11 զոհ, 6 տուժած․ ողբերգական ավտովթար Հայաստանում։ Ովքե՞ր են պատասխանատու
Ավտովթար Հայաստանում՝ Լանջիկ գյուղի մոտ
Սոցցանցերի հայկական տիրույթում շարունակում են քննարկել Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով զոհվել է 11 մարդ։ Հայտնի է, որ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում։ Ճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։
2021 թ․-ին այդ նույն ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի էր ունեցել մեկ այլ պատահար՝ «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 5 հոգի տեղում մահացել էր։
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի խոսքով՝ փաստ է, որ երկու տարվա ընթացքում այդ ճանապարհահատվածն անվտանգ դարձնելու համար որևէ աշխատանք չի կատարվել: Ասում է՝ քննարկման եթնակա չէ, որ մեղքի ամենամեծ բաժինն ունեն պետական մարմինները։
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 2,098 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով տուժել է 2,910 մարդ։
Մինչ այս պահը հայտնի բոլոր մանրամասները, մեկնաբանություն
Ի՞նչ է հաղորդվել վթարի մասին
Բեռնատարին բախվելու հետևանքով միկրոավտոբուսի 17 ուղևորներից 11 մահացել են, 6`-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Ծանր վիճակում է նաև բեռնատարի վարորդը։
Միկրոավտոբուսում դեպի Արևմտյան Հայաստան եռօրյա ուղևորությունից վերադարձող խումբ էր, որը Թուրքիա էր մեկնել «Համշեն տուր» ընկերության հետ։ Ավտովթարի զոհ է դարձել նաև խմբին ուղեկցող զբոսավարը։
Առողջապահության նախարարությունն այսօր տեղեկություն է հայտնել տուժածների ապաքինման ընթացքի մասին: Տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 6 տուժած, 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ «Volkswagen» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ։
Կոմիտեի մամուլի խոսնակի խոսքով՝ անհետաձգելի միջոցներ են ձեռնարկվում ավտովթարի պատճառները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ»,- գրել է խոսնակ Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում։
Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպությունը՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն հայտարարել է, որ ճանապարհի այդ հատվածը կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշաններ։
«Վթարի վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 50կմ/ժամ է»,- ասված է հաղորդագրությունում։
Փորձագիտական կարծիք
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի խոսքով՝ Երևան-Գյումրի ճանապարհի մի հատվածում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում, մյուսում՝ ինչ-ինչ պատճառներով դրանք չեն շարունակվում։ Ասում է՝ երկու հատվածներն էլ վտանգավոր են․ անվտանգության ապահովման կահավորանքը թերի է․
«Չկա լուսավորություն, չկան ժամանակավոր ճանապարհային նշաններ, գծանշումներ, ու այդտեղ անհասկանալի է՝ դու հանդիպակա՞ց ես երթևեկում, թե՞ քեզ համար սահմանված ճանապարհով, ու դրա համար ունենք այս ցավալի դեպքը»։
«Մեդիալաբի» հետ զրույցում ընդգծել է՝ եթե ճանապարհի երթևեկելի գոտիները սահմանազատված լինեին, մեքենաները «ճակատ ճակատի» չէին հարվածի։
Խոսքն, ըստ նրա, միայն գծանշումների մասին չէ։ Քեյանը նշել է, որ մի շարք զարգացած երկրներում սահմանազատում են իրականացնում պլաստմասե փոքր ձողերով, որոնց վրա դրված են լինում լուսային փարոսիկներ։
«Ճանապարհը պետք է հասկանալի կահավորված լինի, որ դու հասկանաս, թե ո՛ր հատվածով պետք է երթևեկես, մինչև շինարարությունն ավարտվի այդ հատվածում: Մեզ մոտ սա արված չէ, եթե դա լիներ՝ այդ հատվածում 50-60 տոկոսով վթարները կկրճատվեին»,- շեշտել է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ ճանապարհաշինական աշխատանքների մասով Հայաստանի ամբողջ տարածքում բարձիթողի վիճակ է:
«Մի շարք քրեական գործեր կան այդ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն իրականացնողների վրա, որոնց հատվածներում գործը կանգնեցվել է, ու շինարարություն չի կատարվում: Այսօր այդ հատվածների անվտանգությունը պետք է ապահովի պետությունը»,- ասել է նա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն, ըստ նրա, այդ գործառույթը չի իրականացնում, ընկերություններն էլ ընդամենը ժապավեն են կապում և անցնում փոս փորելուն։
Քեյանը նշել է նաև, որ քննության արդյունքում պետք է պարզվի՝ վարորդներից ո՞ր մեկն իր մեղքի բաժինն ունի։ Մյուս կողմից նկատել է՝ նման բախումը չի կարող դանդաղ երթևեկության հետևանք լինել, պետք է պահպանեին արագության թույլատրելի սահմանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ավտովթար Հայաստանում՝ Լանջիկ գյուղի մոտ