«Անվտանգային ոլորտում ԵՄ հետ գործակցության ակնկալիք ունենք»․ ՀՀ ԱԽ քարտուղար
Հայաստան-ԵՄ գործակցության ընդլայնում
Երևանը դիմել է Եվրամիությանը մի շարք ուղղություններով և նույնիսկ անվտանգության ոլորտում գործակցությունն ընդլայնելու համար։ Այս մասին Բրյուսելում կազմակերպված «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մանրամասներ, սակայն, չի հաղորդել։
«Հայաստանը դիտարկում է բոլոր գործիքները, որոնցով հնարավոր է երկրի անվտանգությունն ապահովել»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Գրիգորյանը։
Համաժողովի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ոչ միայն Հայաստան-ԵՄ համագործակցության, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Հայաստանի ժողովրդավարության մասին։
JAMnews-ը ներկայացնում է Արմեն Գրիգորյանի ելույթի կարևոր դրվագները՝ հակիրճ։
«Բացվել են նոր հնարավորություններ»
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ վերջին շրջանում ինտենսիվ երկխոսության կա Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ, այդ թվում՝ անվտանգության թեմայով, ինչը մինչ այս երբևէ չի եղել։ Օրինակ է բերել Ֆրանսիան և նշել, որ երկու երկրները «ռազմական ոլորտում շատ մեծ առաջընթաց են գրանցել»։
«Ակնկալիքներ ունենք, որ և՛ հավաքական Եվրոպայի, և՛ անհատական երկրների հետ կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը»,- շեշտել է նա։
Անվտանգային համագործակցություն ասելով նկատի չունի միայն ռազմական ոլորտը։ Կարծում է՝ տնտեսական համագործակցությունը նույնպես կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգային բաղադրիչ։
Գրիգորյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում վկայում է այն մասին, որ Հայաստանը «ցույց է տվել կամք՝ ԵՄ հետ համագործակցության առումով առաջ գնալու»։
Գործակցությանը նպաստող կարևոր իրադարձությունների շարքում թվարկել է նաև Գրանադայի քառակողմ հանդիպումը, ինչպես նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ։
Հայաստանում կա՞ եվրաինտեգրման գաղափար
Արմեն Գրիգորյանը հնչեցրել է այս հարցն ու պատասխանել, որ կա ինչպես եվրաինտեգրման, այնպես էլ «ոչ բլոկային» պետություն դառնալու գաղափար․
«Փորձում ենք հասկանալ՝ որոնք են այն գործիքները, որոնք կարող են Հայաստանի համար անվտանգություն, զարգացում ապահովել, տարածաշրջանի համար՝ խաղաղություն»։
«ՀՀ ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է»
Գրիգորյանի գնահատմամբ՝ ժողովրդավարությունը երկրի ներքին խնդիրները հասցեագրելու լավագույն գործիքն է։ Համոզված է այն կարող է ապահովել ինչպես ներքին կայունություն, այնպես էլ արտաքին անվտանգություն։ Ըստ նրա՝ ժողովրդավարությունը Հայաստանը Եվրոպայի հետ կապող ամենակարևոր գործիքներից է, բայց այն հաճախ է թիրախավորվում։
Շեշտում է՝ այդ թիրախավորումից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը լուրջ աջակցություն ստանա՝ իր տնտեսությունը, անվտանգության ոլորտում իր ռեսուրսները դիվերսիֆիկացնելու հարցերում։
«Պատրաստ ենք Ադրբեջանի հետ խաղաղության»
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության։ Շեշտել է՝ Երևանը պատրաստ է նաև բրյուսելյան ֆորմատով բանակցություններին։ Հույս է հայտնել, որ ապագայում դա հնարավոր կլինի կազմակերպել։
ԵՄ միջնորդությամբ հերթական հանդիպումը պլանավորված էր հոկտեմբերի վերջին, սակայն չկայացավ։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, թե պատճառը «ժամանակի սղությունն» է։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի խոսքով՝ հանդիպման հետաձգման պատճառն այն էր, որ իր մասնակցությունը չէր հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ի՞նչ ենք ուզում, որ լինի․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը հստակեցվի, հրապարակային հաստատվի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր՝ Հայաստանի Հանրապետությունը, և 86 հազար 600՝ Ադրբեջանի Հանրապետությունը, ապաշրջափակումը տեղի ունենա չորս սկզբունքների՝ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության հիման վրա»,- շեշտել է Արմեն Գրիգորյանը և հավելել, որ կարևոր հարց է նաև բոլոր գերիների վերադարձը։
Ամփոփել է՝ Հայաստանը պատրաստ է նշված օրակարգով գնալ Բրյուսել, շարունակել բանակցությունները, հասնել վերջնական կետի և կնքել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստան-ԵՄ գործակցության ընդլայնում