Հայաստանում հանցավոր խումբ է հայտնաբերվել, որը արտասահմանցիների կողմից երեխաների որդեգրման ապօրինի սխեմա է մշակել
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է երեխաների ապօրինի որդեգրման սխեմա։ Մասնավորապես, տեղեկություններ կան ավելի քան երեսուն մանուկների մասին, որոնք փոխանցվել են իտալացի խորթ ծնողների։ Ընդ որում, նրանց որդեգրման ընթացակարգն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով։
Թե ինչ նպատակով են որդեգրվել երեխաներն ու արդյոք երեխաների օրգանների վաճառքի հավանկանություն կա, հստակ դեռ հայտնի չէ, թեև կա նման մտավախություն։
Գործն արդեն փոխանցվել է Քննչական կոմիտե ավելի մանրամասն հետաքննության նպատակով։
• Կանայք Հայաստանում հետաձգում են երեխայի ծնունդը՝ սոցիալական վիճակից ելնելով
• Ինչ խնդիրների առաջ են հայտնվում մանկատների սաները Հայաստանում չափահաս դառնալուց հետո
Պատմության մանրամասները
Արտասահմանցիների կողմից կասկածելի մեծ թվով հայ երեխաների որդեգրման մասին խոսակցությունները սկսվել են 2019 թ-ի հունվարից։
Խորհրդարանում քննարկվում էին Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները։ Այդ ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար հանդիսացող Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ կան երեխաների որդեգրման փաստեր՝ նրանց օրգանները վաճառելու նպատակով․
«Իմ գործունեության մի քանի ամիսների ընթացքում համառորեն փորձել ենք բացահայտել այդ կծիկը: Եվ ես անընդհատ զգացողություն ունեի, որ այստեղ մի բան այն չէ։ Ամեն ինչ մոտ է բացահայտման, սակայն ես այդպես էլ չկարողացա զգալի արդյունքների հասնել։ Փողերը, որոնց մասին խոսում ենք, սկսվում են ծննդատներից և շարունակվում այլ հաստատություններում, սա միայն այսբերգի գագաթն է»։
Հետաքրքիր է, որ այն ժամանակ Միրզոյանին կտրուկ հակադարձեց այն պահին ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը, որն այժմ էլ չի զբաղեցնում այդ պաշտոնը։ Նա վստահաբար հայտարարեց, որ արտասահմանցիների կողմից որդեգրված ոչ մի երեխայի հետ նման բան տեղի չի ունեցել։
«Իրավիճակը մեր խիստ վերահսկողության տակ է, նման դեպքեր չեն եղել», — հայտարարել էր Վանեցյանը։
Եվ նրա խոսքերը հաստատեց նաև Հայաստանի գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը։
Արտասահմանցիների կողմից երեխաների որդեգրման թեման փակվեց։ Սակայն 2019 թ-ի նոյեմբերին ԱԱԾ-ն աղմկահարույց հայտարարություն արեց երեխաների ապօրինի որդեգրման սխեմայի բացահայտման մասին։
ԱԱԾ կայքում տեղադրված հայտարարությունում ասվում է․
«Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի քաղաքացիների կողմից»։
Պարզվում է, մայրերի վրա հոգեբանական և բարոյական ճնշում է գործադրվել, նրանց դրել են մի իրավաիճակի մեջ, որ նրանք հրաժարվեն իրենց երեխաներից։ Հանցագործներն իրենց համար զոհ են ընտրել կանանց, որոնք ինչ-ինչ անձնական կամ սոցիալական խնդիրների պատճառով պատրաստվում էին ընդհատել հղիությունը։
Որոշ դեպքերում կանանց սպառնացել են բացահայտել հղիության փաստը։ Եղել են նաև դեպքեր, երբ մայրերին վստահեցրել են, թե երեխան հիվանդ է ծնվել։ Բնականաբար, այդ տեղեկությունը կամ չի համապատասխանել իրականությանը, կապ չափազանցված է եղել։
Ծննդաբերությունից հետո հանցագործները ստացել են երեխայից հրաժարվելու փաստաթղթերը, նորածիններին տեղափոխել մանկատներ, հաճախ՝ կեղծ «ախտորոշմամբ»։
Ընդ որում, ծննդատան աշխատակիցները «որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալ»։
Ավելին, եթե երեխաներին որդեգրելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիներ են հայտնվել, հանցավոր խմբի անդամները տարբեր պատրվակներով խանգարել են այդ գործընթացին։ Բանն այն է, որ, ըստ օրենքի, երեխա որդեգրելու հարցում առաջնահերթություն է տրվում Հայաստանի քաղաքացիներին։
Որդեգրման համակարգում կատարվող փոփոխությունների մասին
2019թ-ի ամառվանից երկրում քննարկումներ են սկսվել, թե ինչպես փոխել որդեգրման համակարգը, որն, ըստ փորձագետների, շատ ռիսկեր է պարունակում։
Այժմ ծնողական իրավունքների տրամադրման ընթացում հաշվի են առնվում պոտենցիալ ծնողների բնակարանային-կենցաղային պայմանները։ Սակայն ուշադրությունից դուրս են մնում ծնողական ունակություններն ու գիտելիքները։ Այժմ արդեն որդեգրման նոր կարգ է մշակվել։ Այն նախատեսում է անգամ վերապատրաստման դասընթացներ՝ ինչպես տեղացիների, այնպես էլ արտասահմանցիների համար, որոնք ցանկանում են երեխա որդեգրել։
«Բարեփոխումները նախատեսում են համադրման ընթացակարգեր։ Պետք է պոտենցիալ ծնողի ցանկությունների և պահանջների հստակ համադրում անցկացվի։ Ընթացակարգը երկու փուլով է իրականացվելու։ Հաշվի են առնվելու բազմաթիվ գործոններ՝ սկսած բնավորության առանձնահատկություններից», — ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։
Որդեգրման նոր կարգը ենթադրում է նաև վերահսկողության հստակ մեխանիզմների ներդրում։ Օրինակ, կիրականացվեն մոնիթորինգային այցեր, կես տարին մեկ կստուգվեն տեղացիների կողմից որդեգրված երեխաների կենցաղային պայմանները։
Ինչ վերաբերում է արտասահմանցիների կողմից երեխաների որդեգրմանն, ապա Հայաստանի քաղաքացի երեխայի գրանցումը խորթ ծնողների մշտական կացության երկրում իրականացնում է Հայաստանի դեսպանատունը։ Իսկ եթե այդ երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն չկա, գործառույթը փոխանցվում է Հայաստանի արտգործնախարարությանը։
Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, արտասահմանցիների կողմից երեխաներին որդեգրելու դեպքում նրանց հետքը կորում է։