Իշխող կուսակցության հաղթանակ, զեղծարարություն, հիասթափություն․ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը հաղթել է Ադրբեջանում փետրվարի 9–ին կայացած խորհրդարանական ընտրություններում բազում զեղծարարությունների ֆոնին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան է բաժին ընկել խորհրդարանի 125 տեղից 65–ը։ Այդ հաղթողներից շատերը նախորդ գումարման պատգամավորներն են։ 78 պատգամավոր պահպանել է իր մանդատը։ 10 տեղ են ստացել մանր ու սակավ հայտնի կուսակցությունների ներկայացուցիչները, և 43 տեղ՝ անկախ թեկնածուները։ Մի քանի ընտրատարածքների արդյունքները դեռ հայտնի չեն։
Գործող ընդդիմությունից խորհրդարանում է հայտնվել է չգրանցված «Հանրապետական այլընտրանք» (ՌԵԱԼ) կուսակցության կառավարման անդամ Էրքին Գադիրլին, որն ընտրություններին մասնակցում էր որպես ինքնաառաջադրված թեկնածու։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 47,81 տոկոս։ Նվազագույն մասնակցությունը չեղարկվել է 2009 թ–ին։
• Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում․ ի՞նչ է կատարվում և ինչո՞ւ է դա կարևոր
Ընտրությունների գնահատականը
Ընդդիմադիրների և անկախ թեկնածուների մեծ մասը, որոնք խորհրդարան չեն անցել, ընտրությունների արդյունքները կեղծված են համարում։ Քվեարկության ընթացքում նրանք բազմիցս հայտարարել են տարբեր խախտումների մասին՝ կարուսելներից մինչև ֆիզիկական ճնշում։
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին ասում է, որ ընտրություններին զեղծարարությունները «համատարած բնույթ» են կրել, իսկ մասնակցությունն ուռճացված է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պնդում է, որ խախտումները շատ չեն եղել, և յուրաքանչյուր դեպքը հետաքննվում է։
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային կազմակերպությունների արձագանքները դեռ չկան։
Իշխանամետ լրատվամիջոները մեջբերում են առանձին արտասահմանյան դիտորդների խոսքերը, որոնք գովել են ընտրությունների ընթացքը։
Այսպես, օրինակ, Գիտության, կրթության և մշակույթի ֆեդերացիայի խորհրդի կոմիտեի ղեկավար Լիլյա Գումերովան (Ռուսաստան) ասել է, որ ընտրատեղամասերում «շատ ու շատ կարգավորված աշխատանք է, զգացվում է տեղամասային հանձնաժողովների նախագահների բարձր պրոֆեսիոնալությունը»։
Հիասթափություն և զայրույթ
«Հանրապետական այլընտրանքի» առաջնորդ Իլգար Մամեդովը, որը բազմիցս հայտարարել էր, որ մարդկանց է փողոց դուրս բերելու զեղծարարությունների դեպքում, իր կողմնակիցներին կոչ է արել փետրվարի 16–ին բողոքի ակցիա անցկացնել։
• Հարցազրույց Իլգար Մամեդովի հետ
«Մուսավաթ» կուսակցության առաջնորդն իր ասուլիսին իշխանություններից պահանջել է նոր ընտրություններ անցկացնել։ Այն հարցին, թե ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել կուսակցությունն, Արիֆ Հաջիլին պատասխանել է, որ այդ հարցը քննարկվում է։
Սոցցանցերում շատերը գրում են իրենց հիասթափության, վրդովմունքի մասին և շատ վատատեսական են տրամադրված։ Սակայն այդ տրամադրությունները սահմանափակված են հասարակական ակտիվ երիտասարդության, երիտասարդ քաղաքական գործիչների և ակտիվիստների համեմատաբար փոքր շրջանակով։
Քանի որ հեռուստատեսությունը, որն ամբողջությամբ իշխանությունների վերահսկողության տակ է, Ադրբեջանի բնակչության համար տեղեկությունների գլխավոր աղբյուրն է, շատերը ոչինչ չգիտեն այն հույսերի մասին, որոնք այս ընտրությունների հետ կապում էր քաղաքացիական հասարակությունը։