«Վախենում էի։ Մեզ վրա կրակում էին։ Մեքենան բռնկվեց»
Ինչպե՞ս են սպանվել ուկրաինացիները Սևերոդոնեցկում. Պատմությունը ներկայացրել է ուկրաինական Hromadske պարբերականը
2022 թվականի մարտի 1-ին արկը հարվածել է մեքենային, որով Պոպովիչենկո ընտանիքը փախուստի էր դիմում պատերազմի արդյունքում գրավված Սևերոդոնեցկից։ Բեկորներից մեկը դիպել է Աննա Պոպովիչենկոյի ոտքին։ Երկրորդը ազդրից վիրավորել է ընկերուհուն՝ 34-ամյա Մարինային, ով նույնպես դստեր հետ հեռանում էր քաղաքից։ Աննայի հայրը, ով վարել է մեքենան, մահացու վիրավորվել է գլխից։
Մեքենան բռնկվել է։ Կանայք փորձել են երեխաների հետ սողալով հեռանալ մեքենայից, որն ամեն վայրկյան կարող էր պայթել։ Աննան պառկել էր ձնառատ դաշտում և մտածում էր, որ իր կարմիր բաճկոնը կարող է թիրախ դառնալ։ Բայց հենց այն փրկեց նրան:
Սա պատմություն է ողջ մնացածների և նրանց մասին, որոնց փրկել չհաջողվեց։
Տանկ՝ խոտերից
Կիև։ 2022 թվականի հունիս։ Մետրոյի «Պոլիտեխնիկական ինստիտուտ» կայարանից ոչ հեռու կոմունալ ծառայության աշխատակիցները խոտերից տանկ քաշող տրակտոր են ստացել։ Թարմ կտրած խոտի հոտ է գալիս: Մարդիկ այստեղ լուսանկարվում են։
Ինստալացիայի կողքով անցնում է 39-ամյա Աննա Պոպովիչենկոն դստեր՝ երկու տարեկան Մարիչկայի հետ։ Աղջիկը մեկնաբանում է այն ամենը, ինչ տեսնում է՝ հարցախեղդ անելով մայրիկին։ Երբ հայացքը կանգ է առնում «խոտի տանկի վրա», Մարիչկան սառչում է։ «Հիմա այն մեզ վրա կկրակի»,— բղավում է նա ու փաթաթվում մայրիկին։
Աննան փորձում է բացատրել, որ այն խոտերից է պատրաստված, վախենալու ոչինչ չկա։ Երեխայի աչքերը լցված են արցունքներով։
«Մենք հեռացանք առանց քեզ։ Կներես»
2014 թվականին պատերազմի պատճառով Աննա Պոպովիչենկոն լքել է հայրենի Լուգանսկը։ Նա մինչ օրս կարոտում է այն քաղաքը, որտեղ ապրել և աշխատել են իր ծնողները, տատիկներն ու պապիկները: Նախ, նա բնակություն է հաստատել Խարկովում. Լուգանսկի ազգային ագրարային համալսարանը տեղափոխել էին այնտեղ, տնտեսագիտություն էր դասավանդում: 2019 թվականին նա ունեցել է Մարիչկային և վերադարձել Լուգանսկի շրջան՝ Սևերոդոնեցկ, որտեղ ապրում էին նրա ծնողները։ Դուստրը մանկապարտեզ էր հաճախում, Աննան նախատեսում էր վերսկսել մանկավարժական կարիերան։ Բայց սկսվեց լայնածավալ ներխուժումը։
«Փետրվարի 24-ի գիշերը Սևերոդոնեցկում դեռ հանգիստ էր։ Իսկ ցերեկը մուտքի ապակիներն արդեն փշրված էին»,— հիշում է կինը։
Հարևաններից ու ընկերներից ոմանք անմիջապես են հեռացել։ Աննայի հայրը՝ Սերգեյ Պոպովիչենկոն, ղեկավարում էր ուռուցքաբանական դիսպանսերի անզգայացման բաժանմունքը, նա չէր ցանկանում հեռանալ քաղաքից. մտածում էր, թե ինչ կլինի հիվանդների հետ, եթե բոլոր բժիշկները հեռանան։
Մինչդեռ Սևերոդոնեցկը վերածվում էր առաջնագծի քաղաքի. հրետակոծություններն ավելի հաճախակի էին դառնում, ավերածությունների թիվն ավելանում էր, ջեռուցումը, էլեկտրաէներգիան, գազը՝ վերանում։ Երեխայի հետ նման պայմաններում գոյատևելը դժվար էր դառնում։ Նրանք, ովքեր ուզում էին հեռանալ, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեին, ստիպված էին փնտրել մեքենա ունեցող մարդկանց ու ազատ նստատեղի հույս ունենալ։ Նրանց թվում էր Աննայի ընկերուհին՝ Մարինա Վորոպայը՝ երկու տարեկան Ալեքսանդրայի մայրը։
Մարինան ապրում էր մի շրջանում, որն ամենաշատն էին հրետակոծում։ Հեռացող ընկերները խոստացել էին իրենց հետ տանել նրան ու դստերը: Մարինան հավաքել էր իրերը, երեխայի հետ իջել բակ և ամբողջ օրը կանգնել այնտեղ։ Մեքենան այդպես էլ չէր եկել։ Ավելի ուշ ծանոթից SMS հաղորդագրություն էր ստացել. «Սարսափելի է քո շրջան գալը: Մենք հեռացանք առանց քեզ։ Կներես»։
Աննան չէր կարող ընկերուհուն ու դստերը տանել իր բնակարան․ հրետակոծությունների ժամանակ ընտանիքը տեղավորվում էր նեղ միջանցքում։ Բայց նա Մարինայի համար տեղ գտավ ապաստարանում՝ քաղաքի համեմատաբար անվտանգ շրջանում:
Մեքենայի ապակիներին փակցրել էին «Երեխաներ» գրությունը
Մարտի 10-ին Աննայի ընտանիքը որոշել է հեռանալ։ Մարինային հաղորդագրություն են ուղարկել. «Վաղը մենք գնալու ենք։ Դու մեզ հե՞տ ես։ Պատասխանը ստացվել է համարյա ակնթարթորեն. «Այո: Միայն թե մի թողեք ինձ»:
Հաջորդ առավոտ Սերգեյ Պոպովիչենկոյի «Շկոդան» ճամփա է ընկել. նա՝ մեքենայի ղեկին, կողքին կինը՝ Նատալյան, հետնամասում՝ Աննան և Մարինան աղջիկների հետ։
«Մենք չգիտեինք, թե որքան ենք գնալու։ Հավաքեցին փաստաթղթեր, տեխնիկա, որոշ գումար, մայրիկի զարդերը, դեղորայքը, դստերս իրերը։ Հայրս բենզինի բաքն ամբողջությամբ լցրեց։ Մեքենայի ապակիներին սպիտակ թղթեր փակցրինք՝ «Երեխաներ» գրությամբ։ Եվ շարժվեցինք», — հիշում է Աննան:
Երթուղի ընտրելիս փորձել են պարզել՝ կա՞ն արդյոք «կանաչ միջանցքներ» տարհանման համար։ Մարզային իշխանությունները քաղաքաբնակներին հորդորել են հեռանալ ցանկացած հասանելի ճանապարհով։ Սերգեյի գործընկերը, ով մի քանի ժամ առաջ էր դուրս եկել Սևերոդոնեցկից, զանգահարել է և խորհուրդ տվել գնալ Ռուբեժնոյով Կրեմեննայա, իսկ հետո՝ Լիման։
Ռուբեժնոյի ելքի մոտ Ուկրաինայի դրոշով անցակետ են նկատել։ Պոպովիչենկոյի մեքենան մոտեցել է դրան, և հանկարծ անտառից կրակոց է լսվել՝ արկը հարվածել է անցակետին։ Ավելի ուշ, նայելով քարտեզին, Աննան հասկացել է, որ արկերն արձակվում էին Վարվարովկա գյուղից, որը ռուսները գրավել էին նախորդ օրը։ Աննայի հայրը մեքենայի ուղղությունը փոխել է Սևերոդոնեցկի ուղղությամբ, որը հանկարծ նրան թվացել է ամենաապահով վայրը։ Բայց այդ պահին մեքենան դարձել է հակառակորդի թիրախ։
«Հայրս մահացավ իմ աչքի առաջ»
«Ինչ-որ բան թռավ մեր մեքենայի ուղղությամբ և այն պայթեց», — հիշում է Աննա Պոպովիչենկոն: «Վիրավորվեց ոտքս ու Մարինայի ազդրը: Մի բեկոր ընկավ հորս գլխին, նա մահացավ իմ աչքի առաջ.
Աննան ուշքի է եկել, տեսել, որ բաճկոնը վառվում է։ Քաոսային մտքերի մեջ հիշել է մի փաստ՝ այրվող մեքենան պայթում է չորս րոպեում։ Հաջորդ միտքն այն էր, որ մեքենայի բենզինի բաքը լիքն է։ Աննան բղավել է, որ բոլորը փախնեն։ Մարինայի ու երեխաների հետ ընկել են ձյան մեջ և սկսել սողալ։
Աննայի մայրը չի հասկացել, որ ամուսինը մահացել է. «Սերյոժա, ինչո՞ւ ես նստած։ Դուրս ցատկի՛ր»։ Սերգեյի մարմինը սկսել է այրվել։ Աննան փորձել է մորը համոզել դուրս գալ մեքենայից։ Բայց նա բղավել է, որ չի թողնի, որ ամուսինը ողջ-ողջ այրվի, արձակել է ամրագոտին ու դուրս բերել ամուսնու մարմինը։ Կինը դեմքի և ձեռքերի այրվածքներ է ստացել։ Իսկ երբ նա ամեն ինչ գիտակցել է, սողացել է աղջիկների մոտ։
Երեխաներին իրենց մարմնով ծածկելով՝ կանայք սողալով հեռացել են անվտանգ հեռավորության վրա։ Մեքենան պայթել է։
Մարինան մնաց ձյան մեջ պառկած և ուժասպառ
Վարվարովկայի կողմից հակառակորդի տեխնիկան գրոհում էր։ Ռազմական բախում սկսվեց։
«Գալիս էին բոլոր կողմերից։ Պարկուճներ էին պայթում, փամփուշտները սուլում էին մեր գլխավերևում»,— պատմում է Աննան:
Նա հիշում է, թե ինչպես ձյունածածկ դաշտի մեջտեղում ինչ-որ հսկայական բան թրթուրի արագությամբ նրանց ուղղությամբ սլացավ, պայթյունի ձայնով և Z տառով ամբողջ մեքենայի վրա:
Երեխաներին իրենց տակ թաքցրած երեք կանայք պառկել էին ձյան մեջ և սարսափով հետևում էին իրենց վրա թափվող երկաթե սարսափին։ Լսեցին անսովոր՝ խշխշոցի նմանվող ձայն: Դրանք ուկրաինական «Ջավելիններն» էին, որոնք ջարդուփշուր էին անում թշնամու տեխնիկան։ Ինչ-որ բան բռնկվեց և դանդաղեցրեց արագությունը: Սև ծուխը ծածկեց երկինքը։
Ռազմական բախումը տևեց մոտ երկու ժամ։ Այդ ամբողջ ընթացքում կանայք պառկել էին՝ ծածկելով իրենց դուստրերին։ Աննան հիշում է, որ Մարիչկան և Սանդրան լաց չէին լինում. «Դու շնչո՞ւմ ես», — հարցրել է նա երեխային: «Այո», — պատասխանել է աղջիկը: -Վախենո՞ւմ ես։ — «Սարսափելի շատ». «Մրսե՞լ ես»։ — «Այո»:
Հետո կանայք լսել են, որ ինչ-որ մեկը գոռում է. «Կա՞ն ողջ մնացածներ»: Նրանք արձագանքել են։ «Դիմացե՛ք, որքան հնարավոր է գետնի մեջ մտեք»,— լսվել է նույն ուկրաինացի զինվորականի ձայնը։ Բախումը շարունակվել է, կանանց կրակի տակից դուրս բերել չի հաջողվել։
Ճանապարհով անցնելիս է եղել քաղաքացիական մեքենա, ինչ-որ մեկը հուսահատ կերպով փորձել է արագ անցնել կռվի միջով: Նա տեսել է այրված մեքենա և մարդկանց դիեր ձյան մեջ։ Կանգ է առել։ Որոշելով, որ ողջ մնացածներ չկան, պատրաստվել է առաջ շարժվել, երբ նկատել է, որ կարմիր բաճկոնով կինը շարժվում է:
Աննան աղոտ է հիշում, թե ինչպես է վեր թռել։ Մարիչկային իրեն սեղմելով՝ նա վազել է դեպի մեքենան՝ առանց ցավ զգալու։ Նա և մայրը ցատկել են հետևի նստատեղին: Հետո տեսել են, որ ուժասպառ եղած Մարինան մնացել է ձյան մեջ պառկած։ Աննայի մայրը շտապել է նրանց մոտ, վերցրել ու մեքենային մոտեցրել նրա փոքրիկ դստերը։ Հետո վարորդի հետ վերադարձել են Մարինայի մոտ, սակայն հրետակոծություն է սկսվել։
Պարկուճը խրվել է գետնին՝ անմիջապես մեքենայի մոտ, բայց հրաշքով չի պայթել։ Վարորդը Աննայի մորը քարշ տալով մտցրել է մեքենան և, սեղմելով գազի ոտնակը, ընթացել է Ռուբեժնոյի ուղղությամբ։ Աննան հիշում է, թե ինչպես էր ճանապարհին շոյում Սանդրային և մանտրայի նման կրկնում. «Նրան դուրս կհանեն»։
Ջուր չկար, բուժքույրը հալեցրած ձյուն էր բերել
Ռուբեժնոյի հիվանդանոցն այնտեղ էր, որտեղ շարունակվում էր մարտը, շրջակայքը պատված էր չպայթած արկերով։ Վարորդը կանանց տարավ դպրոց, որի նկուղում ապաստարան կար։
Աննան զգաց, որ աջ ոտքը թաց է, իսկ կոշիկներն արյունով են լցված։ Վերքերը մշակեցին, վիրակապեցին, ցավազրկողներ տվեցին։ Երեխաների հագուստը փոխեցին ու տաքացրին։ Այնտեղ էին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները, որոնց Աննան պատմել է կատարվածի մասին։
Կանանց և երեխաներին տեղափոխեցին հիվանդանոց։ Աննայի ոտքից հանեցին ամենամեծ բեկորները։ Նա այդ գիշերն անցկացրեց միջանցքում՝ անվասայլակի վրա։ Հիվանդասենյակները լցված էին անկողնային հիվանդներով ու վիրավորներով։ Երբեմն նրանց մոտ էին վազում նկուղում թաքնված բժիշկները կամ բուժքույրերը։ Աննան բուժքրոջից ջուր խնդրեց։ Բայց նա զգուշացրեց, որ ջրատարը չի աշխատում, ու հալեցրած ձյուն բերեց։
Աննան անընդհատ մտածում էր Մարինայի մասին։ Երբ շտապօգնության մեքենաները վիրավորների էին բերում, նա հիվանդանոցի աշխատակիցներին խնդրում էր նկարագրել նրանց։ Հույս ուներ մի բան իմանալ ընկերուհու մասին: Հեռախոսով զանգահարում էր փրկարարներին, հիշեցնում, որ մարտադաշտում՝ Ռուբեժնոյի մոտ վիրավոր կին է մնացել։ Հաղորդագրություններ էր գրում Մարինային՝ վստահեցնելով, որ օգնությունը շուտով տեղ կհասնի։
Հետո եղան ավտոբուսը մինչև Պոպասնա, դիզելային գնացքը դեպի Լիման, գնացքը դեպի Լվով։ Տարհանող գնացքը վնասված էր եկել. նախօրեին կրակի տակ էր ընկել, վագոնների դռներն ու պատուհանները կոտրվել էին, երկաթուղու աշխատակիցներ էին զոհվել։
«Մոտ 40 վագոն մինչև վերջ լիքն էր։ Չեմ կարծում, որ որևէ մեկը պառկած էր երթևեկում»,- ասում է Աննան ու հավելում,- լավագույն դեպքում մարդիկ կարող էին մի փոքր նստել։ Անընդհատ պայթյուններ էին լսվում։ Այդպես մենք դուրս եկանք սարսափից»:
Ճանապարհին Աննան կապ է հաստատել Սանդրայի կնքամոր հետ։ Վիննիցայի շրջանի Կազատին քաղաքի երկաթուղային կայարանում ոստիկանների և սոցիալական աշխատողների ներկայությամբ աղջկան հանձնել են կնքամորը, որն էլ հետագայում իր վրա է վերցրել նրա խնամակալությունը։
Աննան, նրա մայրն ու փոքրիկ Մարիչկան հասել են Լվով։ Մի քանի ամիս անց նրանք տեղափոխվել են Կիև՝ հարազատների մոտ։
Գտան իրենց փրկած վարորդի հեռախոսահամարը
Աննան չէր հիշում ավտոմեքենայի մակնիշը կամ վարորդի անունը, ով նրանց դուրս էր բերել կրակներից։ Սակայն նախկին ուսանողն օգնեց նրան գտնել փրկարարի կոնտակտները. Ռուբեժնոյից Վալենտինը ծառայում է Խարկովի մոտ գտնվող ահաբեկչության դեմ պաշտպանության ուժերում: Հեռախոսով նա Աննային պատմեց, որ գրեթե ամեն օր հիշում է այդ օրը՝ մտածելով, թե արդյո՞ք հնարավոր է փրկել Մարինային։
Վալենտինը գտավ Ռուբեժնոյից մի տղամարդու, որը հաջորդ օրը մեքենայով անցնելիս էր եղել այդ ճանապարհով։ Նա տեսել էր կրակված մեքենաներ, այդ թվում՝ «Շկոդա», որի կողքին ընկած էր տղամարդու ածխացած դիակ, իսկ մի փոքր ավելի հեռու՝ կնոջ։ «Մենք կանգ էինք առնում յուրաքանչյուր մեքենայի մոտ: Այնտեղ ողջ մնացածներ չկային»:
Բայց Աննան շարունակում էր որոնումները։ Հույս ուներ, որ ռուս զինվորականները տարել են Մարինային, նա գրում էր նաև «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» խմբերին։ Գտավ մի աղջկա, ով նույնպես այնտեղ հարազատների էր կորցրել։ Նրա հայրը Ռուբեժնոյի գերեզմանատներից մեկում հայտնաբերել էր խմբային թաղում, նշված էին նաև մահացածների անունները։ Ի թիվս այլոց, կարծես թե կար «Մարինա Վորոպայ» գրությունը։ Բայց Աննայի հոր անունը այդ գերեզմանոցում չգտնվեց։ Աննան նրա մահվան վկայականը ստացել է Կիևում՝ դատարանի միջոցով։ Նա պլանավորում է հոր հուղարկավորության վայրը գտնել Լուգանսկի շրջանի դեօկուպացիայից հետո:
Մահացած 62-ամյա Սերգեյ Պոպովիչենկոն, ով Լուգանսկի տարածաշրջանային ուռուցքաբանական կենտրոնի ռեանիմատոլոգն էր, Ուկրաինայի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Փրկված կյանքի համար» մեդալով։
Աննա Պոպովիչենկոն աշխատում է մի համալսարանում, որը մասամբ վերսկսել է աշխատանքը մայրաքաղաքում։ Աջակցում է մորը, ով հաճախ չի կարողանում զսպել արցունքները։ Մարիչկան գնում է մանկապարտեզ։ Առաջին ամիսներին նա ամեն օր հիշում էր պապիկին և մի տխուր պատմություն էր պատմում. «Ես շատ էի վախենում։ Մեզ վրա կրակում էին։ Գնդակը պապիկի գլխի ուղղությամբ եկավ։ Մեր մեքենան բռնկվեց։ Պապիկն այլևս չկա»:
Հրապարակումը պատրաստվել է «Պատերազմի կյանք» նախագծի շրջանակներում Հանրային շահերի լրագրության լաբորատորիայի և IWM-ի աջակցությամբ: