Հայաստան․ մարդկանց մեծ մասը սատարում է կառավարությանը, սակայն շատացել են դրա արդյունավետության վրա կասկածողները
Հարցվածների 76 տոկոսը գոհ է Հայաստանի վարչապետի ապարատի աշխատանքից, 63 տոկոսը դրական է գնահատում Ազգային ժողովի գործունեությունը։
Սրանք Միջազգային հանրապետական ինստիտուտի նոր հետազոտության արդյունքներն են։ Թվերը խոսում են իշխանությունների աշխատանքի դրական գնահատականի բավականին բարձր մակարդակի մասին։ Սակայն հարցումը միաժամանակ գրանցել է պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության նվազում։
Մասնավորապես, հարցվածների 27 տոկոսը կառավարության ամենամեծ ձախողումն է համարում վատ կառավարումը։ Եվ այդպիսիք հինգ տոկոսով ավելին են, քան նախորդ հարցման ժամանակ, որն անցկացվել էր ոչ հեռավոր անցյալում՝ 2019 թ-ի մայիսին։
• Հեղափոխությունից հետո․ կյանքի առաջին տարին նոր Հայաստանում
• Հայաստանում մտավախություն կա, որ կառավարությունն ուզում է խիստ գրաքննություն մտցնել
Ինչի՞ց են գոհ Հայաստանի բնակիչները
Գործող իշխանությունների ձեռբերումներից մեկն է համարվում կոռուպցիայի դեմ պայքարը․
• հարցվածների 66 տոկոսը կարծում է, որ կառավարությունը բավականաչափ քայլեր է ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ;
• 70 տոկոսն այդ պայքարն արդյունավետ է համարում;
• 30 տոկոսը կառավարության ամենամեծ հաջողությունն է համարում կոռուպցիայի նվազումը։
Բնակիչների մեծ մասը հետաքրքրվում է դատական բարեփոխումների ընթացքով․
• հարցվածների 82 տոկոսը կարծում է, որ դատական բարեփոխումը պետք է առաջնահերթություն լինի;
• հարցվածների 60 տոկոսն ակնկալում է նախորդ իշխանությունների հանցագործությունների հետաքննություն՝ կոռուպցիայից և ապօրինի հարստացումից մինչև մարդու իրավունքների խախտում և ընտրությունների կեղծում։
Դրական փոփոխություն են մարդիկ համարում․
• մարդկանց հոգեբանական վիճակի բարելավումը (19 տոկոս);
• ժողովրդավարության հաստատումը (13 տոկոս);
• քաղաքական դաշտից նախկին իշխող Հանրապետական կուսակցության հեռացումը (13 տոկոս)։
Ինչի՞ց են դժգոհ Հայաստանի բնակիչները
Ամենից շատ հարցվածները կասկածում են, որ կլուծվեն սոցիալ-տնտեսական խնդիրները (29 տոկոս՝ նախկին 18 տոկոսի համեմատ)։
Շարունակում է աճել այն մարդկանց թիվը, որոնք անհրաժեշտ են համարում նոր աշխատատեղերի ստեղծումը (38 տոկոս՝ նախկին 30 տոկոսի համեմատ)։
Բացի այդ, այն մարդկանց թիվը, որոնք կառավարության ամենամեծ բաթողումն են համարում վատ կառավարումը, կազմում է 27 տոկոս։ Դա հինգ տոկոսով ավելին է, քան մայիսին անցկացված հարցման ժամանակ։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝
Ֆեյսբուքյան իր էջում
«Հեղափոխության պահանջը բնավ սպառված չէ։ Իմ կարծիքով, դա հղի է ապակայունացմամբ․․․ Գործունեությանը հավանություն տալը միշտ չէ, որ վստահություն է նշանակում»։
«Օրինակ, 2017 թ-ի հուլիսին Կարապետյանի [Կարեն Կարապետյան 2016-2018 թթ-ին Հայաստանի վարչապետն էր — JAMnews] գործունեությունը հավանության էր արժանացնում բնակչության 71,7 տոկոսը, սակայն նրան վստահում էր ավելի քիչ մարդ՝ 63,4 տոկոս։ Չի բացառվում, որ Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակն ավելի ցածր լինի, քան նրա գործունեության հավանությանը։
2018-ի փետրվար-մարտին բանակին վստահում էր 83 տոկոսն, իսկ իշխանափոխությունից հետո դրա գործունեության հավանության մակարդակը կազմում էր 74 տոկոս։ Այս անկումը տեղի էր ունենում բանակի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեցող հասարակական խմբերի գործունեության, ինչպես նաև «Երկրապահ» կամավորականների միության [ստեղծվել է 1993 թ-ին — JAMnews] առաջնորդ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կոռուպցիոն բացահայտումների ֆոնին։
Հետագայում, սակայն, իրավիճակը կայունացավ, բացի այդ, վարչապետը զգալի ջանքեր գործադրեց բանակի նկատմամբ վստահության բարձրացման համար։ Եվ այժմ դրա գործունեությունն արժանանում է 91 տոկոսի հավանությանը»։