ՄԱԿ ԱԽ-ն հայտարարություն է տարածել Վրաստանի դեմ ՌԴ ագրեսիայի մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ Վրաստանի մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայի մեկնարկի 15-ամյակի կապակցությամբ։ Ալբանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները դռնփակ հանդիպում են անցկացրել Վրաստանի ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ Նիստից հետո Անվտանգության խորհրդի երկրները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ալբանիան, Ճապոնիան և Մալթան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներն իրենց հայտարարության մեջ շարունակում են անդրդվելի աջակցություն հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Բացի այդ, Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիային զուգահեռ դատապարտվում են Ռուսաստանի սադրանքները Վրաստանում՝ քաղաքացիների առևանգում, անօրինական «սահմանագծում», զորավարժություններ օկուպացված շրջաններում, էթնիկ վրացիների նկատմամբ խտրականություն և վրացական մշակույթի սահմանափակում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրները դատապարտում են Դավիթ Բաշարուրիի, Գիգի Օտխոզորիայի և Արչիլ Տատունաշվիլիի սպանությունները։
- 2008 թ․-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների հետաքննությունն ավարտվել է
- «Գործիք Արևմուտքի ձեռքում». Հարավային Օսիայի արձագանքը Հաագայի դատարանի որոշմանը
- Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Օգոստոսյան պատերազմի մասին գործով։ Վրաստանում տոնում են հաղթանակը
Անվտանգության խորհրդի անդամ երկրները հղում են անում նաև 2021 թվականի հունվարին Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի կայացրած որոշման վրա, ըստ որի՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես օկուպացված շրջանների նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետություն, պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների՝ խաղաղ բնակիչների սպանությունների, ռազմագերիների խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և այլ դեպքերի համար, որոնք խանգարում են վրացիներին վերադառնալ իրենց տները, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները հետաքննելուց հրաժարվելու համար:
Հայտարարության մեջ հիշատակվում են նաև Միջազգային քրեական դատարանի կողմից տրամադրված ձերբակալության օրդերները, որոնք տրվել էին 2008 թվականին Վրաստան Ռուսաստանի ներխուժման ընթացքում և դրանից հետո էթնիկ վրացի խաղաղ բնակիչների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների համար։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հերթական անգամ կոչ են անում Ռուսաստանին ամբողջությամբ կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագիրը։
- «Վրաստանը չպետք է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ մուրա»․ խորհրդարանի նախագահ
- Բելգիան Վրաստանը հանել է անվտանգ երկրների ցանկից. կարծիքներ Թբիլիսիից
Ի՞նչ էր տեղի ունեցել ավելի վաղ
● Թբիլիսին Ռուսաստանի դեմ հայց էր ներկայացրել ՄՔԴ 2008 թ. -ին։ 2016 թվականի հունվարին Նախաքննական պալատը լիազորեց հետաքննել վրացական, օսական և ռուսական կողմերի կատարած ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները, որոնք արվել են ռազմական գործողություններից առաջ, ընթացքում և անմիջապես հետո, մասնավորապես՝ 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև 2008 թվականի հոկտեմբերի 10-ը։
● Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ բացահայտվել են էթնիկ վրացիների ապօրինի կալանավորման, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, պատանդ վերցնելու և հետագայում անօրինական տեղահանության վերաբերյալ փաստեր։
● ՄՔԴ-ի իրավասությունը տարածվում է Հռոմի ստատուտի մասնակից պետությունների (Վրաստանը դրանցից մեկն է) տարածքում կատարված հանցագործությունների վրա՝ անկախ հանցագործների քաղաքացիությունից։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Հարավային Օսիան Վրաստանի տարածքի մի մասն է, ինչը նշանակում է, որ ՄՔԴ-ի իրավասությունը տարածվում է նաև Հարավային Օսիայում կատարված հանցագործությունների վրա, որոնց համար պատասխանատվություն են կրում Ռուսաստանի քաղաքացիները, թեև Ռուսաստանը Հռոմի ստատուտի մասնակից չէ։
● 2022 թվականի դեկտեմբերի 19-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանն ավարտեց օգոստոսյան պատերազմի ժամանակ (2008 թվականի հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ը) կատարված հանցագործությունների քննությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համատեքստում:
● Դատախազ Քարիմ Խանը նշել էր, որ հետաքննության փուլն ավարտելու որոշում է ընդունվել Հաագայի դատարանի 20-ամյա պատմության մեջ առաջին անգամ։ Մեղադրող կողմն ասել էր, որ հետաքննության ընթացքում իր գերատեսչությունը հետազոտել է ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հակամարտող կողմերի ներկայացրած բոլոր ապացույցները։
● Ավելի վաղ՝ 2022 թվականի ամռանը, Հաագայի դատարանը վերոնշյալ հետաքննության շրջանակում ձերբակալության օրդեր էր տվել Հարավային Օսիայի երեք նախկին պաշտոնյաների՝ մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմի համատեքստում նրանց մեղավորության բացահայտման համար։
● Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կարծիքով՝ այդ անձինք ենթադրաբար պատասխանատու են ազատությունից ապօրինի զրկման, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, մարդկային արժանապատվության նվաստացման, պատանդ վերցնելու և քաղաքացիական անձանց անօրինական տեղահանման համար։
● 2021 թվականի հունվարի 21-ին Եվրոպական դատարանը հրապարակեց օգոստոսյան պատերազմի գործով վերջնական որոշումը։ Ստրասբուրգը պարզել էր, որ Ռուսաստանը պատասխանատու է Վրաստանի քաղաքացիների նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեց հոդվածների խախտման համար, այդ թվում՝ կյանքի իրավունքի ոտնահարման, խոշտանգումների, մասնավոր սեփականության այրման և ոչնչացման համար։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ Վրաստանի մասին