Հայաստանի աշխատանքային միգրանտները վերադառնում են ոչ միայն գումարով, այլև սեռավարակներով
Ամեն տարի գարնանը հազարավոր տղամարդիկ մեկնում են Հայասատանից արտագնա աշխատանքի։ Վերադառնում են աշնանը՝ գումարով կամ առանց, բայց շատերը՝ սեռավարակներով։ Բժշկական հիմնարկներն ու հասարակական կազմակերպությունները փորձում են օգնել այս մարդկանց պահպանել ընտանիքի առողջությունը։ Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետազոտությունների, խնդիրները բազմաթիվ են և լուծում են պահանջում։
Մասնավորապես, մարդկանց զգալի մասը՝ հատկապես գյուղերում, ամոթալի է համարում բժշկի դիմել, շատերն էլ խուսափում են բամբասանքներից։ Պարզվում է, փոքր բնակավայրերում ախտորոշումներն արագ են տարածվում ու հայտնի դառնում բոլորին։
Իրավիճակի մանրամասները Գեղարքունիքի բնակիչների օրինակով։
• Ի՞նչ է Ստամբուլյան կոնվենցիան և ի՞նչ առասպելներ են միահյուսվել դրան Հայաստանում
• Միայնակ մայրեր․ պատմություններ կանանց մասին, որոնք համարձակվել են այդ քայլին
• Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամի պատճառները և ելքերը
Լիճք գյուղում
41-ամյա Սյուզաննա Մարգարյանը չորս երեխաների մայր է։ Մեծը քսան տարեկան է, փոքրը հինգ ամսական։ Օրորելով փոքր որդուն, պատմում է արտագնա աշխատանքի մեկնած ամուսնու մասին։
«Երբ մեկնեց, հղի էի, Վարդանին դեռ տեսած չկա», — ասում է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում բնակվող Սյուզաննան։
Սևանա լճի ափին փռված այս գյուղում ապրում է 5300 մարդ, որոնցից 1000-ը՝ 18-65 տարեկան տղամարդիկ, ամեն տարի գարնանը մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի և տուն վերադառնում միայն ուշ աշնանը։
Գեղարքունիքի մարզի բնակչությունը մոտ 230 հազար մարդ է։ Աշխատանքային միգրացիայի ցուցանիշն այստեղ բարձր է բոլոր բնակավայրերում, ոչ միայն Լիճքում։
«Կարծում եմ նորմալ տղամարդը, ով ամիսներով դրսում է, չի կարող չունենալ պատահական կապեր, ասենք, սուրբ հոգին չիջավ տղամարդկանց վրա։ Ճիշտ կլինի գալուց առաջ ստուգվեն։ Կանայք չեն կարող իրենց տղամարդկանց ստիպել, գյուղերում կանանց չեն լսում։ Կամ էլ պետք է երկիր մտնելուց առաջ այդ ստուգումը պարտադիր դառնա», — ասում է Սյուզաննան։
Մարտունի քաղաքում
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը համոզված է. դրսում տղամարդկանց ունեցած պատահական կապերի արդյունքում տուժում են կանայք․
«Պետք է կարողանանք գոնե հասնել նրան, որ վերադառնալուց ստուգվեն։ Ու ցավալիորեն ունենում ենք դեպքեր, երբ ծնվում են ՄԻԱՎ—ով երեխաներ։ Անձամբ ծանոթ եմ նրանց։ ՄԻԱՎ—ը կնոջը փոխանցվել էր ամուսնուց, որը վարակը բերել էր արտագնա աշխատանքից»։
Այս տարի Մարտունի քաղաքում ՄԻԱՎ-ի երկու դեպք է գրանցվել հղիների մոտ։
«Դա նշանակում է ամուսնու մոտ էլ է առկա վիրուսը։ Սեռավարակներից մեզ մոտ ավելի տարածված են տրիխոմոնոզը, գարդներելան։ Փառք աստծո, գոնորեա չենք ունենում, սիֆիլիս արդեն քանի տարի է չենք ունենում։ Չգիտեմ, գուցե նաև մարդիկ դրսում ավելի զգույշ են դարձել», — ասում է Մարտունու ծննդատան կոնսուլտացիայի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Հովհաննիսյանը։
Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերարտադրողական առողջության ծրագրի համակարգող Վահե Գյուլխասյանի խնդիրն անպաշտպան սեռական ակտն է․
«Տղամարդիկ չեն օգտագործում պահպանակ, վերադառնում են ու վարակում կնոջը։ Ընդհանրապես մենք խնդիր ունենք հակաբեղմնավորիչների օգտագործման, որն էլ, առաջին հերթին, բերում է ինֆեկցիաների, երկրորդ հերթին, անցանկալի հղիությունների, աբորտների, աբորտների բարդության առումով էլ կարող է լինել անպտղություն»։
Բժիշկները զգուշացնում են, որ չբուժված սեռավարակները՝ խլամիդիոզը, գոնորեան, ևս անպտղության պատճառ են դառնում։
«Խլամիդիոզը ամենատարածված վարակներից է աշխարհում։ Այս հիվանդությունն ընթանում է առանց նշանների, վարակվում են, բայց գանգատ չեն ունենում։ Երբ սկսում են գանգատ ունենալ`չհղիանալ, հիվանդությունն իր գործն արած է լինում։ Պարանոցի քաղցկեղը, որը բավականին տարածված է Հայաստանում, ևս կարող է պայմանավորված լինել սեռավարակով։ Այն հիմա հնարավոր է կանխարգելել։ Երկրներ կան, որտեղ ընդհանրապես չունեն, որովեհտև կանխարգելել են», — բացատրում է Վահե Գյուլխասյանը։
Հայաստանում 2018թ․ սեռավարակներով հիվանդ է եղել 41 900 մարդ։ Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ տասը տարվա ընթացքում սեռավարակներով հիվանդների քանակն ամենաշատը եղել է 2015թ․-ին՝ 51 300 մարդ։
Աստղաձոր գյուղում
Աստղաձոր գյուղի Առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, ընտանեկան բժիշկ Գայանե Գրիգորյանը նշում է, որ 4050 բնակիչ ունեցող գյուղում, ամռանը տղամարդ չի մնում։ Իսկ նրանց վերադարձից հետո ավելանում են կանանց այցելությունները։
Բժիշկն ասում է, որ սեռական կյանքի նկատմամբ մշակույթ ձևավորելու համար խորամանկության են դիմել․
«Ասել ենք, որ Ռուսաստան գնալուց առաջ ձեզ պետք է թուղթ տանք, այնպես որ պետք է այդ անալիզները հանձնեք՝ գուցե օդանավակայանում թուղթ պահանջեն։ Գալիս են հանձնում, պատասխանները հետները տանում։ Ոմանք էլ Ռուսաստանից վախեցած գալիս են ու հարցնում, երբ կարող են անալիզ հանձնել»։
Սակայն շատերն այնուամենայնիվ խուսափում են դիմել բուժհաստատություններ։
Ինչու մարդիկ չեն դիմում բժշկիկներին
«Մարտունու կանանց համայանքային խորհրդի» աշխատակից Եղիազար Դավթյանը բացատրում է․
«Նախ ամաչում են գնալ պոլիկլինիկա։ Աստված չանի՝ մի բան եղավ, մի ժամ հետո ամբողջ շրջանը տեղյակ է։ Գաղտնիությունը չի պահպանվում։ Ու ավելի շատ բուժքույերի մեջ է խնդիրը, ոչ թե բժիշկների։ Երկրորդը, եթե գնացիր ստուգվելու, նշանակում է մի բան կա։ Իսկ եթե կինը գնաց ստուգման՝ վերջ, դա թեմա է դառնում։ Երրորդը բուժման խնդիրն է։ Մարդն ինչո՞ւ չի գնում բժշկի։ Որովհետև բուժումը թանկ է, անկախ նրանից, դա ինչին է վերաբերում»։
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանն էլ հավելում է, որ այս կողմերում դեռևս ամոթալի է համարվում այս թեմայով բժշկին դիմել․
«Մի ծրագիր էինք անում, որի շրջանակում սեռական զարգացման գնահատականի համար տանսհինգ տարեկան աղջիկները պետք է սոնոգրաֆիկ հետազոտություն անցնեին Մարտունու ծննդատանը։ Հանդիպեցինք մայրերի դժգոհությանը. «Դա էր պակաս մնացել իմ տասնհինգ տարեկան աղջիկը հիմա էլ ծննդատան դռները գնա», — ասում էին նրանք։ Եվ ամենավատը։ Աղջիկներից մեկը պարզվեց կիստա ունի, հաջորդ օրը ամբողջ Մարտունին իմացավ դրա մասին։ Ինֆորմացիայի արտահոսքը, պիտակավորելը նպաստում են, որ մարդը չդիմի բժշկին»։
Եթե քաղաքներում բժշկին այցելելու մշակույթը քիչ թե շատ զարգացած է, ապա գյուղերում մինչև դանակը ոսկորին չի հասնում, մարդիկ չեն գնում ստուգվելու։
2015 թ. հունվարից մեկնարկել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը, որի նպատակն է վաղ հայտնաբերել, կանխարգելել և վերահսկել ոչ վարակիչ մի շարք հիվանդություններ, այդ թվում` արգանդի պարանոցի քաղցկեղը: 30-ից 60 տարեկան բոլոր կանայք ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեն արգանդի պարանոցի քաղցկեղի անվճար հետազոտություն անցնել: Նրանք կարող են դիմել իրենց տեղամասային պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա կամ գյուղական ամբուլատորիա և անցնել այս հետազոտությունը:
«Պետությունը փորձում է այդ մշակույթը ներմուծել մեր մեջ, ասում է, գնացեք ստուգվեք, անվճար է, բայց դարձյալ չեն գնում», — ասում է Լիճք գյուղի բնակիչ Սյուզաննա Մարգարյանը։
Սակայն Մարտունու ծննդատան կոնսուլտացիայի վարիչ Աշոտ Հովհաննիսյանը որոշակի դրական տարբերություն է նկատում։
Այս տարվա տասն ամիսների ընթացքում իրենց կոնսուլտացիայի կողմից սպասարկվել է 2381 կին։ Նրանցից` 1300 արգանդի պարանոցի քաղցկեղի թեսթ է հանձնել։ 2018-ին՝ ամբողջ տարվա ընթավքում այս հետազոտությունն անցել է 1488 կին։
«Եթե արգանդի պարանոցի քաղցկեղ է հայտնաբերվում այս թեսթերով, գյուղի մարդիկ սկսում են անհանգստանալ, վախենալ։ Հասկանում են, որ կարիք կա ստուգման։ Մենք ինքներս գնում ենք գյուղեր ստուգման, որովհետև մարդիկ կան՝ հնարավորություն չունեն Մարտունի հասնելու», — ասում է Աշոտ Հովհաննիսյանը։
Աստղաձորի Առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Գայանե Գրիգորյանը չի կիսում բժշկի լավատեսությունը՝ հիմքեր ունի դրա համար․
«Երբ Մարտունու ծննդատան մեր գինեկոլոգները գալիս են, մի քառասուն հոգու ցուցակագրում ենք, որ գոնե քսանը հավաքվեն։ Ոնց որ զոռով մեր կանանց բերենք հետազոտվելու։ Ասում են կգանք, գնում են տուն ու էլ չեն գալիս»։
Գյուղերում ՁԻԱՀ-ից ավելի են զգուշանում
Նույն Աստղաձորի և մյուս գյուղերի բնակիչները մի փոքր ավելի ակտիվ են մասնակցում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական մասնագիտական խմբի կողմից իրականացվող հետազոտություններին։
«Ամեն ամիս 20-25 հոգի, տարեկան կազմում է 250 հոգի։ Ամիս է լինում մինչև 30 հոգի անվճար հետազոտվում են։ Սկզբում շատ դժվար էր, մարդիկ ընդհանրապես չէին գալիս։ Մենք նպաստում ենք ուղղակի, որպեսզի մեր միգրանտների կանայք մասնակցեն հետազոտությանը։ Այն արվում է գաղտնի, պատասխաներն էլ տրվում են իրենց, մենք չենք էլ իմանում», — ասում է Աստղաձորի Առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Գայանե Գրիգորյանը։
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանը պատմում է, թե ինչ ծառայություններ են տրամադրում շարժական կլինիկայում․
«Ծառայությունների թվում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունն ու խորհրդատվությունը, վիրուսային հեպատիտների, սիֆիլիսի վերաբերյալ: Ցանկացողներին և ցուցում ունեցողներին հնարավորություն է տրվում նաև անցնել այլ սեռավարակների վերաբերյալ հետազոտություններ: Դրանք կատարվում են արագ թեստավորման մեթոդով։ Արյունը վերցվում է մատից, իսկ հետազոտության արդյունքները տրամադրվում են 10-15 րոպեի ընթացքում»։
Ըստ ՁԻԱՀ կանպարգելման հանրապետական կենտրոնի վիճակագրության 1988թ. մինչև 2019թ․ հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3694 դեպք, որոնցից 429-ը` 2018թ. ընթացքում: ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2562 մարդ (69%)։ Իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1132 դեպք (31%), երեխաների մոտ՝ 61 դեպք (1,7%):
2014-2018թթ. ընթացքում գրանցված ՄԻԱՎ վարակով պացիենտների կեսից ավելին՝ 56%-ը, ենթադրաբար, վարակվել է արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում։ Մոտ 10%-ը կազմում են նրանց զուգընկերները։ Այսինքն 66% դեպքում առկա է միգրացիայի գործոնը:
100 000 բնակչի հաշվով ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է, որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերը:
«Մարտունու կանանց համայանքային խորհրդի» աշխատակից Եղիազար Դավթյանը պատմում է, թե ինչպես է փորձում մարդկանց համոզել հետազոտվել․
«Երբ ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական կլինիկան հայտնվում է Մարտունու կենտրոնում, գնում եմ կանգնում կլինիկայի կողքին, օրինակ ծառայում`հետազոտվում։ Կողքիս հավաքվածներին ասում եմ, մի 10 օր առաջ ատամնաբույժի մոտ եմ եղել, հեպատիտ C ատամնաբուժարաններում էլ ես վարակվում։ Ասում եմ, որ չամաչեն հետազոտվեն»։