«Վրաստանը պետք է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքի». ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը Վրաստանից պահանջում է համաձայնագիր ստորագրել
«Ռուսաստանը շահագրգռված է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների ամրապնդմամբ և Վրաստանից պահանջում է այդ երկրների հետ ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել»։ Այս մասին փետրվարի 13-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։
«15 տարի առաջ ճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը ապահովեց նրանց հուսալի պաշտպանությունն ու առաջանցիկ զարգացումը։ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիություն ունի և կողմ է Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդմանը։ Աջակցությունը, որ Ռուսաստանը ստացել է Աբխազիայից և Հարավային Օսիայից Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության ժամանակ, իրական դաշնակցության օրինակ է», — ասել է Զախարովան։
«Մենք ձգտում ենք խորացնել հարաբերությունները Անդրկովկասի հանրապետությունների հետ։ Այդ տարածքներում գործում են ռուսական ռազմակայաններ, իրականացվում է պետական սահմանների համատեղ պահպանություն՝ հնարավոր սադրանքները կանխելու համար, ինչը արդիական է աշխարհաքաղաքական նոր իրականության պայմաններում։
Ուստի մենք պահանջում ենք, որ Վրաստանը պարտավորեցնող համաձայնագիր ստորագրի այդ երկրների դեմ ուժ չկիրառելու մասին։ Կարծում ենք, որ դա տարածաշրջանում կայունության երաշխիք կլինի»։
- Մոսկվա. «Կողմ ենք, որ Աբխազիան և Հարավային Օսիան հարաբերություններ կառուցեն Վրաստանի հետ»
- «Վրաստանը նախ պետք է չեղարկեր օկուպացիայի մասին օրենքը». Աբխազիան՝ Մոնակո դառնալու առաջարկի մասին
- 2008 թ․-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների հետաքննությունն ավարտվել է
Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանը մնում է Հարավային Օսիայի և Աբխազիայի հիմնական առևտրային գործընկերը։ Նրանց հարաբերություններում կարևոր դեր է հատկացվում սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանը։ Բացի այդ, բոլոր հարցերը քննարկվում են մասնագիտացված միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում։
«Այս հանրապետություններից յուրաքանչյուրի համար իրականացվում են ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են նոր ձեռնարկությունների և աշխատատեղերի ստեղծմանը, և այդ միջոցառումների համադրումը նպաստում է ՀՆԱ-ի առաջանցիկ աճին, «քաղաքացիների բարեկեցության և ներդրումային գրավչության աճին։
Կրթության, մշակույթի, գիտության և սպորտի ոլորտում համատեղ գործունեությունը ծառայում է մեր երկրների [Ռուսաստան, Աբխազիա, Հարավային Օսիա] ժողովուրդների համախմբմանը։ Պետական ծառայողները և ուսուցիչները ռուսական բուհերի հիմքի վրա են որակավորման բարձրացման դասընթացներ անցնում»,— ասում է Մարիա Զախարովան։
Նրա խոսքով’ տարբեր դրամաշնորհների շնորհիվ «տաղանդավոր երիտասարդները մասնակցում են Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող միջազգային ֆորումների և մրցույթների»: Նաև հատուկ ուշադրություն է դարձվում «հայրենասիրական ակցիաներին»՝ կապված «ընդհանուր պատմության հիշարժան տարեթվերի», գիտության և մշակույթի ականավոր գործիչների հետ։
- Ռուսաստանը սպառնում է Աբխազիայից վերցնել Պիցունդա հանգստավայրի մի մասը։ Ինչո՞ւ է լռում Թբիլիսին
- «Գործիք Արևմուտքի ձեռքում». Հարավային Օսիայի արձագանքը Հաագայի դատարանի որոշմանը
Փետրվարի 8-ին Աբխազիայի արտգործնախարար Ինալ Արձինբան և Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հայտարարեցին, որ «դրսի աջակցությամբ Աբխազիայում հակառուսական տրամադրություններ են բորբոքվում» և խոստացել են «խիստ միջոցներ ձեռնարկել նման անձանց նկատմամբ»։
Կառավարության մտադրությունները և բուն հայտարարությունը աբխազական հասարակության մեջ դժգոհություն են առաջացրել։ Հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նման’ «առանց կոնկրետ անունների ու փաստերի հայտարարություններն անընդունելի են»։ Մամուլում նման տեղեկատվության առկայությունն ավելի շատ նման է քարոզչության, հասարակական կարծիքի շահարկման և քաղաքացիների ահաբեկման, «դրանք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների շահարկումներ են»,- ասվում է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով: