Ռուսաստանի և Բելառուսի «խորացված ինտեգրացիան» հետաձգվում է։ Մինսկում բողոքում են անկախության կողմնակիցները
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Ռուսաստանի հետ երկրի ինտեգրացիայի դեմ ցույցերը։ Ցուցարարները կրկին փողոց են դուրս եկել՝ չնայած նրան, որ դեկտեմբերի 7-ին Բելառուսի և Ռուաստանի նախագահների հանդիպմանը, ի հեճուկս սպասումների, երկու երկրների հետագա միավորման վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել։
«Ոչ միավորմանը» և «Կեցցե Բելառուսը»
Ինչպես հաղորդում է Եվրոռադիոն, կիրակի՝ հոկտեմբերի 8-ին, Մինսկում անցկացվել է Ռուսաստանի հետ Բելառուսի ինտեգրմանը դեմ հերթական չարտոնված բողոքի ակցիան։ Հոկտեմբերյան հրապարակ էին եկել հարյուրավոր մարդիկ։ Հիմնական կարգախոսներն էին՝ «Ոչ միավորմանը», «Ոչ մի միություն կայսրական Ռուսաստանի հետ», «Կեցցե Բելառուսը»։
•Արդյո՞ք Ռուսաստանը կարող է բռնակցել Բելառուսը
•«Կոմերսանտ»․ նախապատրաստվում է Բելառուսի և Ռուսաստանի կոնֆեդերացիա
Ակցիայի մասնակիցները կողմ են քվեարկել հանրահավաքի բանաձևի օգտին, որում հայտարարել են «բոլոր համաձանագրերի ոչ լեգիտիմության» մասին։ Խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնք ստորագրել են Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարները։ Ակցիայի մասնակիցները նաև կոչ են անում միջազգային հանրությանը համերաշխություն հայտնել բելառուս ժողովրդին, ոչ լեգիտիմ ճանաչել Լուկաշենկոյի և Պուտինի ռեժիմների միջև բոլոր համաձայնագրերը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նրանց դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել։
Այնուհետև ինտեգրման դեմ ցույցի մասնակիցները տեղափոխվել են Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Շենքի մոտ մոբիլիզացվել են հատուկ ստորաբաժանումներ և ոստիկանական մեքենաներ։
Հետաձգված ինտեգրացիա
Ցույցերի առիթը Սոչիում դեկտեմբերի 7-ին երկու երկրների նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն է դարձել։ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի 20-ամյակի առթիվ այդ հանդիպմանը պլանավորվում էր «խորացված ինտեգրացիայի» մասին փաստաթղթերի փաթեթի ստորագրում։
Հիմնականում փաթեթը նախատեսում է շուկաների միավորում, ընդհանուր տնտեսական և սոցիալական քաղաքականություն։ Սակայն հանդիպումից առաջ որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ դրա ընթացքում պլանավորվում է այդ թվում «ընդհանուր խորհրդարանի և կառավարության» ստեղծման մասին համաձայնագրի կնքում։
Հենց այս տեղեկությունն է ինտեգրման հակառակորդների վրդովմունքն առաջացրել։ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 5-ին հերքել է նման համաձայնագրի ստորագրման հնարավորությունը։
Ըստ Բելառուսի նախագահի՝ կողմերը քաղաքական հարցերի շուրջ, օրինակ, միասնական խորհրարանի ստեղծման մասին երկխոսություն չեն վարում։ Նա հայտարարել է նաև, որ «ոչ ոք երբեք չի ստորագրի փաստաթղթեր, որոնք մեզ վնաս կբերեն»։
Արդյունքում, Լուկաշենկոն ու Պուտինը դեկտեմբերի 7-ին ինտեգրման մասին ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել և նույնիսկ ասուլիս չեն տվել։ Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարների հաջորդ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 20-ին։
Այդ օրվան են պատրաստվում նաև ինտեգրման հակառակորդները, որոնք բողոքի հերթական ցույցն են պլանավորում։
Միութենական պետություն․ ի՞նչ է դա
Պաշտոնապես Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության վերպետական կազմավորում է՝ փուլ առ փուլ կազմակերպվող միասնական քաղաքական, տնտեսական, ռազմական, մաքսային, արժութային, իրավաբանական, հումանիտար և մշակութային հարթակներով։
Դրա ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 1999 թ-ին։ Շնորհիվ այդ պայմանագրի՝ երկու երկրների միջև փաստացի բաց է սահմանն, իսկ Բելառուսը մի շարք արտոնություններից է օգտվում ռուսական էներգակիրների և ռուսական շուկայի հասանելիության ոլորտում։
Սակայն մինչև այսօր կողմերն այդպես էլ պայմանավորվածություն չունեն միասնական արժույթի և քաղաքական կառույցների մասին։