճիշտը։ Քաղաքական կուսակցությունները նախ պետք է սովորեն ճիշտ քայլեր ընտրել, որպեսզի ի վերջո հաղթեն ընտրություններում, սա նույնպես փորձ է, կարևոր պայման։