Վրաստանի իշխանությունները բռնաճնշումների ուղի՞ն են բռնել։ Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր առաջնորդի կալանքը։ Վերլուծություն և գնահատականներ
Թբիլիսիի նախկին քաղաքապետ և «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան կրկին բանտում է։
Փետրվարի 10–ին Վրաստանի Գերագույն դատարանն Ուգուլավային դատապարտել է երեք տարվա և երկու ամսվա ազատազրկման Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելիս նրա աշխատանքի հետ կապված գործով։ Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Ուգուլավան յուրացրել է ավելի քան 48 մլն լարի [շուրջ $17 մլն] և այդ միջոցներն օգտագործել նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» (կուսակցության առաջնորդը Միխեիլ Սաակաշվիլին է) կարիքների համար։
Գիգի Ուգուլավան Թբիլիսիի քաղաքապետն է եղել 2005-2013 թթ–ին, երբ նախագահը Սաակաշվիլին էր։ «Վրացական երազանքի» կառավարությունը նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսել 2012 թ–ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո։
Մեկ անգամ Ուգուլավան արդեն ազատազրկվել է այս նույն մեղադրանքով։Առաջին անգամ նա կալանավորվել է 2014 թ–ին և բանտից ազատ է արձակվել 2017 թ–ի հունվարին։
Քաղաքական գործիչներն ու փորձագետներն Ուգուլավային «քաղբանտարյալ» են անվանում և գլխավոր ընդդիմադիրներից մեկի ձերբակալությունը կարևոր խորհրդարանական ընտրություններից ինն ամիս առաջ կապում են բռնաճնշումների հետ, որոնք ղեկավարում է օլիգարխ, իշխող կուսակցության առաջնորդ և երկրի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին։
Ընդդիմությունը դադարեցրել է իշխանությունների հետ բանակցությունները
Գերագույն դատարանն Ուգուլավայի գործով վճիռը հրապարակել է փակ նիստի ժամանակ։ Ոչ Ուգուլավան, ոչ նրա փաստաբանը դրան ներկա չեն եղել։
Նրանք դատավճռին սպասել են Լեյբորիստական կուսակցության գրասենյակում, որն արդեն մի քանի ամիս է՝ դարձել է վրացական ընդդիմության իմպրովիզացված շտաբը, որը միավորվել է ընտրությունների ժամանակ համամասնական համակարգ կիրառելու պահանջի շուրջ։ Այստեղ մի սեղանի շուրջ են հավաքվում արևմտամետ և ռուսամետ ուժերի, ծայրահեղ ձախ և ուլտրաաջ կուսակցությունների առաջնորդները։
Վրացական ընդդիմությունը միավորվել է այն բանից հետո, երբ նոյեմբերին կառավարությունը հրաժարվել է կատարել իր խոստումը, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ամբողջությամբ համամասնական համակարգով։
Իշխանություններին ձեռնտու է գործող մոդելը, քանի որ այն վարչական ռեսուրսով մանիպուլյացիաներ կատարելու ավելի մեծ հնարավորություններ է տալիս։
•Այն ամենն, ինչ պետք է իմանալ Թբիլիսիի ցույցերի մասին՝ երեք րոպեանոց տեսանյութում
•Վրաստան-2019․ տարվա 11 գլխավոր իրադարձությունները
• Ամերիկացի կոնգրեսականները նամակ են գրել Վրաստանի վարչապետին․ Վրաստանի ութ գլխավոր խնդիրները
Ընդդիմադիր կուսակցությունները քննարկում են, թե ինչպես գալիք նախագահական ընտրություններում հաղթեն Վրաստանի ամենաազդեցիկ մարդուն, որն այսօր մեծ փողերից զատ իր ձեռքում է կենտրոնացրել բացարձակ և անսահմանափակ իշխանությունը։
Այսօր Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես միայն կուսակցական պաշտոն է զբաղեցնում․ նա իշխող «Վրացական երազանքի» նախագահն է։ Սակայն հենց նա, այլ ոչ թե վարչապետն է կառավարում երկիրը։
Մինչև Գիգի Ուգուլավայի կալանքը ընդդիմության առաջնորդները բանակցում էին իշխանության ներկայացուցիների հետ ապագա ընտրական համակարգի մասին։ Բանակցություններին նախորդել են բողոքի բազմաթիվ ցույցեր, որտեղ իշխանությունները բազմիցս ուժ են կիրառել։
Հետապնդումներ և կասկածելի հարձակումներ են սկսվել ընդդիմության առաջնորդների և քաղաքացիական ակտիվիստների վրա (օրինակ՝ Ուգուլավայի և նրա կուսակից Գոկա Գաբաշվիլիի վրա հարձակվել են Թբիլիսիի օդանավակայանում)։
Թեև կառավարությունը զիջումների չէր գնացել, և բանակցություններն արդյունք չէին տալիս, գործընթացին իրենց աջակցությունն էին հայտնել և ողջունել արևմտյան գործընկերներն ու Վրաստանում հավատարմագրված դիվանագետները։
Սակայն Ուգուլավայի կալանքը փաստացի ոչնչացրել է իշխնությունների հետ երկխոսության հնարավորությունը։ Ընդդիմությունը հայտարարում է, որ այս պահից դադարում է խոսել կառավարության հետ։
«Ընդդիմությունն այլընտրանք չունի Իվանիշվիլիի արյունոտ ռեժիմի հետ բանակցությունները, ռաունդներն ու խորհրդատվությունները դադարեցնելուն․․․ Բանակցություններ շարունակելը նշանակում է բռնապետին դրդել նոր հանցանք կատարել։ Անցնում ենք անհնազանդության», — հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին։
Իր հերթին, իշխանությունների ներկայացուցիչներն ասում են, որ Ուգուլավան հանցագործություն է կատարել, և նշանակություն չունի՝ նա կալանավորվել է ընտրությունների տարում, թե որևէ այլ պահի։
Իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքին հունվարի 28–ին տված մեծ հարցազրույցում այն բանից հետո, երբ խորհրդարանը դեմ էր քվեարկել ընտրական բարեփոխմանն, Իվանիշվիլին ոչ երկիմաստ ակնարկել էր, որ ընդդիմադիրներին և քաղակտիվիստներին ծանր օրերն են սպասվում։
«Սա ողբերգական իրավիճակ է։ Ինձ դուր չի գալիս, որ նրանք գլուխը պատին են խփում, նրանք շանսեր չունեն։ Գիշերները չեն քնում, խաբում են միմյանց, թե «այսօր–վաղը մենք ենք լինելու»։ Նրանք շանսեր չունեն։ Այս պահին նրանք վա-բանկ են գնում։ Մեծ քանակությամբ էներգիա են ծախսում։ Ոմանք երկու օրով բանտ են նստում, որոշները՝ մեկ շաբաթով։ Որոշների մոտ վնասվածքն աննշան է, մյուսների մոտ՝ ավելի վատ է։ Ոմանք նստել են երկար տարիներ, շատերն էլ ստիպված կլինեն, սակայն նրանք ինքնազոհողության են գնում», — ասել է Իվանիշվիլին։
Այն ժամանակ ընդդիմությունը նրա հայտարարությունն ընկալել էր որպես սպառնալիք։
Եվ ոչ միայն ընդդիմությունը։ Իվանիշվիլիին նրա հայտարարության մասին հիշեցրել էին սենատորներ Ջեյմս Ռիշն ու Ջին Շահինը քննադատական նամակում, որը նրանք գրել էին Վրաստանի կառավարությանը։ Իվանիշվիլիի հայտարարությունների վերաբերյալ բացատրություններ էին պահանջել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից ԵԽԽՎ–ում նրա ելույթի ժամանակ։
Վրաստանում ընդդիմության և ակտիվիստների հետապնդումները կտրուկ աճել են
•Այսօր քրեական գործեր են հարուցվել Վրաստանում առաջատար ընդդիմադիր կուսակցությունների գրեթե բոլոր առաջնորդների դեմ։ Վերսկսվել են նաև բազմաթիվ հին գործեր, որոնք տարբեր պատճառներով կասեցվել էին։
•Վերսկսվել է Սաակաշվիլիի կառավարությունում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ներկայումս ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Գիգա Բոկերիայի դեմ գործը։
•Ընդդիմադիր «Ազգային շարժման» (Սաակաշվիլիի նախագահության տարիներին նախկին իշխող կուսակցություն) առաջնորդներից մեկը դատարանի որոշմամբ էլեկտրոնային թևնոց է կրում և չի կարող լքել երկիրն ու մասնակցել ակցիաներին։
•Այդ նույն կուսակցության մյուս առաջնորդ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սակաշվիլին չի կարող երկիր վերադառնալ առաջադրված մեղադրանքների պատճառով։ Եթե նա գա, հավանաբար, կկալանավորվի հենց օդանավակայանում։
•Քրեական գործ է հարուցվել «Լելո» նոր քաղաքական շարժման հիմնադիրներ, Վրաստանի խոշորագույն TBC բանկի նախկին մենեջերներ և հիմնադիրներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ։ Խոսքը 12-ամյա վաղեմության բանկային գործարքի մասին է, որն իբր փողերի լվացման հետ է կապված եղել։
•Քրեական գործեր են հարուցվել նաև երկու անկախ հեռուստաալիքների՝ «Մտավարիի» և «Պիրվելիի» տերերի և տնօրենների դեմ։
•Եվս մեկ նոր ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքի տնօրենը դատախազություն էր հրավիրվել 2019 հոկտեմբերին, որտեղ նրան հարցաքննել են ինը ժամ մյուս հեռուստաալիքում՝ «Ռուսթավի–2»–ում, խախտումների գործի կապակցությամբ։
Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Մեկնաբանություններ
«Իվանիշվիլին վերջնականապես բռնել է բռնաճնշումների ուղին։ Նա միտումնավոր լարվածություն է առաջացնում և խորացնում բևեռացումը։ Այդ ուղին նշանակում է կամուրջների այրում և ինքնամեկուսացում… Վրաստանը չի հանդուրժել և չի հանդուրժելու նման անարժան ղեկավարների», — Ֆեյսբուքում գրել է ընդդիմության առաջնորդներից մեկը, Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Բերձենիշվիլին Գիգի Ուգուլավայի կալալնքից հետո։
ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Քինսինգերը, որը Վրաստանի վարչապետին ուղղված կտրուկ քննադատական նամակի հեղինակներից մեկն է, իր Թվիթերում հայտարարություն է հրապարակել։ Նա ուղղակիորեն քննադատում է ընդդիմադիրների դեմ դատական իշխանության օգտագործումը։
« «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգի Ուգուլավան այսօր կալանավորվել է։ Շատ մեղմ կլինի ասելը, որ դա մեզ ընդամենն անհանգստացնում է։ Դատարանները որպես զենք օգտագործելը ժողովրդավարություն ՉԷ», — գրել է կոնգրեսականը։
Ընդդիմությունն ու շատ փորձագետներ կարծում են, որ վրացական իշխանությունների կատարած սադրիչ և արմատկան քայլերը երկրին զրկելու են Արևմուտքի աջակցությունից և այն կրկին վերադարձնելու Ռուսաստանի ուղեծիր։
«Մենք չպետք է ոչինչ բացառենք, այդ թվում՝ կալանքների և ձերբակալությունների շարունակությունը։ Գիգի Ուգուլավայի շուրջ կատարվող իրադարձությունները պարզ ցույց են տալիս, որ դա քաղաքական շարժառիթներ ունեցող որոշում է», — ասել է «Շարժում հանուն ստեղծարարության» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին։
Ընդդիմությունն ուշադրությունը սևեռում է այն բանի վրա, որ Ուգուլավան կալանավորվել է այն օրը, երբ Վրաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քելի Դեգնանն իր նստավայրում հանդիպել է ընդդիմության առաջնորդների հետ։ Դա տեղի է ունեցել խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի Վաշինգտոն կատարած այցից երկու օր անց, որտեղ ամերիկացի գործընկերները նրան խորհուրդ են տվել ընդդիմության հետ երկխոսություն վարել և համապատասխան խոստում ստացել։
«Սա ապտակ է միջազգային հանրությանը։ Իվանիշվիլին խայտառակել է բոլորին, ովքեր խոսել են իր խամաճիկների հետ Վաշինգտոնում։ Նման բաների համար ոչ ոք չի ներվում, Իվանիշվիլին դաժանաբար պատժվելու է», — հայտարարել է «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ռոման Գոցիրիձեն։
Քաղաքական գործիչները չեն բացառում միլիարդատեր Իվանիշվիլիի դեմ արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների կիրառումը։
«Օրինակ, օլիգարխ Պլախոտնյուկը, որը փախչել է և հայտնվել (ԱՄՆ) պատժամիջոցների ցուցակում։ Նման մի դեպք էլ Ռումինիայում է եղել։ Չի բացառվում, որ նա (Իվանիշվիլին) կարող է կիսել նրանց ճակատագիրը», — կարծում է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ պատգամավոր Սերգի Կապանաձեն։
«Իվանիշվիլին Արևմուտքին պատասխանել է, որ ինքը թքած ունի նրանց կարծիքի վրա։ Չեմ կարծում, որ արևմտյան գործընկերները շարունակելու են հանդուրժել նման վիրավորական վերաբերմունքը վրացական իշխանությունների կողմից», — ասում է արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության փորձագետ Ռուխաձեն։
Անգամ վրացի օլիգարխի նախկին համախոհ, Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին է ընդդիմության կալանավորված առաջնորդին «քաղբանտարկյալ» անվանել, իսկ ընթացիկ գործընթացները՝ «բռնաճնշումներ» և «հրաժարում ընտրված ժողովրդավարական ուղղությունից»։