«Բարոյական աջակցության ժեստ»․ ԼՂ-ի թեմայով լսումներ ԱՄՆ Սենատում
ԼՂ-ի վերաբերյալ լսումներ ԱՄՆ Սենատում
«Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ, գործողություն կամ այլ վայրագություն՝ լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ ունեցած ելույթում Քիմն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ եթե ԱՄՆ-ն ուզում է վճռորոշ դեր ունենալ ստեղծված իրավիճակում, ապա պետք է ձեռնարկի երկու քայլ՝ դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառի Բաքվի նկատմամբ։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ լսումներ էին անցկացվել ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում։ Ելույթ էր ունեցել նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ հերթական անգամ Արցախում տեղի ունեցողը որակելով ցեղասպանություն։
Ելույթների կարևոր դրվագները՝ հակիրճ, ինչպես նաև մեկնաբանություն
«Անընդհատ ասում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի»
Յուրի Քիմն արձանագրել է․ «Անընդհատ ասում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժի համար»։ Նա կոչ է արել Բաքվին արագ վերականգնել տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, բայց նաև հավելել՝ «գիտակցում են լրացուցիչ երթուղիների կարևորությունը»։
«Մենք պետք է շարունակենք խրախուսել բոլոր կողմերին կառուցողական աշխատել»,- հայտարարել է նա։
Քիմի խոսքով՝ խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի փակմամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա դրա ունեցած հետևանքներով: Շեշտել է՝ վերջին մի քանի ամիսներին ինտենսիվ աշխատել են՝ ԼՂ-ի հումանիտար իրավիճակը հասցեագրելու ուղղությամբ և խոսել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի, USAID-ի գործընկերների ներգրավվածության մասին։
«Լուիս Բոնոն կրկին տարածաշրջանում է՝ ճնշում գործադրելու, որպեսզի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ թույլատրվեն անհապաղ և սահուն կերպով»,- ասել է նա։
«Մի քանի շաբաթ ժամանակ ունենք»
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մեջբերել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցից մի հատված, որտեղ նշվում է՝ «սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է, առանց անմիջական կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի»։ Ժամանակն, ըստ նրա, էական է։
«Նախագահ Ալիևն ասում է, որ ինքը չի կազմակերպում էթնիկ զտումներ: Բայց դա հենց այն է, ինչ նա անում է»,- հայտարարել է նա։
Մենենդեսի խոսքով՝ Ալիևի նպատակն է Արցախի ժողովրդին ստիպել հպատակվել կամ սովամահ անել նրանց: Ասում է՝ մեկ ուղերձ ունեն ամենաբարձր մակարդակներին, Բայդենի վարչակազմին՝ «դադարեցրեք շրջափակումը, սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հասցեին, անմիջապես բացեք Լաչինի միջանցքը»:
Հույս ունի, որ կգտնեն տարբերակներ հումանիտար ճգնաժամը մեղմելու համար և կհասկանան՝ ինչ միջոցներ ձեռնարկել՝ ստիպելու համար Բաքվի իշխանություններին բացել միջանցքը:
«Եվ ինչո՞ւ մենք ավելի հրապարակայնորեն չենք քննարկում պատժամիջոցները այն գործունեության համար, որ, կարծում եմ, բոլորս կարող ենք համաձայնել, ակնհայտորեն պատժելի է»,- ընդգծել է նա։
Խոսել է նաև հայ-ադրբեջանական բանակցությունների և դրանցում ԱՄՆ ներգրավվածության մասին և հավելել․
«Իրականությունը հետևյալն է՝ խոսակցությունն անարժեք է, երբ այդ բանակցություններում մի կողմն էթնիկ զտումների արշավ է իրականացնում»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հիշեցնում է՝ Լաչինի միջանցքի արգելափակման և ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ կա Հաագայի դատարանի որոշում, որն Ադրբեջանը չի կատարում, անտեսում է։
«Եթե հարկադրանքի միջոցներ չեն կիրառվում, ապա Սենատի քննարկումները միայն բարոյական աջակցության ժեստ կարելի է դիտարկել»,- հայտարարել է քաղաքագետը։
Սուրենյանցը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ նման քննարկումների անցկացումն ինքնին ողջունելի է, բայց նաև հավելել՝ «էական որևէ ազդեցություն չի կարող ունենալ»։
Պատասխանելով հարցին, թե «ո՞րն է պատճառը, որ արևմտյան երկրները Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն կիրառում, համատեղ շահերը՞, թե՞ Երևանի անգործությունը»՝ ասել է․
«Լեռնային Ղարաբաղի խնդրով, մեծ հաշվով, կա աշխարհաքաղաքական կոնսենսուս, անկախ բոլոր կողմերի հակադրություններից: Այսինքն` նրանց վեճն այն բանի շուրջ է, թե ով պետք է լինի տարածաշրջանի մոդերատորը, բայց բովանդակային հարցերում մեծ տարաձայնություններ չունեն»։
Սուրեն Սուրենյանցը որպես ասվածի «ամենաթարմ օրինակ» մատնանշել է այն, որ երբ ՌԴ-ն Աղդամի ճանապարհով մարդասիրական օգնություն ուղարկեց Արցախ, այդ փաստը ողջունեց նաև Եվրամիությունը։
Նրա դիտարկմամբ՝ ներկա պահին ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի համար «Ադրբեջանը շատ ավելի կարևոր գործընկեր է, քան Հայաստանը»։
«Չեմ կարծում, որ հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով աշխարհի որևէ երկիր Հայաստանի հետ միասին դուրս կգա ընդդեմ Ադրբեջանի: Այդ սցենարը համարում եմ անհնար»,- արձանագրել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԼՂ-ի վերաբերյալ լսումներ ԱՄՆ Սենատում