Լոնդոնի Բարձր դատարանը վերջակետ է դրել Ադրբեջանի պետական բանկի նախկին ղեկավարի կնոջ նշանակալի գործում, ինչով էլ Մեծ Բրիտանիա տեղափոխված կոռուպցիոներների և հանցագործների փողերի և տների մասշտաբային որսի համար վերջին խոչընդոտն է վերացրել։ Մանրամասները՝ Բի–Բի–Սիի նյութում։
«Անբացատրելի հարստության մասին» օրենք
Բրիտանացիները դժգոհ էին, որ Լոնդոնը դարձել է խաղաղ հանգրվան կասկածելի կապիտալների համար։ Նրանք իշխանություններից պահանջում էին կարգուկանոն հաստատել, և մի քանի տարի առաջ իրավապահ մարմիններն անշարժ գույքի գնման միջոցով հանցավոր եկամուտների օրինականացման դեմ պայքարի համար նոր գործիք էին ստացել՝ օրդեր, որը 50 հազար ֆունտ գումարից բարձր ակվիտներ ունեցողներին պարտավորեցնում է ապացուցել, որ դրանք գնվել են ազնիվ ճանապարհով վաստակած փողով։
Նախադեպ
Չունենալով եկամուտ՝ Ադրբեջանի պետական բանկի նախկին նախագահ Ջահանգիր Հաջիևի կինը՝ Զամիրա Հաջիևան, Լոնդոնում շքեղ կյանք էր վարում։ Նրա ամուսինն ավելի վաղ Ադրբեջանում դատապարտվել էր հափշտակության համար։
Այդ ամենը Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության կասկածներն էր առաջացրել և Հաջիևային կատարյալ թիրախ դաձրել նոր արշավի առաջին աղմկահարույց գործի համար։ Քննիչները հեշտությամբ դատավորին համոզել էին օրդեր դուրս գրել, որը Հաջիևայից պահանջում է բացատրել, թե որտեղից է նա գումար հայթայթել Լոնդոնի հարուստ թաղամասերից մեկում տուն և շքեղ արվարձանում գոլֆի դաշտով ամառանոց գնելու համար։
Լրատվամիջոցները մանրամասներ էին ներկայացնում առևտրի թանկ կենտրոնում նրա միլիոնների հասնող ծախսերի և մասնավոր ինքնաթիռի գնման վերաբերյալ։
Պարտված հայց
Հաջիևայի օրդերը, որն իր տեսակով առաջինն էր, իրավապահ մարմինները դուրս էին գրել 2018 թ–ի փետրվարին։
Հաջիևայի փաստաբանները պնդում էին, որ նրա ունեցվածքն օրինական ճանապարհով է ձեռք բերվել, իսկ նրա ամուսինը պետական ծառայող չի եղել, այդ պատճառով էլ նրա վրա «անբացատրելի հարստության մասին» օրենքը չի տարածվում։
Փետրվարին երկրորդ դատական ատյանը հերքել էր այդ փաստարկներն ու վճռել չշարունակել դատավարությունը․ գործը վճռված է համարվում։
Այժմ եթե յոթ օրվա ընթացքում Հաջիևան իշխանություններին եկամտի օրինական աղբյուրների մասին իրենց կարծիքով համոզիչ տվյալներ չներկայացնի, նրա անշարժ գույքը կառգրավվի։
Ի՞նչ է լինելու
«Մենք գոհ ենք դատավճռից։ Նախադեպ է ստեղծվել, որը մեզ կօգնի անբացատրելի հարստության համար օրդերների վերաբերյալ հետագա հայցերի հարցում», – ասել է Հանցավորության դեմ պայքարի գործակալության ղեկավարներից մեկը՝ Սարա Փրիթչարդը։
Երեք նոր գործ շուտով պետք է դատարան հասնի։ Ոչ բոլոր ֆիգուրանտների անուններն են նշվում, սակայն ավելի վաղ գործակալության ներկայացուցիչները խոստացել են օրդերներ դուրս գրել Աֆրիկայից, Հարավային Ասիայից, նախկին ԽՍՀՄ երկրներից և Ռուսաստանից եկածներին։
Զամիրա Գադժիևայի անունով գրանցված առանձնատունը Լոնդոնում։ Լուսանկարը՝ REUTERS / Simon Simonson