Վրաստանի նախկին օմբուդսմենը Սախարովի անվան մրցանակի հավակնորդ է
Նինո Լոմջարիան՝ Սախարովի մրցանակի հավակնորդ
Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբը (ECR Group) Վրաստանի նախկին օմբուդսմեն Նինո Լոմջարիային և վրաց ժողովրդին առաջադրել է որպես Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակի հավակնորդ։
Սախարովի անվան մրցանակը, որը հիմնադրվել է 1988 թվականին Եվրախորհրդարանի կողմից, շնորհվում է ամեն տարի հետևյալ ոլորտներում գրանցած ձեռքբերումների համար՝
● Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն,
● Ժողովրդավարության զարգացում և օրենքի գերակայության պաշտպանություն,
● Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանք,
● Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն։
Տարբեր տարիների ընթացքում մրցանակակիրներ են դարձել Նելսոն Մանդելան, Քոֆի Անանը, Մալալա Յուսաֆզայը, Օլեգ Սենցովը, Ալեքսեյ Նավալնին, ինչպես նաև ուկրաինացի ժողովուրդը։
ECR Group-ի հայտարարության մեջ նշվում է, որ 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից առաջ, երկրի անկախությունը վերականգնելուց հետո, «վրաց ժողովուրդը վերականգնեց ժողովրդավարական պետությունը» և ընտրեց դեպի եվրատլանտյան համայնք տանող ուղին։
ECR Group-ը հավելում է, որ 2003 թվականի «Վարդերի հեղափոխությունից» հետո միմյանց փոխարինող կառավարություններն իրենց ներդրումն են ունեցել այս գործընթացում, շարունակել են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը և հասել զգալի արդյունքների։
Ընդգծվում է, որ վրացիները հաղթահարել են բազմաթիվ խոչընդոտներ՝ մինչև անգամ Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականության կողմից իրենց երկրի ամբողջականությանն ու ինքնիշխանությանն ուղղված ուղղակի սպառնալիքը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերջին տարիներին վրաց ժողովուրդը բազմիցս միավորվել է պաշտպանելու իր երկիրը, «կատաղի պայքարել է իր իրավունքների և ձգտումների համար», ինչը դրական է ազդել կառավարության որոշումների վրա և ձևավորել է երկրի կայունության առանցքը.
«Այս ամբողջ պայքարի ընթացքում որպես անսասան ոգեշնչման փարոս աչքի է ընկնում մեկ մարդ՝ Նինո Լոմջարիան։ Վրաստանի օմբուդսմենի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում նա հաջողությամբ պաշտպանեց Վրաստանի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված շրջանների էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքները և ուժեղացրեց մարդու իրավունքների, հատկապես երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը:
Չնայած հսկայական ճնշումներին՝ նա [Նինո Լոմջարիան] քաջություն ունեցավ պաշտպանելու նրանց, ովքեր տառապում են խտրականության տարբեր ձևերից, օրինակ՝ բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
Նինո Լոմջարիան և նրա թիմը նաև օգնեցին պաշտպանել բազմակարծությունը և խոսքի ազատությունը Վրաստանում: Նրանց աննկուն քաջությունը՝ զուգորդված համեստության և պրոֆեսիոնալիզմի հետ, անկախ քաղաքական պատկանելությունից, նպաստել է Վրաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, ինչը համապատասխանում է երկրի քաղաքացիների եվրատլանտյան ձգտումներին»։
Ինքը՝ Նինո Լոմջարիան, իր ֆեյսբուքյան էջում հույս է հայտնել, որ այս մրցանակին զուգահեռ վրաց ժողովուրդը կստանա նաև ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։
- «Քաղաքական խարդախություն է». կարծիք Վրաստանի նախագահի նկատմամբ իմպիչմենտ սկսելու մասին
- «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու մասին լուրերն ապատեղեկատվություն են». Բորել
- Վրաստանն ազատ առևտրի շուրջ բանակցություններ է սկսում Իսրայելի հետ
2023 թվականի սեպտեմբերի 6-ին նախկին օմբուդսմեն Նինո Լոմջարիան հիմնել է նոր քաղաքացիական հարթակ՝ «Վրաստանի եվրոպական ուղեծիր»։ Լոմջարիայի խոսքով՝ հիմնական գաղափարը հասարակությանը քաղաքացիական ակտիվիզմի մեջ ներգրավելն է։ Նախկին օմբուդսմենն ընդգծել է, որ հարթակը քաղաքական միավորման չի վերածվելու։
Լոմջարիան ասում է, որ հարթակի առաջին նախաձեռնությունը լինելու է ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն ուղղված գործունեությունը, սակայն կլինեն նաև այլ տեսակի նախաձեռնություններ, որոնց կներգրավվեն ինչպես հայտնի փորձագետներ, այնպես էլ երկրի հասարակ քաղաքացիներ, որոնք ուզում են մասնակցել եվրաինտեգրմանը։
Նինո Լոմջարիան Վրաստանի օմբուդսմենի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 8-ը։
Նինո Լոմջարիան՝ Սախարովի մրցանակի հավակնորդ