Մրցակցին կաշառելու փորձի մեղադրանքն ադրբեջանցի պատգամավորին չի խանգարի ընտրությունների ժամանակ
Փետրվարի 6
Պատգամավոր Ֆարաջ Գուլիևին, որին խորհրդարանական ընտրություններում նրա մրցակից, բլոգեր Մեհման Հուսեյնովը մեղադրել էր կաշառելու փորձի համար, դուրս չեն թողել ընտրություններին մասնակցութունից, այլ ընդամենը զգուշացում են տվել։
Ընդ որում, Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը քննել է բողղոքը, պարզաբանել է, որ «սա վերջնական որոշում չէ», քանի որ դատախազությունը դեռ հետաքննություն է վարում։
Ըստ Մեհման Հուսեյնովի՝ Ֆարաջ Գուլիևն իրեն փող է առաջարկել, որ ինքը «խաղից դուրս գա» և սատարի Գուլիևին գալիք ընտրություններին։
Սակայն ըստ Գուլիևի՝ իրեն պարզապես սխալ են հասկացել, և փողն ինքն անշահախնդիր է առաջարկել։
Փետրվարի 3
Ադրբեջանցի բլոգեր, նախկին քաղբանտարկյալ և պատգամավորի թեկնածու Մեհման Հուսեյնովը հայտարարել է, որ ընտրատարածքում իր մրցակից Ֆարաջ Գուլիևը փորձել է իրեն կաշառել և ստիպել, որ ինքը հրաժարվի պայքարից։ Ըստ մրցակցի՝ ինքը բլոգերին առաջարկել է ոչ թե կաշառք, այլ օգնություն։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են փետրվարի 9–ին։
• Կարծիք․ Ի՞նչ է տեղի ունենում Ադրբեջանում․ հեղափոխություն վերևի՞ց, թե՞ իմիջի շտկում
«Կողքիս եղիր»
Մեհման Հուսեյնովը համացանցում է տեղադրել նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության ղեկավար Ֆարաջ Գուլիևի հետ իր զրույցի աուդիոձայնագրությունը։
Այդ ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է զրուցակիցը բլոգերին ասում․
«Եթե մենք կիսենք ձայները, դա միայն ձեռնտու կլինի «Ենի Ազերբայջանին» [իշխող կուսակցություն – խմբ․]։ Այդ պատճառով էլ ես քեզ առաջարկում եմ չմրցակցել, այլ կողքիս լինել։ Այսինքն՝ եթե ես վաղը պատգամավոր դառնամ, քեզ ամեն կերպ կաջակցեմ։ Օրինակ, դու կարող ես երիտասարդական միավորում ստեղծել։ Օգնի՛ր ինձ ընտրություններում, կողքիս եղիր։ Անկեղծ ասած, ես չեմ հավատում իմ հաղթանակին։ Որովհետև դու՝ որպես բլոգեր, շատ ուժեղ ես, ես չեմ կարող մրցել քեզ հետ։ Սա մի՛ ընկալիր որպես կաշառք, սակայն եթե քեզ բուժում անհրաժեշտ լինի, կարող եմ քեզ 10-15 հազար առաջարկել»։
Սակայն Մեհման Հուսեյնովն այս առաջարկն ընկալել է հենց որպես կաշառք, բողոք է գրել գլխավոր դատախազություն, կենտրոնական ընտրական կոմիտե և շրջանային ընտրական հանձնաժողով և սոցցանցերում արշավ սկսել Ֆարաջ Գուլիևի դեմ։
Օգնելու փո՞րձ, թե՞ հանցագործություն
Ֆարաջ Գուլիևը խոստովանում է, որ հանդիպել է Մեհման Հուսեյնովին և առաջարկել դառնալ իր վստահված անձը։ Սակայն, ըստ պատգամավորի վարկածի, ինքը բլոգերին գումար է առաջարկել ոչ որպես կաշառք, այլ որպես օգնություն բուժման գործում, քանի որ զրույցի ընթացքում Մեհմանը բողոքել էր առողջական խնդիրներից։ Բացի այդ, ըստ պատգամավորի՝ խոսակցությունը տևել է 45 րոպե, իսկ բլոգերը հրապարակել է դրա ընդամենը մի փոքր հատվածը։
Կենտրոնական ընտրական կոմիտեն ոչ մի մեկնաբանություն դեռ չի արել։ Սակայն ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար և ԿԸԿ նախկին անդամ Աքիֆ Գուրբանովը կարծում է, որ պատգամավորի արարքը կարելի է որակել որպես Ընտրական օրենսգրքի խախտում, և դրա համար Ֆարաջ Գուլիևին կարելի է ընտրություններից դուրս թողնել։ Նույն կարծիքին է նաև իրավունքի ոլորտի փորձագետ Ալեսքեր Մամեդլին։