Վրաստանի վրա կիբերհարձակումների հետևում Ռուսաստանի ռազմական հետախուզությունն է կանգնած
2019 թ–ի հոկտեմբերին տեղի ունեցած մասշտաբային կիբերհարձակումների հետևում, երբ կոտրվել էին կառավարական կայքերն ու Վրաստանի նախագահի վարչակազմի կայքը, կանգնած է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբը, որը հայտնի է Գլխավոր հետախուզական վարչություն (ԳՀՎ) անվամբ։
«Այդ կիբերհարձակումը մենք դիտարկում ենք որպես Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա հարձակում», — հայտարարել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Պարզվել է նաև ԳՀՎ կոնկրետ ստորաբաժանումը, որը կիբերհարձակում է իրականացրել․ այն Գլխավոր շտաբի հետախուզության հատուկ տեխնոլոգիաների գլխավոր կենտրոնն է (GTsST), որը հայտնի է նաև որպես «Ստորաբաժանում 74455», կամ պարզապես «Որդ»։
Այս սկանդալային տեղեկությունը փետրվարի 20–ին հրապարակել է Վրաստանի ԱԳՆ–ն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանատները, որոնք հատուկ հայտարարությամբ են հանդես եկել։
We stand with #Georgia in condemning Russia’s cyber attack against its people and institutions. Russia must immediately cease this behavior in Georgia and elsewhere. The stability of #cyberspace depends on the responsible behavior of all nations. https://t.co/4RnWrSOlBp
— Secretary Pompeo (@SecPompeo) February 20, 2020
Դիվանագիտական գերատեսչությունները Մոսկվային կոչ են արել դադարեցնել նման գործողություններն ինչպես Վրաստանի, այնպես էլ այլ պետությունների նկատմամբ։
Կատարվածին արձագանքել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դոմինիկ Ռաաբը։
Գրոհը, որի մասին խոսքը գնում է, տեղի է ունեցել 2019 թ–ի հոկտեմբերի 28–ին։ Այն ժամանակ վրացական հարյուրավոր կայքեր պարալիզացվել էին։
Հիշատակված կառավարական կայքերից բացի հաքերային հարձակման են ենթարկվել նաև «Իմեդի» և «Մաեստրո» հեռուստաընկերությունները, որոնք ստիպված են եղել դադարեցնել հեռարձակումը։ Հոլդինգում պնդում են, որ այն լուրջ ֆինանսական և տեխնիկական կորուստներ է կրել։
Բոլոր դեպքերում կոտրված կայքերում հայտնվում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու լուսանկարը՝ «I’ll be back» («Ես վերադառնալու եմ») գրառմամբ։
2008 թվական․ օգոստոսյան հաքերային պատերազմ
Վրաստանն առաջին երկրներից է, որը Ռուսաստանի կողմից կիբերհարձակման զոհ է դարձել։ Դա տեղի է ունեցել 2008թ-ի օգոստոսին՝ ռուս-վրացական պատերազմի սուր շրջանին զուգահեռ։
2008թ-ի օգոստոսի 8-ին հարձակման նպատակը Վրաստանի նախագահի, կառավարության, ԱԳՆ և խորհրդարանի կայքերն էին։ Միաժամանակ հարձակման էին ենթարկվել տեղեկատվական պորտալներն, ինչպես նաև Վրաստանի նկատմամբ դրական տրամադրվածություն ունեցող լրատվական կայքերը (օրինակ, kasparov.ru-ն) և ֆորումները։ Օգոստոսի 9-ին կիբերհարձակում էր իրականացվել ТВС-բանկի նկատմամբ, որն այն ժամանակ Վրաստանի խոշորագույն բանկերից մեկն էր։
Օգոստոսի 11-ին չէր աշխատում ոչ մի կառավարական կայք։ Նախագահի կայքը defacement-attack-ի էր ենթարկվել, և դրա առաջին էջում ֆաշիստական խորհրդանիշներ և Սաակաշվիլիի լուսանկարն էր հայտնվել՝ Հիտլերին նմանեցված։ Նույնատիպ գրոհի էին ենթարկվել նաև Ազգային բանկի և ԱԳՆ կայքերը․ դրանց առաջին էջին էին հայտնվել 20-րդ դարի բռնապետների լուսանկարները։
Ռուսական «Մեդուզա» պարբերականը մի քանի տարի առաջ Վրաստանի դեմ 2008թ-ին Ռուսաստանի հաքերային պատերազմի մասշտաբային հետազոտություն էր անցկացրել։ Պարբերականը գրում էր, որ հենց Վրաստանի դեմ հաքերային հարձակումից հետո ռուսական հատուկ ծառայությունները սկսեցին համագործակցել հայրենասիրական տրամադրություններ ունեցող հաքերների հետ։
Նրանք նրանց հաճախ օգտագործում են տարբեր տիպի աշխատանքների համար, երբեմն ստիպում են, երբեմն նրանք ինքնակամ են դա անում։ Հենց Վրաստանում փորձարկված տարբերակը ռուսական հատուկ ծառայություններն օգտագործեցին 2016 թ-ին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու համար։ Այդ դեպքում գործողությունն իրականացվել էր հայրենասեր-հաքերների թվին պատկանող ֆրիլանսերների օգնությամբ։ Պարբերականը գրում էր, որ Վրաստանի կառավարական կայքերի վրա DOS-հարձակումները Ռուսաստանը սկսել էր օգոստոսյան պատերազմից երկու շաբաթ առաջ, երբ իրավիճակը Հարավային Օսիայի համակարտության գոտում սկսել էր թեժանալ։
«Մեդուզան» գրում էր, որ պատերազմի օրերին վրացական կառավարական կայքերի վրա առաջին հաքերային հարձակումն իրականացրել է Խաբարովսկի հաքեր Լեոնիդ Ստոյիկովը։ Սկզբից նա գործել է սեփական նախաձեռնությամբ՝ տպավորվելով հեռուստացույցից և Վրաստանի դեմ պայքարում իր հայրենիքին օգնելու ցանկությամբ։
«Մեդուզային» տված հարցազրույցում Ստոյիկովը՝ նույն ինքը R0id-ը, խոստովանում է, որ հենց ինքն է կոտրել Վրաստանի խորհրդարանի կայքն ու այնտեղ տեղադրել Ադոլֆ Հիտլերի հետ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ․ «Նա էլ է այսպիսի վախճան ունենալու»։
Օգոստոսի 9-ին հայրենասեր ռուս հաքերները հատուկ վեբ-էջ էին ստեղծել Stopgeorgia.ru անվանումով։ Այդ էջում նրանք մյուս ռուս հաքերներին խորհուրդ էին տալիս, թե վրացական որ կայքերը գրոհել՝ տեղադրելով համապատասխան հղումները և այլն։ Այդ կայքում արդյունքում հավաքվել էր շուրջ 30 հաքեր։ Նրանք իրենց անվանում են հաք-անդերգրաունդի ներկայացուցիչներ և ոչ միանշանակ հայրենասիրական կարգախոսներ տարածողներ դառնում։
Stopgeorgia.ru-ն շարունակում էր իր հակավրացական գործունեությունը նաև 2009 թ-ին, երբ Քութայիսիում պայթեցվել էր խորհրդային զինվորին նվիրված հուշարձանը, որը խանգարում էր շենքի շինարարությանը, հաքերները կրկին գրոհել էին Վրաստանի կառավարական կայքերը։
«Մենք թույլ չենք տա ոչնչացնել մեր պատմական անցյալը», — գրում էին նրանք այն օրերին և կոչ անում մյուս հաքերներին պատերազմ սկսել Վրաստանի կառավարության դեմ։