«Սեղանին դրված զավեշտ ԼՂ հարցի շուրջ»․ Լավրովին վերագրվող առաջարկի մասին
ԼՂ-ի հայերի իրավունքները ըստ Լավրովի առաջարկի
Հայ հասարակությունն ակտիվորեն քննարկում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը, որը ԶԼՄ-ներում հայտնվել է արտահոսքի ձևով։ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն է հրապարակել փաստաթուղթը՝ նշելով, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ առաջարկները ներկայացրել է հուլիսի 25 –ին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ։
Ըստ ներկայացվող փաստաթղթի՝ ՌԴ արտգործնախարարը նկարագրում է Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակով ԼՂ-ի հայերի իրավունքների ապահովման սցենար։ Հստակ չէ՝ իրոք եղել է նման առաջարկ, թե ոչ։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը չի հերքել հրապարակված տեղեկությունները, բայց չի էլ հաստատել։ «Պաշտոնական խողովակներով նման փաստաթուղթ չենք ստացել»,- նախօրեին հայտարարել է Արցախի արտգործնախարարը։
Քաղաքագետներն ու քաղաքական գործիչները կարծում են՝ արտահոսքը եղել է հենց Արցախի իշխանությունների կողմից, ցանկացել են այդ կերպ ցույց տալ՝ «Արցախը չի պատրաստվում հաշտվել դրա հետ»։
Ռուսաստանը բազմիցս է ակնարկել՝ Արցախի հայերի ապագան տեսնում է Ադրբեջանի կազմում։ 2023 թ․-ի մարտին արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո բացահայտ հայտարարել էր այդ մասին՝ համեմատական անցկացնելով Կոսովոյի սերբերի հետ։
«Լեզու, տեղական ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, տնտեսական բնույթի հատուկ կապեր Սերբիայի հետ։ Կարծում եմ՝ ղարաբաղցիների համար իրավունքների նմանատիպ փաթեթ է անհրաժեշտ»,- ընդգծել էր նա։
Ռուսական առաջարկի մանրամասները, արձագանք Արցախից, մեկնաբանություններ
Ի՞նչ փաստաթուղթ է վերագրվում Լավրովին
Օրերս Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի փաստաթղթի նախագիծ՝ այն ներկայացնելով որպես Արցախի հարցով Լավրովի առաջարկ։ Փաստաթուղթը վերնագրված է հետևյալ կերպ՝ «Ադրբեջանական ԽՍՀ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում հայ բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հիմնական սկզբունքներն ու չափորոշիչները՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»: Այն ներառում է 14 կետ:
Պետրոսյանի խոսքով՝ Սերգեյ Լավրովը փաստաթուղթը ներակայացրել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հուլիսյան հանդիպման ժամանակ։
Հուլիսի 25 -ին Մոսկվայում կայացրել էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը: Ադրբեջանի արտգործնախարարի հետ երկկողմ հանդիպումից հետո Լավրովը հայտարարել էր, որ երկրների առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում։ Դրանց բովանդակության մասին մանրամասներ, սակայն, չէր ներկայացրել։
Լավրովին վերագրվող փաստաթղթում նշվում է, որ հայ բնակչությունը պետք է հավասար իրավական պաշտպանություն ունենա և խտրականության չենթարկվի ոչ լեզվի, ոչ ազգային, ոչ կրոնական հիմքով, չպետք է բռնի կամ ոչ կամովին տեղահանվի․
«Տեղական իշխանության մարմիններում և զինված կազմավորումներում մասնակցության պատրվակով հետապնդումների, պատժի օրենսդրական արգելք՝ բացառությամբ դատական կարգով պատերազմական հանցագործությունների կատարման մեջ մեղավոր ճանաչված անձանց»,- ասված է նախագծում։
Առաջարկներում ներառված է նաև այն, որ հայ բնակչությունը պետք է համամասնորեն ներկայացված լինի Ադրբեջանի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության հանրապետական և տեղական կառույցներում, այդ թվում՝ Ադրբեջանի դատախազությունում և ոստիկանությունում ու մասնակցի իրեն վերաբերող որոշումների կայացմանը:
Խոսք է գնում հայերի մի շարք իրավունքների երաշխավորման մասին, մասնավորապես՝
- կրոնական ազատության,
- մշակութային և ազգային ինքնության պահպանման,
- ուսումնական հաստատություններում հայերեն կրթություն ստանալու,
- մասնավոր սեփականության անձեռնմխելիության։
Ընդգծվում է, որ պաշտոնական գրագրության ժամանակ, ինչպես նաև «հայ բնակչության կոմպակտ բնակեցմամբ վայրերում» ճանապարհային նշանների, ցուցանակների և հայտարարությունների տեղադրումը պետք է իրականացվի հայերենով։ Անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղ-Հայաստան փոխհարաբերություններին․
«Հայաստանի և Ադրբեջանի միջև առանձին համաձայնագրի հիման վրա ադրբեջանական ԽՍՀ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Հայաստանի Հանրապետության հայ բնակչության միջև մշակութային, կրթական, գիտական, մեդիա, մարզական և այլ հումանիտար սերտ շփումների ապահովում: Դրսից հայ բնակչությանը տնտեսական և մարդասիրական օգնության անարգել ստացում»։
Ուշագրավ է, որ փաստաթուղթը հրապարակվել էր ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման օրը։ Տիգրան Պետրոսյանն ընդգծել էր՝ «այսօր Պուտինը հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության նիստին փոխել իր վերաբերմունքն ու պլանները»։
«Իրականությունից կտրված տեսլական»
Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակով ԼՂ-ի հայերի իրավունքների ապահովման սցենարն այսպես է բնորոշել Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նա շեշտել է, որ այս արձանագրումն իր ղեկավարած գերատեսչությունն արել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո՝ հուլիսի 27-ին։
Արցախի արտգործնախարարի գնահատմամբ՝ Բաքվի վարած քաղաքականությունը միջնորդներից որևէ մեկի մոտ նման գնահատական տալու հիմքեր չի ստեղծում։
«Եթե միջնորդներից որևէ մեկը նման հույսեր ուներ, ապա, տեսնելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության արդյունքները, երբ 120 000 մարդ միտումնավոր մատնված է սովի, երբ ամենօրյա կտրվածքով ադրբեջանական կողմից լսվում են ռազմատենչ հայտարարություններ, ուժի կիրառման սպառնալիքներ, երբ ոչնչացվում է հայկական պատմամշակութային ժառանգությունը, որևէ միջնորդ չունի որևէ հիմք, որ նման տեսլականները, առաջարկները հնարավոր կլինի կյանքի կոչել»,- հայտարարել է նա։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան
«Եթե նույնիսկ ենթադրենք, որ դա ճիշտ է, և այդպիսի տեքստ իրոք գոյություն ունի, և որ իրոք ռուսական կողմի առաջարկն է, այնտեղ բացակայում է գլխավորը։ Նկարագրված չեն տեխնոլոգիաները, թե ինչպես է այս գրվածը երաշխավորվելու, ինչպես են կատարվելու այս կետերը, ով է վերահսկելու, և ինչ մեխանիզմ է գործելու: Առանց այս հարցերը հստակեցնելու այս տեքստն առանձնապես իմաստ չունի:
Նույնիսկ եթե ընդունենք, որ այս տեքստն իրականություն է, այն կարող է ոչինչ չնշանակել, քանի դեռ մենք չենք տեսնում, թե ինչպես է զարգանում գործընթացը, իսկ գործընացը դեռ շատ երկար է զարգանալու»:
Միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյան
«Փորձում են ազգային փոքրամասնության կարգավիճակ տալ հայերին՝ որոշակի իրավունքներով: Դա շատ ցածր աստիճան է և չի կարող ընդունելի լինել: Դա նշանակում է, որ Արցախի կենտրոնական իշխանությունները կլուծարվեն, դրա փոխարեն արցախահայերին կառաջարկեն քվոտաներ ադրբեջանական մարմիններում։
«Անջատում հանուն փրկության» սցենարն անիրատեսական է, չենք կարող դրան հասնել, բայց դրա փոխարեն մենք պետք է գոնե ակնկալենք, որ լինի ինքնավար քաղաքական, ոչ թե մշակութային կարգավիճակ, որ Արցախը՝ որպես տարածքային միավոր, պահպանվի։ Եթե ժամանակին ԱՄՆ-ն և ԵՄ-ն Կոսովոյին տվեցին ամենաբարձր՝ անջատման և աստիճանաբար նաև սուվերենության կարգավիճակը, չեն կարող այս աստիճանի նշաձողն իջեցնել Կոսովոյին ամենանման հակամարտության դեպքում։
Պետք է գոնե քաղաքական ինքնավարությանը մոտ կարգավիճակ փորձեն ապահովել արցախահայության համար, ինչի համար անհրաժեշտ է մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ ԱՄՆ-ն կարող է և պետք է մտածի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ»։
Քաղաքական գործիչ Արման Բաբաջանյան
«Քննարկման առարկա դարձնել այդպիսի փաստաթուղթ առանց Ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորման պատկերացման, ուղղակի անթույլատրելի է։ Հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Մոսկվան անթաքույց անցել է Բաքվի կողմը։ Երևանն ի վիճակի՞ է ռազմավարական այնպիսի շրջադարձի, որտեղ ՌԴ այս գործողությունները գնահատականի կարժանանան և մեր գործողություններն էլ կլինեն ՌԴ վարքագծին համարժեք։
Արցախի իշխանությունների կողմից է արտահոսքը եղել՝ ակնհայտորեն ցույց տալով, որ Արցախը չի պատրաստվում հաշտվել դրա հետ։ Սա շատ կարևոր ցուցիչ է։ Բայց համաձայն չլինելը բավարար չէ, դրան պետք է հաջորդեն քաղաքական բովանդակության քայլեր, գործողություններ, հայտարարություններ»։
Հասարակական գործիչ Գայանե Աբրահամյան
«Լավրովը հավատո՞ւմ է, որ այն, ինչ առաջարկում է, ընդհանրապես հնարավոր է։ Երբ ասում է, որ այնտեղ խտրականության չպետք է ենթարկվեն հայերը, իսկ ո՞ր դատարանով է դա որոշվելու։ Ադրբեջանցի դատավորը պետք է որոշի՞, որ ինչ-որ մի մարմնում որևէ հայ աշխատող ենթարկվել է խտրականության։ Սա ուղղակի աբսուրդ է, ամենամեծ զավեշտն է, որ դրվել է մեր սեղանին։
Մեկ այլ կարևոր հարց՝ իսկ խաղաղապահ ուժեր լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու։ Մի բան, որ այս փաստաթուղթը որևէ կերպ չի արտացոլում։ Անգամ նոյեմբերի 9-ը չի հիշատակվում։ Երկու տարբերակ կա՝ կամ մտածում են՝ իրենք այնտեղ են և այնտեղ էլ մնալու են և անգամ հիշատակման անհրաժեշտություն չեն տեսնում, կամ իսկապես մտադիր են դուրս գալու։ Գուցե նպատակը ավելի ուժեղացնելն է Աղդամում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային մեխանիզմը, գուցե այնտեղ է լինելու իրենց ներկայությունը։
Եթե այդ նշումը չի արվում, ենթադրում եմ, որ մտածում են դուրս գալու մասին, բայց այնպես, որ այնտեղ լինի միայն թուրքական ներկայություն։ Չլինի միջազգային ներկայություն, խաղաղապահ ուժեր կամ հումանիտար կազմակերպություններ։ Սա հայերի էթնիկ զտում իրականացնելու կամ Արցախը հայաթափելու մասին փաստաթուղթ է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԼՂ-ի հայերի իրավունքները ըստ Լավրովի առաջարկի