Սգո օր Ադրբեջանում․ Խոջալուի ողբերգության 28–րդ տարելիցը։ Վարկածներ և փաստարկներ
Ադրբեջանում ոգեկոչում են Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը։ 28 տարի է անցել ղարաբաղյան պատերազմի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ամենաարյունալի իրադարձություններից մեկից։
1992 թ–ի փետրվարի 25-ի լույս 26–ի գիշերը, երբ Ղարաբաղում ռազմական գործողությունների թեժ ժամանակահատվածն էր, հայկական զինված ուժերը գրոհեցին ադրբեջանցիներով բնակեցված Խոջալու քաղաքը նախկին խորհրդային բանակի՝ Ղարաբաղում տեղակայված 366–րդ մոտոհրաձգային գնդի օգնությամբ։
Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական վիճակագրության՝ գրոհի ժամանակ զոհվել է 613 և ծանր վիրավորվել 487 խաղաղ բնակիչ, 1275–ը գերեվարվել է, 150 մարդու ճակատագիր դեռևս հայտնի չէ։
Վեճեր և վարկածներ
Խոջալուում կատարվածի մասին ադրբեջանական և հայկական կողմի վարկածներն արմատապես տարբերվում են։
- Ընդհանուր գնահատական
Ադրբեջանում Խոջալուի ջարդերն անվանում են ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն և մարդկության դեմ հանցանք։ «Արդարություն Խոջալուի համար» արշավն Ադրբեջանում անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում «տեղեկատվական պատերազմի» շրջանակում։
Հայաստանում իրադարձությունների ադրբեջանական վարկածը շատ չափազանցված են անվանում, համարում են, որ այդ ռազմական հանցագործությունը կատարել են հենց ադրբեջանցիները՝ սադրանքի նպատակով։
- Ողբերգության նախադրյալները
Հայաստանում ի պատասխան մեղադրանքների՝ նշում են, որ խաղաղ բնակչության համար նահանջի միջանցք է ապահովվել (երկաթուղու երկայնքով՝ դեպի Աղդամ քաղաք), ինչի մասին հայտարարվել է բարձրախոսով՝ գրոհի մեկնարկից առաջ։ Վկայություններ կան, որ Խոջալուի որոշ բնակիչներ այդ միջանցքով անարգել հեռացել են քաղաքից։
Ադրբեջանցիներն ի պատասխան նշում են, որ բնակիչներից ոչ ոք այդ միջանցքի մասին չի իմացել։ Human Rights Watch–ն իր հաշվետվությունում նույնպես գրում է, որ հարցված վկաներից ոչ ոք այդ միջանցքի մասին չի իմացել։
Ավելի հազվադեպ է քննարկվում խաղաղ բնակիչների տարհանման հարցը, չէ՞ որ նրանց մեծ մասը քաղաքից դուրս էր բերվել գրոհից առաջ։ Այդ պահի դրությամբ Խոջալուում մոտ երեք հազար մարդ էր ապրում։
- Ողբերգության մանրամասները
Ադրբեջանում կարծում են, որ անպաշտպան խաղաղ բնակիչները կտտանքների են ենթարկվել և դաժանաբար սպանվել հայ զինծառայողների կողմից։ Որպես ապացույց բերվում է հայտնի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի արած տեսագրությունը։
Հայաստանում դրան պատասխանում են, որ Մուստաֆաևի տեսանյութն արվել է այն իրադարձություններից որոշ ժամանակ անց, և դրանից առաջ ևս մեկ տեսագրություն է եղել, որն Ադրբեջանը հրաժարվում է հրապարակել, իսկ զոհերի մարմինները կարող էին այլանդակել կենդանիները կամ հենց ադրբեջանցիները՝ սադրանքի նպատակով։
Human Rights Watch–ն իր հետաքննության մեջ գրում է․
«Բնակիչների ամբոխը, որին ուղեկցում էին մի քանի տասնյակ նահանջող պաշտպաններ, փախչել է քաղաքից այն բանից հետո, երբ քաղաքն անցել է հայկական զինված ուժերին։ Երբ նրանք մոտեցել են Ադրբեջանի սահմանին, բախվել են հայկական զինված դիրքի և դաժանաբար գնդակահարվել են»։
Բրիտանացի լրագրող Թոմաս դը Վաալն իր «Սև այգի» գրքում նույնպես գրում է, որ Խոջալուի բնակիչների հետ միասին քաղաքը փորձել են լքել նաև քաղաքի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, որոնք սկսել են կրակել և միանգամից սպանվել են։
- Արձագանքը Խոջալուի իրադարձություններին
Ի պատասխան այն մեղադրանքներին, որ ադրբեջանցիներն իրենք են կազմակերպել Խոջալուի ջարդն, Ադրբեջանում մեջբերում են Հայաստանի նախկին վարչապետ, այդ ժամանակ՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խոսքերը․
«Սակայն ես կարծում եմ, որ գլխավոր հարցը լիովին այլ էր։ Խոջալուից առաջ ադրբեջանցիները կարծում էին, որ մեզ հետ կարելի է կատակներ անել, մտածում էին, թե հայերն ունակ չեն ձեռք բարձրացնելու քաղաքացիական բնակչության վրա։ Մենք կարողացանք կոտրել այդ [կարծրատիպը]։ Ահա, թե ինչ է տեղի ունեցել։ Պետք է նաև հաշվի առնել, որ այդ տղաների թվում էին Բաքվից և Սումգայիթից փախածները»։
Հայաստանն, իր հերթին, վկայակոչում է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որը նա տվել է ռուսական «Նեզավիսիմայա գազետային»՝ պնդելով, որ ջարդի համար ինքը մեղադրում է ադրբեջանական ընդդիմությանը։ Մութալիբովը դա կտրականապես հերքում է։
Ադրբեջանում փետրվարի 26–ը սգո օր է։ Ավանդույթի համաձայն՝ երկրի պաշտոնատար անձինք և հասարակ քաղաքացիները ծաղիկներ են տանում ողբերգության զոհերի հուշարձան։ Սգո միջոցառումներ են անցկացվում տարբեր հաստատություններում, դպրոցներում և համալսարաններում։
- Խոջալու․ ինչպե՞ս է ամեն ինչ եղել։ Հատվածներ Թոմաս դը Վաալի «Սև այգի» գրքից
- Ի՞նչ է կատարվել Խոջալուում․ հատված Թաթուլ Հակոբյանի գրքից