ԼՂ-ի հայերի վերաինտեգրում. «Ֆանտաստիկայի ժանրից է»
Ղարաբաղի հայերի վերաինտեգրում
Ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունների առաջարկները թերահավատություն առաջացնում
Մեկօրյա «հակահաբեկչական տեղային գործողությունները» (այսպես են Ադրբեջանում պաշտոնապես անվանում Ղարաբաղյան երրորդ պատերազմը) ավարտվեցին Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում հայերի անօրինական զինված կազմավորումների լիակատար ջախջախմամբ։
Շատերը, այդ թվում և ես, կարծում էինք, որ առաջիկա պատերազմի մասին տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան բլեֆ, Ադրբեջանը չի գնա Ռուսաստանի «խաղաղապահների» դեմ և չի խախտի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի մասին հայտարարության առաջին կետը։
Այնուամենայնիվ, դա տեղի ունեցավ, և արդյունքներն ակնհայտ են։ Ղարաբաղի հայության ներկայացուցիչները երեք տարվա համառությունից հետո հայտարարեցին, որ պատրաստ են վայր դնել զենքերը և համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ տարածաշրջանի բնակչության հետագա ճակատագրի շուրջ։
Տարածաշրջանի հատուկ կարգավիճակի մասին այլևս խոսք չկա։
- «Պասիվ մնալ կնշանակի հանցակից լինել»․ ՄԱԿ ԱԽ նիստը՝ ԼՂ-ի վերջին դեպքերի շուրջ
- «Որտեղ Ռուսաստան, այնտեղ դավաճանություն և նվաստացում». վրացի փորձագետների կարծիքը՝ ԼՂ-ի դեպքերի մասին
- Ադրբեջանում ձերբակալում են պատերազմի դեմ արտահայտված ակտիվիստներին
Ինչո՞ւ Ադրբեջանը կանգ առավ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական կենտրոն Խանքենդիի (Ստեփանակերտ) կենտրոնից մեկ քայլ հեռավորության վրա։ Նա իր դրոշը չբարձրացրեց «Խանքենդի բիզիմդիր» («Ստեփանակերտը մերն է»- մեմ, որով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղեկցվում էր յուրաքանչյուր ազատագրված քաղաքի մասին թվիթ և հոլովակ) բացականչություններով։
Չենք կարող ժխտել, որ Ադրբեջանի իշխանությունները իդեալական տարբերակում կցանկանային Ղարաբաղը ստանալ առանց հայերի։ Ինչու՞ անհանգստանալ մարդու իրավունքների, տնտեսական, մարդասիրական և այլ հարցերի մասին, այն ժամանակ, երբ այդ նույն իրավունքներն այնքան էլ չեն պահպանվում երկրի մնացած մասերում և դրա տիտղոսակիր ներկայացուցիչների համար:
Բայց սա 21-րդ դարն է, և արդեն երկար ժամանակ անջատողականներն ու նրանց աջակցողները արտասահմանում գոռում են առաջիկա «էթնիկ զտումների» մասին։ Նման պայմաններում Ադրբեջանի իշխանությունները, իմ կարծիքով, տեսականորեն ճիշտ քայլ կատարեցին և Ղարաբաղի հայերին հրավիրեցին վերաինտեգրվել Ադրբեջանի հասարակությանը։
Նախ Ադրբեջանի իշխանությունները բոլոր անօրինական զինված խմբավորումներին հորդորեցին վայր դնել զենքերը։ Սա հասկանալի է և ճիշտ։ Նախագահ Ալիևը ժողովրդին ուղղված իր ուղերձում խոստացավ, որ երաշխավորվելու են Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքներն ու ազատությունները․ «Կապահովվեն նրանց բոլոր իրավունքները՝ կրթական, մշակութային իրավունքներ, կրոնական և համայնքային ընտրությունների իրավունքներ»։
Նաև գեղեցիկ է հնչում:
Ալիևն իր խոսքում հատկապես ընդգծել էր, որ ինքն իր խոսքի տերն է՝ ասելով՝ «իմ խոսքն իմ ստորագրությունն է»։
Մինչ այդ, Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ էր կատարել Հարկային օրենսգրքում և 2023 թվականի հունվարի 1-ից Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի (նախկին օկուպացված տարածքներ) բոլոր բնակիչներին 10 տարով ազատել է հարկերից (Հարկային օրենսգրքի 227-րդ հոդված):
Սա տարածվում է նաև Ադրբեջանի քաղաքացիություն ընդունած հայերի վրա։ Հիանալի է:
Նախագահ Ալիևը «հակահաբեկչական գործողությունների» մեկնարկից մեկ ամիս առաջ խոստացավ, որ համաներում կկիրառվի այն անջատողականների նկատմամբ, ովքեր կամովին վայր կդնեն զենքերը։ Նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը «մեկօրյա պատերազմի» ավարտից հետո ևս մեկ անգամ հաստատեց համաներման առաջարկը՝ հավելելով, որ այն չի վերաբերի Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններ կատարած անձանց։ (Ի դեպ, պոտենցիալ հանցագործների ցուցակը դեռ չի հրապարակվել):
Դա ևս նորմալ առաջարկ է։ Նախկին զինյալների նկատմամբ համաներում է կիրառվել ինչպես Հյուսիսային Իռլանդիայում, այնպես էլ Բալկաններում։
Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված նման թերահավատությունը առաջիկա վերաինտեգրման վերաբերյալ։
Ամենակարևոր պատճառն այն է, որ Ղարաբաղի հայերը չեն վստահում Ադրբեջանի իշխանություններին։
Մի պահ ինձ պատկերացրի նրանց տեղում և հասկացա, որ ես էլ չէի վստահի։ Դա բնական, մարդկային արձագանք է:
Մինչ այժմ Ադրբեջանի իշխանությունները փոքր քայլեր են ձեռնարկում վստահությունը վերականգնելու համար, սակայն շատ քիչ ժամանակ է անցել, իսկ անվստահության աստիճանը չափազանց բարձր է։ Դժվար է մոտ ապագայում այստեղ լուրջ փոփոխություններ ակնկալել։
Երկրորդ՝ անհասկանալի է, թե ով և ինչպես է ապահովելու այդ մարդկանց անվտանգությունը։ Ռուս խաղաղապահնե՞րը։ Սա նշանակում է, որ նրանց մանդատը պետք է երկարաձգվի (ինչին ձգտում է Պուտինը) անորոշ ժամկետով։
Բացի այդ, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, ռուս խաղաղապահների վրա հույս դնելը վտանգավոր է։
Երրորդ՝ իրավական խնդիրներ։ Ադրբեջանի Սահմանադրությունը չի նախատեսում երկքաղաքացիություն, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու համար անհրաժեշտ կլինի հրաժարվել հայկական անձնագրից։ Քանի՞սն են պատրաստ նման քայլի։ Նրանց դավաճան կանվանեն։
Չորրորդ՝ մշակույթի և կրթության ոլորտի խնդիրներ։ Ի՞նչ դասագրքերով են սովորելու Ղարաբաղի երեխաներն ու երիտասարդները։ Հասկանալի է, որ մաթեմատիկայի և քիմիայի հետ կապված խնդիրներ չկան, իսկ ի՞նչ կլինի պատմության պարագայում:
Ադրբեջանում հայերեն դասագրքեր չկան, եթե նույնիսկ շտապ կազմակերպեն թարգմանությունն ու տպագրությունը, ի՞նչ անել Հայաստանի դասագրքերի բովանդակությանը հակասող բովանդակության հետ։ Կարելի է ժամանակավորապես օգտագործել ռուսական դասագրքերը, բայց կրկին Ռուսաստան…
Կարծում եմ՝ բանակ զորակոչվելու խնդիրը կարելի է լուծել փոխզիջումների գնալով։ Պատմության մեջ եղել են նախադեպեր, երբ որոշ շրջանների մարդիկ ազատվել են զորակոչից (եթե իրենք չեն պնդել, թե պատրաստ են ծառայել): Ղարաբաղի՝ զինվորական տարիքի հայերը կարող են ծառայել ինժեներական զորքերում և վերականգնել պատերազմի ժամանակ ավերված քաղաքներն ու ճանապարհները։
Վերջապես նախագահ Ալիևի՝ մունիցիպալ կառավարման վերաբերյալ խոստման մասին։ Այսօր Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմիններն ամենաանզոր կառույցներն են, պարզապես գործադիր իշխանության կցորդը։ Սակայն համառ լուրեր են պտտվում առաջիկա սահմանադրական բարեփոխումների մասին, որոնց արդյունքում նրանց ավելի շատ իրավունքներ կտրվեն տեղական ինքնակառավարման համար։ Լավ կլիներ այդ առաջարկները ներկայացնել հանրային քննարկման, լսել Ղարաբաղի և այլ շրջանների ներկայացուցիչներին և ընդունել նախագծի վերաբերյալ նրանց առաջարկները։
Ամփոփելով ասվածը, ես անձամբ կարծում եմ, որ Ղարաբաղի հայ բնակչությանը ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրելու ծրագրերը դեռևս ֆանտաստիկայի ժանրից են։ Նրանցից շատերը կորոշեն հեռանալ, կմնան նրանք, ովքեր չեն կարողանա իրենց իրացնել Հայաստանում կամ Ռուսաստանում՝ հիմնականում ծերերը։ Բայց լավ կլիներ, եթե ապագա պայմանագրերում ամրագրվեր հայրենադարձության պարտադիր իրավունք։ Եթե որոշ ժամանակ անց մարդը չի կարողանում հարմարվել և ցանկանում է վերադառնալ, ապա նրան պետք է տրամադրվեն բոլոր երաշխիքները, այդ թվում՝ բնակարան, աշխատանք և ամբողջական սոցիալական փաթեթ։