«Ծնողները լռում են»․ Հայաստանում տարեցների նկատմամբ բռնության մասին
Տարեցների նկատմամբ բռնություն Հայաստանում
Վերջին տարիներին ընտանեկան բռնությունը դարձել է հաճախ քննարկվող թեմաներից մեկը Հայաստանում։ Մինչ այդ հասարակությունը լռում էր և նույնիսկ մերժում՝ այդ երևույթի գոյությունը։ Սակայն կան խմբեր և բռնության ձևեր, որոնք շարունակում են տաբու լինել։ Դրանցից մեկը տարեցների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնությունն է ընտանիքում։
Միայն 2023 թ․–ի առաջին 5 ամիսներին հայտնի է դարձել 5 տարեցների սպանության մասին՝ ընտանիքի անդամի կողմից՝ որդու, հարսի, թոռան։
Այն մասին, թե ինչու են լռում ծնողները՝ անձնական պատմության, վիճակագրության և փորձագետի կարծիք։
- Ի՞նչ է Ստամբուլյան կոնվենցիան և ի՞նչ առասպելներ են միահյուսվել դրան Հայաստանում
- Հայաստանում նախընտրում են տղա ունենալ․ պատերազմից հետո՝ հատկապես
- Ընտանեկան բռնությունը Հայաստանում։ Հարաբերություններ, որոնք ավարտվել են սպանությունով
Ո՞ւմ ձեռքին է շերեփը
«Մայրս մահանում է, հասեք»,– խոսափողի մեջ բղավում էր շտապօգնություն զանգահարած հուզված տղամարդը։
Կանչը Դիլիջանից էր, կեսօրից քիչ անց։ Երբ բժիշկները հասան նշված հասցեով, 62–ամյա Վարսենիկն այլևս չէր շնչում։
Որդին և տանը հավաքված հարազատները պնդում էին՝ կինը քիչ առաջ հանկարծամահ է եղել իրենց աչքի առաջ, օգնել չեն հասցրել։ Բայց բժիշկների դիմաց կնոջ դի էր՝ կապտուկների ու արյունազեղումների մեջ կորած։
«Դա կապ չունի,– պնդում էր որդին,– արդեն մի քանի օր է, ինչ իրեն վատ էր զգում, երեք օր առաջ էլ գիտակցությունը կորցրել ու վայր էր ընկել։ Կապտուկները դրանից են»։
Հարազատները հաստատում էին մորը կորցրած տղամարդու խոսքերը։
Դիակի դատաբժշկական փորձաքննությունը, սակայն, պարզեց՝ ընկնելը չէր կարող նման վնասվածքների պատճառ լինել։ Ժամեր անց ոստիկանները բերման ենթարկեցին մահացած կնոջ հարսին։ Ըստ նախնական տեղեկությունների, նա էր սպանել սկեսրոջը՝ մետաղյա շերեփով բազմաթիվ հարվածներ հասցնելով, այդ թվում գլխին և դեմքին։
Խիստ պայմանական թվեր․ի՞նչ գիտի աշխարհը տարեցների նկատմամբ բռնության մասին
Տարեցների նկատմամբ բռնությունը համաշխարհային ֆենոմեն է, որի վերաբերյալ, սակայն, փաստային տվյալները չափազանց քիչ և խիստ մոտավոր են։
Հետազոտողները հայտնում են տալիս, որ աշխարհում պաշտոնապես արձանագրվում է տարեցների նկատմամբ բռնության 24 դեպքից միայն մեկը։
Պատճառն այն է, որ ողջ աշխարհում խնդիրը շարունակում է չբարձրաձայնվել, իսկ կառավարությունները չունեն համապատասխան մոտեցում, քաղաքականություն՝ տարեցներին բռնությունից պաշտպանելու համար։ Մոտավոր վիճակագրական տվյալներ հասանելի են մի քանի երկրներում միայն, որտեղ տարեցների նկատմամբ բռնության ցուցանիշը տատանվում է 1-10 %–ի սահմաններում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համարում է, որ տարեցների նկատմամբ բռնությունը հանրային առողջության կարևորագույն, բայց և չուսումնասիրված խնդիր է։ Կազմակերպության վերջին տվյալները հիմնվում են 2017 թ․–ին աշխարհի 28 երկրներում իրականացված 52 ուսումնասիրությունների արդյունքների վրա։
ԱՀԿ–ի տվյալներով՝
- Աշխարհի 60 տարեկանից բարձր բնակչության 15.7 %՝ ամեն 6–րդ մարդը, ենթարկվում է բռնության որևէ տեսակի։
- Տարեցների նկատմամբ բռնության ծայրահեղ բարձր ցուցանիշներ են գրանցվում փակ հաստատություններում։ Հիվանդանոցների, ծերանոցների և երկարաժամկետ խնամքի այլ հաստատությունների աշխատակիցների 64.2 %–ը խոստովանել է, որ երբևէ բռնության ականատես է եղել տարեց անձի նկատմամբ։ Իսկ ամեն 2–րդ աշխատակից խոստովանել է, որ ինքն է բռնություն կիրառել նախկինում։
- Տարեցների նկատմամբ ամենատարածված բռնության ձևը հոգեբանականն է՝ 11.6 %, ապա ֆինանսականը՝ 6.8 %, անտեսումը՝ 4.2 %, ֆիզիկականը՝ 2.6 % և սեռական բռնությունը՝ 0.9 %։
Տարեցների նկատմամբ բռնությունը զգալիորեն աճել է Covid-19 համավարակի ազդեցությամբ։ ԱՄՆ–ում իրականացված ուսումնասիրությունները հավանական են համարել համավարակի ընթացքում ընտանիքներում տարեցների նկատմամբ բռնության ցուցանիշի աճ՝ մինչև 84 %։
Ըստ մասնագիտական հաշվարկների, բռնության այս ցուցանիշներն աճելու են առաջիկա տասնամյակներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2050 թ․–ին աշխարհի տարեց բնակչության թիվը հատելու է 2 մլրդ–ի սահմանը։
Ինչո՞ւ նրանք չեն խոսում
Տարեցների նկատմամբ բռնության վերաբերյալ վիճակագրական տվյալների բացակայության հիմնական պատճառն այն է, որ բռնության ենթարկվողները նախընտրում են լռել։ Ոմանց համար բռնությունը վերածվում է «նորմայի», մյուսներն իրենց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը չեն նույնականացնում որպես այդպիսին, հատկապես, երբ խոսքը հոգեբանական կամ ֆինանսական բռնության մասին է։
Տարեցների իրավունքների հիմնական ոտնահարողները նրանց կողակիցներն են կամ երեխաները: Հատկապես այս դեպքում տարեցները հոգեբանական և ֆինանսական կախվածության մեջ են հայտնվում բռնարարից։
Բռնությունը կարող է գործադրվել նաև խնամքի կենտրոններում կամ կացարաններում: Այս դեպքում տարեցները, որոնց թվում են նաև հաշմանդամություն ունեցող անձինք, բռնության են ենթարկվում աշխատակազմի անդամների կողմից:
Բռնության ենթարկված տարեցների միայն 4 %-ն է այդ մասին հաղորդում`
- վախենալով վրեժխնդրությունից կամ միայնակ մնալուց,
- անհանգստանալով, որ բռնարար հարազատի նկատմամբ իրավական պատիժ կկիրառվի,
- ամոթից ու շփոթմունքից դրդված:
Բռնության մասին չբարձրաձայնած տարեցների վաղաժամ մահվան հավանականությունը կրկնակի ավելանում է, քանի որ բռնության հետևանքները վերացնելու քայլեր չեն ձեռնարկվում:
Հոգեկան խնդիր ունեցող տարեցները բարձր ռիսկի խմբում են: Հոգեկան խնդիր ունեցող յուրաքանչյուր 3 մարդուց 2-ը բռնության են ենթարկվում:
Բացի այդ, տարեցները չգիտեն, թե ում կարող են դիմել։ Հայաստանում չկա որևէ սոցիալական ծառայություն՝ նախատեսված բռնության ենթարկված տարեցների համար։ Ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար ողջ երկրում կա ընդամենը երկու ապաստարան։ Երկուսն էլ ստեղծվել հասարակական կազմակերպությունների կողմից և գործում են խիստ սահմանափակ ռեսուրսներով։
«Խնայում են զավակին, որը չի խնայում նրանց»
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ երեխաները և տարեցները ընտանեկան բռնության ենթարկվող ամենախոցելի խմբերն են։ Նրանք ավելի քիչ են բարձրաձայնում իրենց նկատմամբ կիրառվող բռնության մասին և ավելի քիչ են իրազեկված իրենց իրավունքների և դրանց պաշտպանության հնարավոր ձևերի մասին։
«Ի տարբերություն երեխաների, որոնք տարբեր վայրեր են հաճախում՝ դպրոց, մանկապարտեզ, ծանոթ–բարեկամների միջավայր, որտեղ անկախ նրանց կամքից կարող է վեր հանվել բռնության երևույթը, տարեցներն ավելի մեկուսի կյանք են վարում։ Եվ նրանց խոցելիությունն ու նրանց նկատմամբ բռնության հավանականությունն ավելի բարձր է»,– ասում է նա։
Իրավապաշտպանը հիշում է, որ տարեցների նկատմամբ բռնության դեպքերի ականատես է եղել թե՛ կանանց աջակցման կենտրոնում, թե՛ անգամ ապաստարանում։ Բայց դրանք բացառիկ դեպքեր են եղել և վերհանվել են միայն այն պատճառով, որ տեղի է ունեցել ֆիզիկական ծանր բռնություն, որն արձանագրվել է ոստիկանների կողմից․
«Այս կանայք հետագայում հայտնվեցին տարեցների խնամքի հաստատությունում, և չվերադարձան այն միջավայր, որտեղ բռնության էին ենթարկվել, բայց սրանք եզակի դրվագներ են։ Մյուս դեպքերում տարեցները, սովորաբար, չեն ազդարարում, քանի որ խնայում են իրենց հարազատներին։ Անգամ եթե ծանոթ–բարեկամները նկատում են կապտուկներ կամ այլ հետքեր, որպես կանոն, տարեցները հերքում են բռնության վարկածը, պնդելով, թե իրենք են «մեղավոր»՝ սայթաքել են, ընկել են կամ անզգուշաբար հարվածել մի տեղ»։
Հովհաննիսյանը դժվարանում է ասել՝ տարեցների նկատմամբ բռնության դեպքերն են ավելացե՞լ, թե դրանց մասին բարձրաձայնման, քանի որ այս մասին համապարփակ վիճակագրություն չկա։ Սակայն մի բան պարզ է՝ ընտանեկան բռնության դեպքերն իրոք ավելացել են։ 2020 թ․–ին Հայաստանում կնասպանության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել՝ 15 դեպք։
«Չենք կարող բացառել և տարեցների նկատմամբ բռնության դեպքերի ավելացման հավանականությունը։ Հատկապես հաշվի առնելով հասարակության սոցիալ–հոգեբանական ծանր վիճակը, պատերազմական չհաղթահարված տրավմաները, ինչպես նաև օրեցօր ծանրացող սոցիալական վիճակը։
Պետությունն ի վիճակի չէ ապահովել տարեցների տարրական կարիքները, և սոցիալական բեռը, որպես կանոն, մնում է զավակների վրա։ Իսկ դա հավելյալ կախվածություն է ստեղծում տարեց մարդու համար։ Այս ամենն, իհարկե, անմիջականորեն ազդող գործոններ են, սակայն թվային տվյալների բացակայությունը մեզ թույլ չի տալիս ավելի հստակ դատողություններ անել այս մասին»,– ասում է իրավապաշտպանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Տարեցների նկատմամբ բռնություն Հայաստանում