Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է, առաջին անգամ այն երկու օր է ընթացել։ Թարմացում
2020 թ–ի հունվարի 30
Ավարտվել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը։ Ղարաբաղյան հակամարտության շուրջ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի բանակցությունները սկսվել են հունվարի 29–ին և տևել 7 ժամ, 30-ին՝ ևս 4 ժամ։ Այն ամենն, ինչ հայտնի է Ժնևի հանդիպումից հետո, ժամերի քանակն է, որոնք նախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրել են բանակցությունների սեղանի շուրջ։ Նաև կա տեղեկատվություն, որ նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել։
Նախարարների այս ամենաերկար բանակցություններից հետո կարելի է միայն ենթադրել, որ համանախագահները քննարկման համար նրանց լուրջ թեմա են առաջարկել, որը դարձել է ԱԳՆ ղեկավարների առաջին երկօրյա բանակցությունների առիթը։
2020 թ–ի հունվարի 29
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հունվարի 29–ին հանդիպել են Ժնևում։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
• Խաղաղություն չի՞ լինելու։ Պատերա՞զմ
Տեղեկություններ Բաքվից
Ադրբեջանում հանդիպման արդյունքների մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն դեռ չկա։ Լրատվական կայքերի մեծ մասը հաղորդել է միայն հանդիպման մեկնարկի մասին, սակայն ոչ մի կերպ չի մեկնաբանել դրա ավարտը։
konkret.az կայքում հայտնվել է քաղաքագետ Ջեյխուն Ահմեդլիի մեկնաբանությունը, որը կտրուկ արտահայտություններով քննադատել է Փաշինյանին Ժնևի հանդիպումից մի քանի օր առաջ Ղարաբաղ կատարած այցի համար։
«Ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ բանակցությունների ժնևյան փուլը ևս մեկ անգամ ցույց տվեց Փաշինյանի դիրքորոշման անհիմն լինելը։ Այն իմաստով, որ Հայաստանի իշխանություններն արդեն գիտակցել են կեղծ ռեժիմի կողմից բանակցություններին մասնակցելու անհնարինությունը», — գրում է konkret.az–ը։
Քաղաքագետ Ֆիքրեթ Սադիղովը հանդիպումից առաջ ասել է RealTV–ին, որ դրանից ոչ մի լավ բան չի սպասում՝ դա բացատրելով Հայաստանի արած իրարամերժ հայտարարություններով․
«Այդ ֆոնին ի՞նչ դրական արդյունքների մասին կարող է խոսք լինել։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի նրանք ազդեն Հայաստանի վրա, այլ ոչ միայն մնան դիտորդի դերում։ Հումանիտար կապերի և լրագրողների փոխադարձ այցերի մասին խոսակցությունները ոչինչ չեն լուծի»։
Նրա կարծիքով՝ առաջատար համաշխարային ուժերը սխալվում են՝ պահանջելով, որ խնդիրը լուծվի հենց կողմերի միջև բանակցությունների միջոցով, քանի որ Հայաստանը բացարձակ պատրաստ չէ խաղաղության։
Տեղեկություններ Երևանից
Հայկական լրատվամիջոցները Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից սպասելիքների մասին գրում էին դեռ նախքան բանակցությունների մեկնարկը։ Սակայն խոսքը հենց այն մասին էր, որ դրանցից հատուկ սպասումներ պարզապես չեն կարող լինել։ Այդպիսին է հայ փորձագետների նախնական գնահատականը։
Մասնավորապես, քաղաքագետ Ալեքսանդր Իսկակնդարյանը կարծում է , որ ժնևյան հանդիպումից «ինչ–որ կտրուկ շրջադարձերի և փոփոխությունների պետք չէ սպասել»․
«Դա, իհարկե, միայն ընտրությունների համատեքստում չէ (խոսքը 2020 թ–ի մարտին Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական և նախագահական և Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների մասին է)։ Ղարաբաղյան հակամարտությունն այն փուլում չէ, որ կտրուկ փոփոխությունների սպասենք»։
Միաժամանակ, փորձագետն ասում է, որ այդ հանդիպումներն անվտանգության ապահովման և ստատուս քվոյի պահպանման համար անհրաժեշտ ձևաչափերից են․
«Ես լավ եմ վերաբերվում նման հանդիպումներին, քանի որ համաշխարհային փորձը ցույց է տալիս․ այն հակամարտությունները, որտեղ կողմերի միջև փոխազդեցության կետ կա, ավելի լավ են զարգանում, քան նրանք, որոնք ընդհանրապես նման կետ չունեն։ Սակայն նման հանդիպումներից սպասել, թե դրանց շնորհիվ կոնֆլիկտը կլուծվի, պետք չէ»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով էլ հայկական կողմի համար այժմ կարևոր է բանակցային գործընթացում փոխել այն տրամադրվածությունը, որը «ժառանգել է» նախորդ իշխանություններից։
«Բանակցային մթնոլորտում կամ հանդիպումների իրավիճակի այս մթնոլորտում թելադրող և նախաձեռնող դիրքն անցնում է Հայաստանին, էդ պաշտպանվող ռեժիմից անցնում է ավելի շատ նախաձեռնող և իրավիճակ ստեղծող ռեժիմին։ Այս տեսանկյունից Ադրբեջանում էլ էդ ներքին փոփոխությունները և ներքին մրցակցությունը էապես պայմանավորված են նաև Հայաստանի քաղաքականությամբ, որովհետև Բաքուն , մեծ հաշվով, կանգնում է հետևյալ երկընտրանքի առաջ՝ կա՛մ սկսել պատերազմ, կա՛մ մտածել որևէ կերպ դեմքը փրկելով առանց նախապայմանի խաղաղության շուրջ խոսելու մասին։ Որովհետև պատերազմը սկսելը Ադրբեջանի համար չափազանց բարդ է և չափազանց ռիսկային»։