$13 և ավելին՝ հեռուստատեսային եթերի մեկ վայրկյանի համար․ ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ է նախընտրական արշավի թանկությունից
Ընդդիմադիր և անկախ թեկնածուները, որոնք պատրաստվում են Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրություններին, դժգոհ են նախընտրական արշավի թանկությունից։ Բոլոր հեռուստաալիքներից (իսկ դրանք բոլորն այսպես, թե այնպես վերահսկվում են կառավարության կողմից) վճարովի ագիտացիայի համար համաձայնել է եթեր տրամադրել միայն հանրային հեռուստատեսությունը՝ 22-65 մանաթ արժեքով [մոտ $13-38] եթերի մեկ վայրկյանի համար, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»։
• Ի՞նչ է տեղի ունենում Ադրբեջանում․ հեղափոխություն վերևի՞ց, թե՞ իմիջի շտկում։ Կարծիք
Այսինքն՝ ագիտացիայի մեկ րոպեն նվազագույնն արժե $780։ Ընդդիմադիր թեկնածուների և ինքնաառաջադրվածների մեծ մասն ասում է, որ իրենց համար գներն աննախադեպ բարձր են, հետևաբար, իրենք ստիպված են հրաժարվել հեռուստաագիտացիայից։
Այսպես, օրինակ, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին հայտարարել է, որ այդ պայմաններում իր կուսակցությունը տարածելու է պաստառներ և թռուցիկներ, ընտրողների հետ կենդանի շփման է գնալու և օգտագործելու է սոցիալական մեդիաները։
Իսկ փորձագետները կարծում են, որ այդ թանկությունը կապված է մրցակիցներին եթեր չտալու իշխանությունների ցանկության հետ։
Արտահերթ ընտրություններ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում նշանակվել են 2020թ-ի փետրվարի 9-ին այն բանից հետո, երբ 2019 թ-ի դեկտեմբերի վերջին խորհրդարանը հայտարարեց ինքնալուծարման մասին։ Նախաձեռնողը «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունն էր, որն իր որոշումը փաստարկել էր հետևյալ կերպ․ պետք է նոր խորհրդարան հավաքել, որն ավելի շատ կհամապատասխանի նախագահ Իլհամ Ալիևի անցկացրած բարեփոխումներին։
Արտահերթ ընտրություններին «Ենի Ազերբայջան» կուսակցությանը զուգահեռ մասնակցելու են նաև մի քանի ընդդիմադիր կուսակցություններ և անկախ թեկնածուներ։ Ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նախընտրեց բոյկոտել ընտրությունները՝ նախապես չհավատալով դրանց ժողովրդավարությանը։
Նախընտրական արշավը սկսվում է հունվարի 17-ին և կավարտվի փետրվարի 8-ին։
Անվճար քարոզարշավ միայն ընտրյալների համար
Ինչ վերաբերում է հանրային հեռուստատեսությամբ և պետական թերթերում անվճար քարոզարշավին, ապա, ըստ օրենսդրության, այն հասնում է միայն այն կուսակցություններին և դաշինքներին, որոնք գրանցված թեկնածուներ ունեն 125 ընտրատարածքներից ավելի քան 60-ում։
«Անվճար հիմունքներով հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում եթերաժամանակ կստանա միայն «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը, քանի որ միայն նրա թեկնածուներն են գրանցված գրեթե բոլոր ընտրատարածքներում», — պարզաբանում է Քաղաքական ազատությունների պաշտպանության դաշինքի համակարգող Սամիր Քազիմլին։
Աննորմալ իրավիճակ
«Այն փաստը, որ ոչ մի այլ հեռուստաալիք պատրաստակամություն չի հայտնել վճարովի հիմունքներով քարոզարշավ անցկացնել, վկայում է արշավը հնարավորինս անաղմուկ անցկացնելու և ընտրությունների շուրջ իրարանցում չառաջացնելու իշխանությունների մտադրության մասին», — հավելում է Սամիր Քազիմլին։
Նրա կարծիքով՝ դա կարող է բերել ցածր մասնակցության, ինչն, իր հերթին, կհեշտացնի արդյունքների կեղծումը։
Մեդիայի իրավունքների ոլորտի փորձագետ Ալեսքեր Մամեդլին նույնպես աննորմալ է համարում, որ քաղաքական գովազդն առևտրայինից 15 անգամ ավելի թանկ է։ Ինչպես նաև այն, որ ոչ մի այլ ալիք քարոզարշավի նույնիսկ վճարովի հնարավորություն չի առաջարկել, թեև նրանց համար սա գումար աշխատելու լավ միջոց էր։ Մամեդլին դա համարում է այն բանի վկայություն, որ նրանք բոլորը խստորեն վերահսկվում են իշխանությունների կողմից։