Պաղեստինա-իսրայելական հակամարտության ազդեցությունը. Բաքուն նոր պատերազմ կսկսի՞
Կսկսվի՞ ադրբեջանա-հայկական պատերազմ
Միաժամանակ ընթացող հակամարտությունները գնալով ավելի են բարդացնում և սրում իրավիճակը աշխարհում։ Նոր հակամարտությունները միջազգային հանրության ուշադրությունը շեղում են հներից։ Եվ բոլոր երկրներում հետևում են գործընթացների, որոնք առաջին հայացքից հեռու են իրենցից։ Արաբա-իսրայելական հակամարտությունը, որը կրկին բռնկվեց ուկրաինական, իսկ դա էլ՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ֆոնին, քաղաքագետները համարում են համաշխարհային գործընթացների շղթայի տարրեր։
Հայ վերլուծաբանների մեկնաբանություններն այն մասին, թե պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ինչպես կարող է ազդել հարավկովկասյան տարածաշրջանի վրա, և արդյոք Բաքուն կօգտվի այս իրավիճակից՝ ներխուժելով Հայաստանի տարածք։
- «Մերժելի առաջարկ է»․ կարծիք՝ Բաքվի հետ ուղիղ բանակցելու մասին
- Հայ-բրիտանական համագործակցության ակտիվացում․ ինչո՞վ է պայմանավորված
- «Օրակարգից հանել ՀՀ-ին օգնելու հարցը»․ Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին
Դավիթ Ստեփանյան, քաղաքագետ
Արևմտյան օրակարգ
«Ես չեմ տեսնում արաբա-իսրայելական հակամարտության հաջորդ փուլի՝ հայ-ադրբեջանական հակամարտության վրա ազդելու հատուկ հնարավորություններ։ Այդ մասին են վկայում Վաշինգտոնից, Բրյուսելից, այժմ նաև Լոնդոնից արված հայտարարությունները։ Հավաքական Արևմուտքի՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գլխավոր մոդերատորի օրակարգը արաբա-իսրայելական պատերազմի հետ կապված չի փոխվում։
Գազայի հատվածում տիրող իրավիճակը, առաջին հերթին, ազդում է Իրանի վրա՝ որպես այս հակամարտությունում անմիջականորեն ներգրավված երկրի։ Բայց ոչ այնքան, որ դա Թեհրանին ստիպի ամբողջությամբ շեղվել հայ-ադրբեջանական հակամարտությունից, որը վտանգ է ներկայացնում նաև իր համար։
Իսկ Իսրայելն Ադրբեջանին ակտիվորեն օգտագործում է որպես դիտորդական, հետախուզական, հեռանկարում, հնարավոր է՝ նաև որպես ռազմական պլացդարմ։ Այնպես որ, Իրանը չի կարող տեսադաշտից բաց թողնել հայ-ադրբեջանական հակամարտությունում իրավիճակի զարգացումները»։
Բոլոր հակամարտությունները կառավարելի են
«Բաքուն միշտ և ցանկացած պահի կարող է հարձակվել Հայաստանի վրա, սակայն Գազայի հատվածում տիրող իրավիճակն այն հակամարտություն չէ, որը կարող է միջազգային դերակատարներին ստիպել ուշադրություն չդարձնել դրան։
Համաշխարհային քաղաքականության մեջ տարածաշրջանային սահմանները վաղուց լղոզված են, և ԱՄՆ-ը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Մերձավոր Արևելքի մաս: Բայց հարցը ոչ թե աշխարհագրության, այլ այս հակամարտության էության մասին է։
Հակամարտությունը, որն այսօր ծավալվում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, մանրամասն մշակված է։ Այն հիմնված է Իսրայելի, ինչպես նաև նրան աջակցող ԱՄՆ-ի՝ հեռուն գնացող հաշվարկների վրա։ Դա ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է։
Համասը պաղեստինյան իսլամիստական շարժում և քաղաքական կուսակցություն է։ Վերահսկում է Գազայի հատվածը Պաղեստինում:
Այս հակամարտությունը կառավարելի է։ Իրանը, նույնիսկ Հըզբոլլահի մակարդակով, սահմանափակվում է դիվանագիտությամբ ու հայտարարություններով, իրականության մեջ ոչնչով չի խանգարում Իսրայելին աստիճանաբար և անշեղորեն ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։
Հըզբոլլահը լիբանանյան ռազմականացված կազմակերպություն և քաղաքական կուսակցություն է, որը հանդես է գալիս Իրանի օրինակով Լիբանանում իսլամական պետություն ստեղծելու օրակարգով:
Իրանում հասկանում են՝ ինչ վտանգներով է հղի պատերազմի ծավալումը Գազայի հատվածից դուրս՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հնարավոր միջամտությունը, որն արդեն իր ավիակիրներն ուղարկել է Միջերկրական ծով՝ դեպի Իսրայելի և Լիբանանի ափեր։
Ցանկացած հակամարտություն կառավարելի է, այդ թվում՝ մերը։ Օրերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը շատ հստակ ասաց, որ ուշադրությամբ վերահսկում են ադրբեջանական տեխնիկայի բոլոր ռազմական տեղաշարժերը սահմանին։
Ուստի այս փուլում Հայաստանի վրա հարձակվելը Ալիևի համար կլինի կրակոց սեփական ոտքին։ Ալիևը պարզապես կգնա Սադամ Հուսեյնի ճանապարհով։ Նա դա շատ լավ հասկանում է և փորձում է Հայաստանից իր պահանջները կառուցել այլ հնարավորությունների վրա, այլ ուղղություններով։ Մասնավորապես, Ալիևը սկսեց պահանջներ ներկայացնել Ֆրանսիային, Հայաստանին մեղադրել ռևանշիզմի մեջ և այլն»։
Արմեն Հովհաննիսյան, քաղաքական վերլուծաբան
Ազդեցության ճշգրտումներ տարածաշրջանում
«Ցանկացած հակամարտություն կարող է ճշգրտումներ մտցնել այլ տարածաշրջաններում։ Այսպես՝ շարունակվող ուկրաինական հակամարտությունը ազդել է իրավիճակի վրա ողջ աշխարհում, հատկապես հետխորհրդային տարածքում։
Օրինակ՝ Ուկրաինայում պատերազմի նախապատրաստությունը ներառում էր 44-օրյա պատերազմ Արցախում, որը Ռուսաստանն անվանում է «հաջողությամբ իրականացված գործողություն»։
Մոսկվան ցանկանում էր գործել նույն սցենարով Ուկրաինայում, սակայն այս, ինչպես իրենք են անվանում, «օպերացիայի» առաջին փուլը ձախողվեց, և նրանց ծրագրերում շատ բան փոխվեց:
Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դիրքերը մասամբ զիջեց Թուրքիային՝ պայմանով, որ Անկարան չեզոքություն պահպանի Ուկրաինայում։ Ինչը նա անում է: Թուրքիայի գործողություններն ավելի հեռուն չեն գնում, քան Ուկրաինա ներխուժելու համար Մոսկվային հազվադեպ դատապարտեը։
Բայց Ուկրաինայի պատերազմի առաջին փուլի ձախողումը, երբ ռուսական զորքերը ստիպված եղան նահանջել Կիևի մերձակայքից, կենտրոնական շրջանները թողնել և շարժվել դեպի հարավ և արևելք, արագացրեց Ռուսաստանի դուրսբերումը Հարավային Կովկասից: Սա, ինքնաբերաբար, մեծացրեց Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։ Թուրքիան, շարունակելով համագործակցությունը Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գազի վերաարտահանման, աստիճանաբար դուրս է մղում Ռուսաստանին Հարավային Կովկասից»։
Հայաստանն Արևմուտքի պաշտպանության տա՞կ է
«Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն աշխարհում փոխվել է։ Եթե 2020 թվականին Հայաստանն ընկալվում էր որպես Ռուսաստանի դաշնակից, նույնիսկ Մոսկվայից կախված արբանյակ, ոչ թե ինքնիշխան պետություն, ապա այսօր մեր աչքի առաջ փոխվում է Արևմուտքի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Այսօր Արևմուտքը Երևանին համարում է գործընկեր և հնարավոր դաշնակից ապագա փուլերում, և այդ մասին ուղիղ տեքստով ասվում է։
ԱՄՆ Սենատի կողմից «Հայաստանի պաշտպանության ակտ-2023 թ.»-ի ընդունումը շատ բան է ասում։ Եվրախորհրդարանը և Եվրահանձնաժողովը հանդես են եկել սատարող հայտարարություններով։ Ֆրանսիան, Հնդկաստանը և մի շարք այլ պետություններ սկսել են ռազմատեխնիկական համագործակցություն»։
Թշնամական պետության կարգավիճակում հայտնվելու ռիսկ
«Իսրայելը մի պետություն է, որի գոյության ընթացքում անհավանական գումարներ են ներդրվել։ Իսկ ԱՄՆ քաղաքական վերնախավի՝ որպես տարածաշրջանում գլխավոր խաղացողի դիրքորոշումը հայտնի է․ ԱՄՆ-ի մերձավոր դաշնակցի ոչնչացումը չի կարելի թույլ տալ։
Ինչ-որ պահի Արևմուտքն իր ուշադրությունը սևեռեց իսրայելական հակամարտության վրա, ինչը որոշակի շփոթմունք առաջացրեց նաև Ուկրաինայի քաղաքական ղեկավարության շրջանում: Բայց այսօր Բայդենի վարչակազմը փորձում է երկու հարցերի լուծմանն էլ մասնակցել։ Երկուսին էլ միաժամանակ տրամադրում է ռազմատեխնիկական և ֆինանսական աջակցություն։
Իսրայելական պատերազմի ընդլայնումը կարող է մեզ համար ռիսկեր պարունակել։ Բայց Միջերկրական ծովում ամերիկյան ավիակիրների և բալիստիկ հրթիռային սուզանավերի առկայության պայմաններում ես դրա հնարավորությունը չեմ տեսնում։
Սա բացարձակապես հստակ ազդանշան է տարածաշրջանի բոլոր խաղացողներին, որ երրորդ ուժերի մասնակցությունը չի թույլատրվելու և չպետք է լինի պատերազմի ընդլայնում։
Իհարկե, Բաքուն կարող էր օգտվել այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է այլ հակամարտությունների վրա և հարձակվել Հայաստանի վրա։ Քանի որ հարձակման որոշումն արդեն իսկ կայացված է, մենք խոսում ենք միայն ժամկետների ու մանրամասների մասին։
Սակայն ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ֆրանսիայի գործողությունները Ալիևին միանգամայն հստակ հասկացրին, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Ադրբեջանը կհայտնվի Արևմուտքին թշնամի պետության կարգավիճակում։
Չեմ կարծում, որ Ալիևի վարչակազմն այս փուլում պատրաստ է նման գին վճարել, դառնալ արևմտյան աշխարհի թշնամի երկիր, հավասարվել Ռուսաստանին, Հյուսիսային Կորեային և Բելառուսին։ Ալիևի շուրջ ձևավորված էլիտան պետք է վերլուծի ու գիտակցի իր գործողությունների հետևանքները»։
Հայաստանը պետք է ոտքի կանգնի
«Քանի դեռ գոյություն ունի Ալիևի ռեժիմը, և քանի դեռ նրա ողնաշարը չեն կոտրել, պատերազմի վտանգը միշտ կլինի։ Բայց Հայաստանը, որը ռազմաքաղաքական հավասարակշռության տեսանկյունից հետ է մնում Ադրբեջանից, պետք է վերականգնի իր ուժերը։
Այն պահից, երբ Ադրբեջանը հասկանա, որ Հայաստանի վրա հարձակումն իր համար անհավատալի թանկ կարժենա, կկարողանանք ասել, որ պատերազմի վտանգն աննշան է։ Այսօր այդ գինը նրանց անհավանական չի թվում։
ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի և Հնդկաստանի գործողությունները նպատակ ունեն ժամանակ շահել և վերականգնել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։
Մեզ ժամանակ է տրված, որպեսզի Արևմուտքի և այլ բարեկամ երկրների օգնությամբ վերականգնենք տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը։
Հենց ռազմաքաղաքական, քանի որ հարցերը որոշվում են ոչ միայն զենքի քանակով, այլև դաշինքներով, կապերով, դաշնագրերով, որոնց մասնակցում ես, միջազգային տնտեսական նախագծերին մասնակցելով և այլն։
Իսկ դրա համար մենք ընդամենը 2-3 տարի ունենք։ 2-3 տարի տնային աշխատանքը կատարելու համար: Որպեսզի ապագայում, եթե նույնիսկ աշխարհն անցնի այլ խնդիրների, մենք կարողանանք դիմակայել Ադրբեջանի ագրեսիային, քանի որ Հայաստանի վրա հարձակումը միշտ կլինի նրա ծրագրերում։ Այդպիսի երկիր է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կսկսվի՞ ադրբեջանա-հայկական պատերազմ