Ադրբեջանում ձերբակալվել է ևս մեկ անկախ ԶԼՄ-ի ղեկավար
Քաղաքական ձերբակալություններ Ադրբեջանում
Ադրբեջանում ձերբակալվել է ևս մեկ անկախ պարբերականի՝ Kanal 13 ինտերնետային ալիքի ղեկավարը: Իրավապահները խուզարկել են կալանավորված տնօրեն Ազիզ Օրուջևի տունը և ալիքի գրասենյակը։ Թե կոնկրետ ինչում է մեղադրվում լրագրողը, դեռ պարզ չէ։ Սակայն նրա կալանավորումը տեղի է ունեցել եվրոպական և ամերիկյան կազմակերպությունների կողմից ապօրինի ճանապարհով երկիր բերված դրամաշնորհների մասին հրապարակումների, ինչպես նաև «Abzas Media» առցանց պարբերականի ղեկավարության ձերբակալության ֆոնին:
- Արձագանք ՀԱՊԿ նիստը բոյկոտելո՞ւն․հայկական բեռնատարները մնացել են Լարսի անցակետում
- Վրաստանի ամբողջականությանն աջակցելու մասին Փաշինյանի խոսքերը վրդովմունք են առաջացրել Աբխազիայում
- Հայաստանում սկսել են ավելի շատ երեխաներ ծնվել. իրավիճակի գնահատում
Նոյեմբերի 27-ի երեկոյան ոստիկանությունը խուզարկել է Kanal 13 յութուբյան ալիքի գործադիր տնօրեն Ազիզ Օրուջևի բնակարանը։ Ինչպես հայտնել է նրա կինը՝ Լամիա Օրուջևան, խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշմամբ և փաստաբան Բահրուզ Բայրամովի ներկայությամբ։
«Այս պահին մեր տանը ոստիկանության ութ աշխատակից կա: Միայն մեկն է բաց դեմքով, մնացածը դիմակներով են։ Չեն խոսում խուզարկության պատճառների և այն մասին, թե ինչ են փնտրում։ Հետո նրանք տարան Ազիզին: Նույնիսկ չասացին, թե կոնկրետ ուր են տանում նրան»,- ասել է Օրուջևան։
Փաստաբան Բահրուզ Բայրամովը հայտնել է, որ խուզարկությունն իրականացվում է դատարանի որոշմամբ։
«Ազիզ Օրուջևը մի քանի տարի առաջ հողատարածք է գնել Բաքվում` «20-րդ թաղամաս» կոչվող տարածքում և, իբր, ապօրինի տուն է կառուցել այնտեղ։ Այսպես են հիմնավորել խուզարկության պատճառը։ Բայց տան խուզարկությունից հետո խուզարկություն է կատարվել նաև նրա գրասենյակում»,-նշել է փաստաբանը։
Kanal 13-ի տնօրեն Ազիզ Օրուջևը նախկինում քրեական հետապնդման է ենթարկվել տնտեսական հանցագործությունների մեղադրանքով։
2017 թվականին նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Սակայն 2018 թվականին պատիժը մեղմացվել է, և նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Վերջին տարիներին լրատվամիջոցը գործում էր յութուբյան ալիքի ձևաչափով։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ձերբակալվել էին Abzas Media անկախ առցանց պարբերականի տնօրենը, տեղակալի օգնականը և գլխավոր խմբագիրը։ Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Դատարանի որոշմամբ երեքի նկատմամբ էլ կիրառվել է չորս ամսվա նախնական կալանք։
Նոյեմբերի 27-ին Բաքվի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆկիզիի և ռեժիսոր Ուլվի Հասանլիի կալանավորման որոշումները։ Պետության կողմից տնօրենի օգնական Մուհամեդ Կեկալովին հատկացված փաստաբանը չէր բողոքարկել իր պաշտպանյալի կալանքի վերաբերյալ որոշումը:
Լրագրողների հետ զրույցում ձերբակալված Սևինջ Վագիֆկիզիի մայրը՝ Օֆելյա Մահարրամովան հայտարարել է, որ իր դուստրը մեղավոր չէ և ձերբակալվել է շինծու մեղադրանքով։
«Մեղադրող կողմը պնդում է, որ խմբագրությունում խոշոր գումար է հայտնաբերվել։ Բայց ինչո՞ւ թղթադրամների վրա առկա մատնահետքերը չեն ստուգել։ Որովհետև դրանց վրա Սևինջի մատնահետքերը չկան»,- ասաց նա։
Մահարրամովայի խոսքով՝ Վագիֆկիզիին թույլ չեն տալիս հեռախոսային կապ հաստատել ընտանիքի հետ։
«Աղջիկս գիտեր, որ իրեն Բաքվում ձերբակալելու են, և մենք դա գիտեինք, ես զանգեցի աղջկաս` արտասահման և խնդրեցի չվերադառնալ։ Բայց Սևինջը խիզախ մարդ է, նա ասաց, որ լրագրողի իր գործը կանի, իսկ իշխանություններն էլ թող իրենց գործով զբաղվեն»,- պատմել է Մահարրամովան։
Ինչպես լրագրողներին հայտնել է փաստաբան Զիբեյդա Սադըգովան, Ուլվի Հասանլին նույնպես հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը, նրան նույնպես հեռախոսով շփվելու կամ ընտանիքի անդամների հետ հանդիպելու հնարավորություն չի տրվել։
Փաստաբանները մտադիր են այս հարցով առանձին բողոք ներկայացնել։
Վագիֆկիզին նաև բողոք է ներկայացրել Report գործակալության կողմից անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ, այն Վագիֆկիզիին և Հասանլիին ներկայացրել է որպես հանցագործություն կատարած անձինք, թեև հետաքննությունը նոր է մեկնարկել։ Փաստաբան Ֆարիզ Նամազլիի խոսքով՝ վերաքննիչ դատարանն այս բողոքը ևս չի բավարարել։