Կարծիք․ Ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստանում քաղաքացիականի փոխարեն ծաղկում է պետական հասարակությունը
∗ Օլգա Ռոմանովայի մեկնաբանությունը, հրապարակվել է ռուսական Republic պարբերականում
_______________________________________________
Ժամանակին Ռուսաստանում կար մասնավոր նավթ, մասնավոր բանկեր և մասնավոր հեռուստատեսություն։ Ներկայիս Ռուսաստանում ժողովրդական տնտեսության՝ պետության վերահսկողության տակ չգտնվող ճյուղերի գոյության մասին չենք կարող խոսել։
Դեռ վերջերս Ռուսաստանում ինչ-որ անկախ փաստաբաններ, հասարակական կազմակերպություններ և իրավապաշտպաններ կային։ Սակայն այժմ դրան էլ է վերջ եկել։
Պաշտոնապես հայտարարվել է, որ երկրի գլխավոր իրավապաշտպաններն են Պուտինը, դատախազությունը և դատարանը։
Այսինքն՝ Ռուսաստանում այժմ պետությունն է զբաղեցնում գլխավոր իրավապաշտպանի տեղը։ Այսինքն՝ մեղուները մեղվին դեմ են։ Պաշտոնյաները դեմ են այլ պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքների խախտումներին։
•Մոսկվա․ ընդդիմադիրների բազմամյա ազատազրկում թվիթների և բողոքի ակցիաներին մասնակցելու համար
•«Շատ մարդկային մարդ»․ սիրառատ հաղորդում Պուտինի մասին ռուսական Թի-Վի-ով
Եվ հատուկ այդ ողջ ճոխության համար դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը, Մոսկվայում բացվեց մի ամբողջ պալատ, որը զարդարված էր Զուրաբ Ծերեթելիի քանդակով՝ Մարդու իրավունքների տունը։
Այստեղ ամեն ինչ կենտրոնացված է՝ էլեկտրոնային հերթ, կտրոններ, փայլեցված մարմար և ոսկեզօծ էլեմենտներ։
Սակայն դա էլ բավարար չէ։ Բացի այդ, [իշխող] «Միասնական Ռուսաստան» կուսակցությունում հատուկ Իրավապաշտպան կենտրոն է ստեղծվել։ Եվ այն գլխավորել է Russia Today-ի (ռուսական իշխանամետ հեռուստաալիք) գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Իսկ ի՞նչ անեն այսպես կոչված ավանդական իրավապաշտպանները։ Որոնք պետական չեն։
Նրանք երեք ընտրություն ունեն՝ միանալ պետությանը, մեկնել կամ նստել։
Ի դեպ, բավականաչափ մարդիկ են անցել այս երեք ճանապարհներով։
Դրան էլ ամեն բան գնում էր։
•Սկզբից՝ նախագահական գրանտներ և դրանց վրա դրված GONGO (պետության կազմակերպած ոչ պետական կազմակերպություններ) շտամպը։
•Հետո՝ նրանց համար, ովքեր չեն հասկացել, արտասահմանյան գործակալի կարգավիճակ։
•Իսկ եթե մարդ կա, որ այսքանից հետո էլ չի հասկացել, սնանկացնող տուգանքներ կամ դատական գործ։
Ահա նախագահ Պուտինի կարծիքն անկախ իրավապաշտպանների մասին, այստեղ նա խոսում է «Հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար, հայտնի Լև Պոնոմարյովի մասին․
«Նա համերաշխ է ԱՄՆ-ի հետ Ղրիմի հարցով, նա ճապոնացիների հետ բանակցություններ է վարել Կուրիլյան կղզիները հանձնելու մասին, նա ի՞նչ է, միջազգայնագե՞տ։ Դա ի՞նչ է, իրավապաշտպան գործունեությո՞ւն»։
Ահա Պուտինից ևս մեկ մեջբերում․
«Դա (անկարգությունները) ամբողջ աշխարհում է տեղի ունենում, իսկ մենք այստեղ տարբերվում ենք։ Տեսեք, թե Ֆրանսիայում ինչ է տեղի ունենում, ինչ է ԱՄՆ-ում մշտապես տեղի ունենում․․․ Ասում են, (ցույցերի մասնակիցը) ինչ-որ պլաստիկ բաժակ է նետել իշխանության մարմնի ներկայացուցչի վրա։ Նետել է, ոչինչ։ Հետո՝ պլաստիկ շիշ, կրկին՝ ոչինչ։ Հետո արդեն ապակյա շիշ է նետելու, իսկ հետո՝ նաև քար։ Իսկ հետո կսկսեն կրակել և խանութները կոտրել։ Մենք չպետք է նման բան թույլ տանք»։
Միանգամից հիշում ես Խելացի Էլզայի մասին առակը․
«Ահա ես կամուսնանամ Հանսի հետ, և երեխա կունենանք, նա կմեծանա, նրան կուղարկենք մառան՝ գարեջուր զտելու, հանկարծ բրիչը կընկնի գլխին և կսպանի»։
Եկեք արգելենք բրիչները, գարեջուրն ու Հանսին։ Քիմիայի դասերը, ի՞նչ իմանաս, ինչ փորձարկումներ կանեն, ռումբ կսարքեն։ Լավ է կարդալն էլ արգելել, դա ընդհանրապես ամենավնասակար բանն է։
Իշխանության և հասարակության ոչ մի երկխոսություն չի լինելու։
Նավալնին (ռուսական ընդդիմության առաջնորդը) որոշել էր մտնել Մոսկվայի քաղաքային դումա (քաղաքային խորհրդարան), զրուցել։ Չէ՞։
Այդ ի՞նչ գրառում եք ձեզ մոտ արել սոցցանցում։ Deutsche Welle՞, Բի-Բի-Սի՞, Ազատություն ռադիոկայա՞ն։ Լա՞յք եք դրել։ Ուրեմն հիմա ֆիզիկական անձ-արտասահմանյան գործակալ եք, ձեր իսկ ձեռքով նշան կպցրեք ձեր բաճկոնին, իսկ սկզբի համար՝ ահա մի տուգանք, իսկ հետո՝ մինչև 15-օրյա կալանք, եթե խելքի չգաք։
Ձեզ համար Մարդու իրավունքների տուն ենք սարքել, գնացեք այնտեղ, լավ տուն է, մաքուր Լունապարկ է։ Կտրոն վերցրեք և խոսեք այնտեղ։ Մենք ձեզ կհաշվառենք։
Դեռ կարող եք գնալ։ Ազատ եք։