Հայաստանի նախկին նախագահի գործով դատավորը դատախազի վերաբերմունքը կողմնակալ չի համարում։ Թարմացում
Փետրվարի 26
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը։
Պաշտպանությունը փետրվարի 25–ին պահանջել էր դատախազ Արսեն Մարտիրոսյանի բացարկը։ Նախկին նախագահի փաստաբանները հայտարարել էին, որ գործը փոխանցվել է դատարան տասնյակ դատավարական խախտումներով, և դատախազին մեղադրել էին կողմնակալության մեջ։
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը (նախագահության տարիներ՝ 2008–2018 թթ․) մեղադրվում է այսպես կոչված «դիզելի գործով»։ Ենթադրվում է, որ նա կազմակերպել է ավելի քան 1 մլն դոլար բյուջետային միջոցների հափշտակություն։
«Դատարանը որոշել է մերժել դատախազ Մարտիրոսյանի բացարկի վերաբերյալ միջնորդությունը», — հայտարարել է դատավոր Վահե Միսակյանը։
Նա նշել է նաև, որ դատարանը ծանրաբեռնված է այլ գործերով, և հետաձգել նիստը, հաջորդը կկայանա մարտի 26–ին ժամը 15:00–ին։
Փետրվարի 25
Հայաստանում փետրվարի 25–ին միաժամանակ երկու աղմկահարույց դատական նիստ է կայացել։ Երկու դեպքում էլ որպես մեղադրյալ են հանդես եկել նախկին նախագահները։
Սերժ Սարգսյանը ( պաշտոնավարել է 2008-2018 թթ–ին) մեղադրվում է այսպես կոչված «դիզելի գործով»։ Ենթադրվում է, որ նա հափշտակել է 1 մլն դոլար բյուջետային գումար։
Ռոբերտ Քոչարյանը (պաշտոնավարել է 1998-2008 թթ–ին) մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ։ Խոսքը գնում է Երևանում 2008 թ–ի մարտի 1–ի իրադարձությունների մասին, երբ բողոքի ցույցը ցրելու ժամանակ 10 մարդ էր զոհվել։ Այս գործով վճիռը կհրապարակվի մարտի երեքին։
• Ինչո՞ւ են նստեցրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին
Ինչո՞ւմ է մեղադրվում Սերժ Սարգսյանը
Քրեական գործի հետաքննությունն ավարտվել է 2020 թ–ի հունվարի վերջին, և Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել։
Ըստ քննության տվյալների, Հայաստանի գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը 2013 թ–ի փետրվարի 25–ից մինչև փետրվարի 7–ը կառավարության պահուստային ֆոնդից հափշտակել է 489 մլն 160 հազար 310 դրամ [մոտ $1 մլն]։ Այդ գումարը տրամադրվել է որպես սուբսիդիա՝ պետական աջակցության ծրագրերի շրջանակում 15 մլն 391 հազար 765 լիտր դիզելային վառելիք ձեռք բերելու համար։
Ըստ քննության՝ հափշտակությունը կազմակերպվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ։
Սարգսյանի մեղքն ապացուցելու դեպքում նա կարող է 4-8 տարվա ազատազրկման ենթարկվել։
Նա իր մեղքը չի ընդունում և գործը քաղաքական հետապնդում է համարում։
Նիստից առաջ դատարանի շենքի դիմաց հավաքվել էին մի քանի տասնյակ մարդ՝ Սերժ Սարգսյանի կողմնակիցները։ Նրանց թվում էին նախկին իշխանության մի քանի բարձր պաշտոնյաներ, նախկին իշխող Հանրապետական կուսակցության անդամներ։ Կուսակցությունը շարունակում է գլխավորել Սերժ Սարգսյանը։
«Երկրում բազմաթիվ խնդիրներ կան, և սա քրեական գործերի միջոցով այդ խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ է», – լրագրողներին հայտարարել է Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Երբ Սերժ Սարգսյանը հասավ դատարանի շենքի մոտ, նա շնորհակալություն հայտնեց իր կողմնակիցներին և կոչ արեց նրանց տուն վերադառնալ։
«Հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, որոնց համար արդարադատությունն ամեն ինչից վեր է», – ասեց Սարգսյանը։
Նիստի ընթացքում փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատախազ Արսեն Մարտիրոսյանին, քանի որ, ըստ նրանց, նախաքննությունն անցկացվել է մի շարք խախտումներով։
Փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ քննությունն ու պետական կառույցները պաշտպանության համար տարբեր խոչընդոտներ են ստեղծել, իսկ Պետեկամուտների կոմիտեն հրաժարվել է անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել։
Փաստաբանների հայտարարությունում նշվում է, որ դատախազը խախտումներ է թույլ տվել նաև 2019 թ–ի դեկտեմբերի 4–ին Սերժ Սարգսյանի հարցաքննության ժամանակ։
Դատական նիստի կապակցությամբ Հանրապետական կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է, որ «գործը բացառապես պատվիրված և ուղղորդված բնույթ է կրում, ․․․և քրեական փաթեթավորման տակ քաղաքական շարժառիթներով գործընթաց է տեղի ունենում»։