Թուրքիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդը քննադատում է ԱՄՆ Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար
Եպիսկոպոս Սահակ Մաշալյանը Թուրքիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդն է դարձել մոտ մեկ շաբաթ առաջ՝ 2019 թ-ի դեկտեմբերի 11-ին, սակայն հասցրել է Հայաստանի հասարակության մի մասի վրա բացասական տպավորություն թողնել։
Պատճառներից մեկն այն է, որ Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) հայկական թեմի նոր՝ 85-րդ, պատրիարք Սահակ Մաշալյանը քննադատել է ԱՄՆ Սենատին, որը դեկտեմբերի 12-ին միաձայն քվեարկել է Օսմանյան Թուրքիայում Առաջին աշխարհամարտի տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։
Սակայն դրանից առաջ էլ Ստամբուլի հայ համայնքի անդամներն արդեն հայտարարում էին, որ չեն ընդունում Մաշալյանին, քանի որ նա Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումներին է սատարում։
«Հայերի տառապանքներն օգտագործել են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»
«100 տարի առաջ հայերի կրած տառապանքն» այլ երկրներն օգտագործել են Թուրքիայի վրա տնտեսական և քաղաքական ճնշում գործադրելու համար, ասել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը թուրքական Sabah պարբերականին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ նման գործողությունները «բարոյազուրկ» են․
«Մենք չենք ցանկանում, որ այս խնդրի մասին խոսեն տարբեր երկրների խորհրդարաններ, այլ ցանակնում ենք խոսեն նրանք, ովքեր այս հողի վրա են ապրում: Մենք ուզում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավվեն․․․
Հայ համայնքն ինտեգրված է Թուրքիայի կյանքին: Մենք այս երկրի հետ ունենք ընդհանուր ճակատագիր․․․
Դա Ստամբուլի հայ համայնքի ընտրությունն է։ Մենք որոշել ենք ապրել այս երկրում: Եվ այդ հանգամանքը մեզ․․․ Հայաստանի հայերից տարբեր է դարձնում։
Նման հարցերի հրահրումը Թուրքիայում, ավելացնում է ատելության խոսքը»։
Եպիսկոպոսը հայտարարել է, որ կողմ է պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը, որը կարող էր ուսումնասիրել 100-ամյա վաղեմության իրադարձությունները։
Փորձագետները հիշեցնում են, որ հենց նման նախաձեռնությամբ էին նախկինում հանդես գալիս թուրքական իշխանությունները։ Հայաստանի իշխանություններն իր պատասխան բազմիցս հայտարարել են, որ ցեղասպանության թեման քննարկման ենթակա չէ, քանի որ անվիճելի փաստ է։
«Մի մոռացեք, թե ինչ ժամանակներում և ինչ երկրում է Մաշալյանը»
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Մաշալյանի հայտարարություններն ու կոչ արել չափազանց խիստ չլինել պատրիարքի նկատմամբ․
«Չենք մոռանում, թե ինչ ժամանակներում և որ երկրում է գործունեություն ծավալում Մաշալյանը․․․ Պատրիարքը նոր է ընտրվել, դիրքերը դեռ բավականաչափ ամուր չեն։
Փորձենք տեսնել «մեդալի մյուս կողմը»։ Նա ասում է, թող երրորդ ուժերը մեր ողբերգությունը չօգտագործեն իրենց շահերն առաջ մղելու համար։ Նա Հայաստանին ու Թուրքիային անուղղակի կոչ է անում երկխոսել միմյանց հետ։ Հենց ինքն էլ կամուրջ կարող է դառնալ նման հարցերում»։
«Պատրիարքն ընտրվել է առանց մրցակցության, այդ պատճառով էլ նա լեգիտիմ չէ»
Թուրքիայի հայ համայնքն ի սկզբանե Մաշալյանին ընկալել է որպես մարդու, որը ներկայացնում է երկրի իշխանությունների մոտեցումները։
Տեղի հայերը նաև կարծում են, որ Հայ Առաքելական եկեղեցու Պոլսի թեմի ղեկավարի ընտրություններն առանց մրցակցության են անցել, այդ պատճառով էլ պատրիարքը ոչ լեգիտիմ է։
«Ընտրություններին մասնակցել է համայնքի ներկայացուցիչների մոտ մեկ քառորդը՝ շուրջ 14 հազար մարդ, և դրանով ամեն ինչ ասված է», — հայտարարել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Դժգոհությունը կապված է նրա հետ, որ Թուրքիայի կառավարությունը սահմանափակել է այն անձանց շրջանակը, որոնք կարող էին իրենց թեկնածությունն առաջադրել։ Դա կարող էին լինել միայն երկրի քաղաքացիները։
«Մաշալյանն ընտրություններին մասնակցել է և դարձել․․․ Հայաստանից իր հոգևոր եղբայրների իրավունքների խախտման մասնակից», — համարում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նրա կարծիքով՝ Թուրքիան փոխել է ընտրությունների կանոնները, որպեսզի կանխի Հայաստանից առաջադրված թեկնածու արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանի հաղթանակը, որն իր շուրջ կարող էր միավորել համայնքը։
Ընտրություններին մասնակցում էր երկու «տեղացի» թեկնածու՝ Մաշալյանն ու եպիսկոպոս Արամ Աթեշյանը։ Երկուսն էլ հարմար թեկնածուներ էին Թուրքիայի կառավարության համար։
Ընտությունների նկատմամբ այս մոտեցմանը դեմ էր արտահայտվել նաև թուրքական խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, որը հայտնի է որպես Թուրքիայի իշխանությունների առավել հետևողական քննադատներից մեկը։ 2015 թ-ին Փայլանը Թուրքիայի խորհրդարանի՝ հայկական ծագմամբ երեք պատգամավորներից մեկն է դարձել։
Ֆեյսբուքյան իր էջում Փայլանը գրել է․
«Ես ընտրվածին չեմ համարելու իմ պատրիարքը»։
Թուրքիայում ընդհանուր լարվածությունը կապված է ԱՄՆ Սենատի բանաձևի հետ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել է ճանաչել ԱՄՆ-ում հնդկացիների ցեղասպանությունն ի պատասխան 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ԱՄՆ Սենատի կողմից․
«Ինչպե՞ս կարելի է լռել այս մասին, երբ խոսում ես Ամերիկայի մասին։ Դա ԱՄՆ պատմության մութ էջն է»։
Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը չպետք է «զոհաբերի երկու երկրների հարաբերություններն ու օգտագործի 1915 թ-ի իրադարձություններն իր ներքին քաղաքականության նպատակների համար»։
Էրդողանը պատասխանել է նաև Ռուսաստանից հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման և Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն իրականացնելու համար ԱՄՆ կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու սպառնալիքին։
Նա սպառնացել է, որ «անհրաժեշտության դեպքում» Թուրքիան (ՆԱՏՕ-ի անդամ) Ամերիկայի համար կփակի Ինջիրլիք ավիաբազան, որը կարևոր օբյեկտ է ԱՄՆ ռազմաօդային ուժերի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի համար։