Հայաստանում կարմիր ներկ են լցրել Գրիբոյեդովի արձանի վրա՝ որպես պատասխան Ռուսաստանում վանդալիզմի ակտին
Երևանում կարմիր ներկ են լցրել ռուս պոետ, դրամատուրգ և դիվանագետ Ալեքսանդր Գրբոյեդովի արձանի վրա։ Այս մասին Facebook սոցցանցում դեկտեմբերի 2-ի երեկոյան առաջինը հաղորդել է հենց Շահեն Հարությունյանը, որը կատարել է վանդալիզմի ակտը։ Նա «Ցեղակրոն» արմատական ազգայնական կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին է։
Երիտասարդը գրել է, որ նման կերպ վրեժ է լուծել Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակի համար, որի վրա ռուսական Արմավիր քաղաքում ներկ էր լցրել պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը։ Ավելի ուշ այն ապամոնտաժվել էր։
Դեկտեմբերի 3-ի առավոտյան Գրիբոյեդովի հուշարձանն արդեն մաքրել էին։ Սակայն ակտիվիստի գործողությունները Ֆեյսբուքի հայկական տիրույթում օգտատերերի մեծ մասը գնահատել է որպես վանդալիզմ։ Հարությունյանն ինքն իր քայլն «ադեկվատ» է համարում։ Իսկ ոստիկանությունը հուշարձանի պղծման առթիվ նյութեր է նախապատրաստում։
Միջադեպի վերաբերյալ պաշտոնական տեսակետն արտահայտել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը։ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է․
«Վանդալիզմի դրսևորումները պետք է տեղ չունենան մեր հասարակությունում… Դատապարտում ենք տեղի ունեցածը»։
Միջադեպի մանրամասները
Սկզբից Շահեն Հարությունյանը սոցցանցում պղծված հուշարձանի լուսանկարն է հրապարակել և գրել․
«Ուշադրություն։ Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։ Մանրամասները քիչ անց՝ ուղիղ եթերով»։
Ավելի ուշ ուղիղ միացման ժամանակ նա իր արարքը բացատրել է ակն ընդ ական մոտեցմամբ։ Ավելին, հայտարարել է, որ իր գործողությունները վանդալիզմի ակտ չի համարում, ավնանում է «մտածված ակցիա» և «ադեկվատ» արձագանք։ Բացի այդ, Շահեն Հարությունյանն իր արարքը բացատրել է իշխանությունների անգործութամբ։
Իր ելույթում նա մանրամասնել է նաև, թե ինչու է «ակցիան» հենց այդ օրն իրականացրել․
«Ես դա արել եմ դեկտեմբերի 2-ին՝ Հայաստանի բոլշևիզազցիայի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի օրը»։
Ի դեպ, Շահեն Հարությունյանը նոր է ազատվել «Իմ քայլն» իշխող խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականի պաշտոնից։
Ինչի՞ց է ամեն ինչ սկսվել
Նոյեմբերի 13-ին հայկական և ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներխուժել է հայկական եկեղեցու տարածք և սև ներկով ներկել Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը։
Իր գործողությունները նան բացատրել է նրանով, որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում երկրամասի տեղական իշխանություններն, ինչպես նաև «Ռուսաստանի հայերի միության» տեղի մասնաճյուղի ներկայացուցիչներն իբր խոստացել են ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը։
Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը մեկնաբանել է իրադարձությունն ու վրդովմունք հայտնել դրա առթիվ։
«Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) քաղաքային դումայի պատգամավոր Ա․ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից գնահատվում են որպես վանդալիզմի ակտ Հայ Առաքելական եկեղեցու տարածքում և կամայականության դրսևորում, որը հակասում է ընդունված օրինական կարգին», — ասված է դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրությունում։
Իսկ նոյեմբերի 30-ին հուշատախտակն ապամոնտաժվել է։
Կարծիքներ Ռուսաստանում հուշատախտակի ապամոնտաժման մասին
Գարեգին Նժդեհի հուշատախտակի հետ կապված պատմությունը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «տարօրինակ» է անվանել․
«Եղել է տեղի հայ համայնքի մեկնաբանություն, որ հուշատախտակն ապամոնտաժվել է վերանորոգման համար: Որոշ չափով ավելի համապարփակ տեղեկատվության կարիք ունենք և այդ ուղղությամբ նույնպես մենք և մեր դեսպանությունն աշխատում ենք»։
Նախարարը նաև ուշադրություն է դարձրել այն փաստին, որ միջադեպը տեղի է ունեցել եկեղեցու տարածքում․
«Ես ուղղակի որոշ չափով զգուշավորություն պետք է ունենամ իմ մեկնաբանություններում: Բնականաբար, չէի ցանկանա, որ այդ հարցը նաև այնպիսի զարգացում ստանար, որը վերաբերեր կրոնական փոքրամասնությունների իրավունքներին։ Այդ պատճառով էլ մենք լրացուցիչ տեղեկությունների կարիք ունենք և կշարունակենք հետևել»։
Ո՞վ է Գարեգին Նժդեհը
Գարեգին Տեր-Հարությունյանը, որն առավել հայտնի է Նժդեհ կեղծանունով, հայ ռազմական և պետական գործիչ է, մասնակցել է 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական շարժմանը։
Նա հայտնի է որպես հայկական ազգայնական գաղափարախոսության հայեցակարգի հիմնադիր։ Հեղինակն այն ցեղակրոնություն է անվանել։
Նժդեհը պրոպագանդում էր «ցեղական հայրենասիրություն», նա այն համարում էր «բնական և տրամաբանական արձագանք օտար միջավայրին, որը սպառնում է ցեղի գոյությանը»։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ Խորհրդային Միության տարածք Թուրքիայի ներխուժման վտանգ էր առաջացել, Նժդեհը կապեր է հաստատել նացիստական Գերմանիայի հետ։ Նա հանդիպել է ռեյխնախարար, օկուպացված արևելյան տարածքների նախարարության ղեկավար Ալֆրեդ Ռոզենբերգին և առաջարկել իր մասնակցությունը Վերմախտի կազմում հայկական ստորաբաժանումների կազմավորման հարցում։
Հետագայում Նժդեհն Իոսիֆ Ստալինին գրած նամակում գերմանացիների հետ համագործակցության երկու պատճառ էր նշում։ Նա գրում էր իր հակաթուրքական դիրքորոշման, հայերին՝ հրեաների ճակատագրից փրկելու ցանկության և այն մասին, որ չէր կարող թույլ տալ Թուրքիային ներխուժել Խորհրդային Հայաստանի տարածք և «մնացած հայության ցեղասպանություն իրականացնել»։
Նժդեհի կենսագրության հենց այս փաստն է, որ դեռ քննարկվում և դատապարտվում է Ռուսաստանում։
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում կուսակցություններ ստեղծվեցին, որոնց հիմնական գաղափարախոսությունը ցեղակրոնության մասին հայեցակարգն էր։ Հայաստանի նախորդ իշխող Հանրապետական կուսակցությունը նույնպես որդեգրել էր այն։
Հարությունյանների ընտանիքի քաղաքական հայացքները
«Ցեղակրոն» կուսակցությունը, որը հիմնել է Շանթ Հարությունյանը, Գարեգին Նժդեհի գաղափարախոսության անվանումն է կրում։
Շանթ Հարությունյանը միշտ ծայրահեղ հայացքների տեր է եղել և ընդդիմադիր՝ Հայաստանի բոլոր նախորդ իշխանությունների նկատմամբ։
2013 թ-ին նա իր համախոհների հետ Երևանի Ազատության հրապարակում «անոնիմուսների երթ» էր անցկացրել։ Նրանք փորձում էին այսպես կոչված «արժեքների հեղափոխություն» անել, որի հետևանքով բախումներ տեղի ունեցան երթի մասնակիցների և ոստիկանության միջև։
Հարությունյանն ու համախոհները կալանավորվեցին և ազատազրկման դատապարտվեցին։ Այդ գործով 14 մարդ դատապարտվեց։ 2018 թ-ի նոյեմբերին Հարությունյանն ազատ արձակվեց համաներմամբ։
Նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, որը ներկել է Գրիբոյեդովի արձանը, նույնպես ակտիվիստ է։ Առաջին անգամ նա կալանավորվել է 2013 թ-ին, երբ դեռ ընդամենը 14 տարեկան էր։
Բացի այդ, կրտսեր Հարությունյանը կրում է իր պապի անունը, որը 1966 թ-ին Խորհրդային Միությունում հիմնել էր ընդհատակյա Ազգային միավորված կուսակցությունը։ Նա երկու անգամ բանտում է հայտնվել հակախորհրդային գործունեության համար, այնուհետև՝ արտաքսվել։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Հուշարձանի պղծման միջադեպը Ֆեյսբուքի և Տելեգրամի հայկական տիրույթում գլխաոր թեման է դարձել։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Ակտիվիստի գործողությունը ռուսական լրատվամիջոցներում հերթական հակահայկական նյութերի առիթ է դառնալու։ Ադրբեջանցի լրագրողն այդ մասին հարց կուղղի Զախարովային, որն էլ կասի, որ դա «վանդալիզմի ակտ է»։ Իսկ հակահայ ռուս փորձագետներն արշավ կսկսեն Հայաստանի և երկրի նոր իշխանությունների դեմ։ Եվ այս ամենն՝ այն պատճառով, որ խորհրդարանում աշխատանքից զրկված Շահեն Հարությունյանը մեծ ցանկություն ուներ տեղեկատվական դաշտում հայտնվել»։
«Այս ողջ պատմությունում մեկ դրական պահ կա․ հասարակության, Ռուսաստանի և դրա քաղաքականության նկատմամբ ոչ այնքան դրական տրամադրվածների բացասական արձագանքը վանդալիզմի այս ապուշ ակտի նկատմամբ։ Իսկ Նժդեհի հարցով պետք է համալիր աշխատանք տանել ռուսական լրատվամիջոցների և իշխանությունների հետ»։
«Այս ողջ պատմության մեջ դրականն այն կլինի, երբ այդ ոչնչության նկատմամբ քրեական գործ հարուցեն և համապատասխան հոդվածով դատապարտեն»։
«Ամո՜թ։ Միայն վանդալիզմն էր մեզ պակասում»։
«Շահենի բոլոր քննադատներին․ եթե ռուսական սփյուռքը ոչինչ չի անում «գլխավոր հայի» հետ, եթե ողջ հայությունը ոչինչ չի անում Թեոդոսիայում գերեզմանները քանդելու դեմ, եթե մեծ մարդիկ լռում են, եթե ռուսներն են լռում, գործում են «ջահելները»։ Առաջին հերթին, ձեզ մեղադրեք, այլ ոչ թե երիտասարդին, որի արյունը եռում է անելանելիությունից, ուր նրան գցել եք հենց դուք»։
«Դիմում եմ բոլորին, հայերին, որոնք այսօր Շահեն Հարությունյանին վանդալ կամ այլ կերպ են անվանում։ Ինչպե՞ս եք գնահատում Գրիբոյեդովի այս խոսքերը․ «Այս ի՜նչ ստահակի ծնունդներ են այս հայերը»։
«Գրիբոյեդովը հայտնի է իր գոռոզ և արհամարհական վերաբերմունքով այն տարածաշրջանի նկատմամբ, որտեղ ապրում էր, և դրա բնակիչների նկատմամբ։ Ինչի համար էլ պատժվեց։ Չափն անցան, իհարկե։ Բավական էր պարզապես մի լավ ծեծեին»։
«Սոլովյովը նորությունների արտահերթ թողարկում է պատրաստում, թե ինչպես են Հայաստանում հայ բանդերականները խաչել Գրիբոյեդովին»։
«Տղայից, որին դուր չի եկել Գրիբոյեդովը, քավության նոխազ դարձնելու իմաստ չկա։ Կանխատեսելի գործողություն էր՝ կապված Նժդեհի պատմության հետ։ Գրիբոյեդովը պարզապես քավության նոխազն էր մնացած խորհրդանիշների շարքում»։