«Կարող էի չգալու 1000 պատճառ գտնել»․ ՀՀ խորհրդարանի խոսնակն Անկարայում
Ալեն Սիմոնյանի այցը Անկարա
«Չնայած մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումների տարբերությանը՝ հուսով ենք, որ այս հանդիպումը հիմք կծառայի հայ-թուրքական խորհրդարանական երկխոսություն հաստատելու և դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ հիմքեր ձևավորելու համար»,- թուրք պաշտոնակցի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահը։
Ալեն Սիմոնյանը Թուրքիայի մայրաքաղաք է մեկնել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար։ Հենց այս այցի շրջանակներում էլ կազմակերպվել է Ալեն Սիմոնյանի և Մուստաֆա Շենթոփի հանդիպումը։
Հայաստանի խորհրդարանի խոսնակն անդրադարձել է նաև Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար Թուրքիայի օդային տարածքի փակման հարցին և հույս հայտնել, որ հանդիպումը կնպաստի խնդրի լուծմանը։ Շենթոփը հաստատել է՝ արգելքը պայմանավորված է Երևանում «Նեմեսիս» հուշակոթողի բացմամբ։ ԱԺ նախագահ Սիմոնյանն էլ հակադարձել է՝ ասելով, որ կարելի է մատնանշել բազում պատճառներ, որոնց հետեւանքով բազմաթիվ գործընթացներ են կանգ առել ու հավելել, որ իր այցը նաև այս առումով «առաջ շարժվելու ազդակ» է պարունակում:
Ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` հասանելի թողնելով միայն դեպի Թուրքիա մեկնելու հնարավորությունը։ Ավելի ուշ Անկարայից պարզաբանեցին, որ նման որոշում են կայացրել Երևանում բացված հուշակոթողի պատճառով՝ դա որակելով որպես «սադրիչ քայլ»։
«Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը բացվել է Երևանի Օղակաձև այգում ապրիլի 25-ին։ Այն նվիրված է 1919 թվականին «Նեմեսիս» գործողությունը իրականացրած հերոսներին, որոնք մահապատժի էին ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:
Անկարա այցի կարևորագույն դրվագները՝ հակիրճ
«Չէի ուզի, որ ընկալվեր որպես ոչ բարիդրացիական քայլ»
«Նեմեսիս» հուշակոթողի տեղադրման մասին խոսելիս նշել է խոսնակը։ Նրա փոխանցմամբ՝ որոշումը տեղական ինքնակառավարման մարմինն է կայացրել։
«Եվ ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական, արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ»,- Թուրքիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ԱԺ նախագահը։
Շեշտել է՝ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և ԱԳ նախարարի կողմից, իսկ այդ մակարդակում կայացված որոշումներին «բոլորն ականատես են» վերջին ամիսների ընթացքում․
«Ցանկության դեպքում միշտ կարելի է հարաբերությունները վատացնելու պատճառներ, առիթներ գտնել: Ես էլ կարող էի 1000 տարբեր պատճառ գտնել Թուրքիայի չժամանելու համար: Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների»։
Սիմոնյանը վստահեցրել է՝ Հայաստանը բացարձակ անկեղծ է հարաբերությունները կարգավորելու իր մղումների մեջ։ Ըստ նրա՝ պետք է հասկանալ՝ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց շարժվել առաջ։
«Հույս ունեմ, որ թուրք գործընկերները նույնպես առաջ կգնան, և մենք կօգտագործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր և տարածաշրջանի համար»,- հայտարարել է նա։
«Հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ»
Մուստաֆա Շենթոփի հետ զրույցի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ նման տեսակետ է հայտնել Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ գործընթացում Հայաստանը ցուցաբերում է «կառուցողական ներգրավվածություն»։
Սիմոնյանը նշել է՝ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար:
«Նա ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել դիվանագիտական անձնագրով հատել ցամաքային սահմանն այս միջոցառմանը մասնակցելու համար»,- հայտնում են խորհրդարանից։
Մուստաֆա Շենթոփը նշել է, որ Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց հերթական անգամ հիշատակել է Ադրբեջանի գործոնը՝ «հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հնարավոր շուտափույթ հանգուցալուծումն օգուտ է ոչ միայն հակամարտող կողմերին, այլ ամբողջ տարածաշրջանին»։
Ի պատասխան՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ հայկական կողմն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, այնինչ Բաքվի մոտեցումները «կառուցողական չեն, վերջինս հանդես է գալիս առավելապաշտական դիրքերից»։
Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին ու հետպատերազմական իրավիճակին առնչվող հարցեր:
«Չլուծված խնդիրներն առայժմ շատ են»
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Սիմոնյանն անդրադարձել է նաև վեհաժողովի իր ելույթի ժամանակ։ Խոսել է արձանագրված «որոշակի ձեռքբերումների» և սպասելիքների մասին․
«Չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլև այն բացել միջազգային երթևեկության, առևտրի համար»։
«Հայաստանը հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ չունի»
Ինչպես թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ, այնպես էլ վեհաժողովի իր ելույթում Ալեն Սիմոնյանը նման հայտարարություն է արել։
«Ակնկալում ենք, որ մեր հարևանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով»,- ընդգծել է նա։
Հիշեցրել է՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման և այն մասին, որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Տարածքային պահանջների թեման խոսնակը շոշափել է հայ-ադրբեջանական գործընթացների համատեքստում։ Հիշեցրել է ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ «չհրահրված ռազմական ագրեսիաների» մասին, անդրադարձել Լաչինի միջանցքի արգելափակմանն ու բոլորովին վերջերս այնտեղ «անօրինական անցակետ» տեղադրելուն։
«Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար»,- շեշտել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ալեն Սիմոնյանի այցը Անկարա