Բաքվում «շինարարական ամենաթողությանը» վերջ դնելու ժամանակն է, հայտարարել է նախագահը։ Բայց արդյոք ուշ չէ՞
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովին, որն այդ պաշտոնում նշանակվել է անցյալ տարի։ Նախագահը խոսել է մայրաքաղաքի բազմաթիվ խնդիրների մասին, պահանջելով լուծել դրանք։
Այս հանդիպումը սոցցանցերում քննարկումների առիթ է տվել։ Քաղաքացիները թերահավատորեն են տրամադրված։
• Գիշերային Բաքվի վտանգներն ու գեղեցկությունը
• Երևանի վթարային շենքերի բնակիչները գնալու տեղ և ակնկալիքներ չունեն
Ցավոտ թեմա
Քաղաքի ղեկավարն ու նրա գործունեությունը Բաքվի համար ցավոտ թեմաներ են։
Առաջին հերթին, քաղաքային իշխանության ղեկավարին ոչ թե բաքվեցիներն են ընտրում, այլ նախագահն է նշանակում։ Թեև Ադրբեջանի կառավարությունը շատ վաղուց խոստացել է այդ պաշտոնն ընտրովի դարձնել։
Երկրորդ հերթին, գործադիր իշխանության ղեկավարը գրեթե 20 տարի Հաջիբալա Աբութալիբովն էր՝ էքսցենտրիկ մի պաշտոնյա, որին քաղաքացիները հիշում են նրա տարօրինակ արտահայտություններով և արարքներով։ Բոլորը սպասում էին, թե երբ են ի վերջո քաղաքը նրա «ձեռքից առնելու»։
Եվ ահա 2018թ-ի գարնանը Բաքվի նոր ղեկավար դարձավ Էլդար Ազիզովը։ Դրանից առաջ նա գլխավորում էր մեկ այլ խոշոր քաղաք՝ Սումգայիթը։ Շատերի մոտ նա, նախևառաջ, ասոցացվում է հսկայական տորթերի հետ, որոնք նրա պատվերով թխվում էին նախագահի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Ի՞նչ են խոսել նախագահն ու քաղաքապետը
Նոյեմբերի 4-ին կայացած հանդիպմանն Իլհամ Ալիևն ու Էլդար Ազիզովը խոսել են բակերի և բնակելի բարձրահարկ շենքերի բարեկարգման, հին վերելակները փոխելու և այլ «կենցաղային» հարցերի մասին։
Նախագահն արտահայտվել է նաև ապօրինի և սխալ շինարարության մասին։
«Մենք պետք է ձգտենք, որպեսզի Բաքու քաղաքի բոլոր անկյունները բարեկարգվեն, քաղաքացիներին անհանգստացնող խնդիրներն, այդ թվում՝ շինարարության հետ կապված հարցերը, լուծվեն։ Ես դրա վերաբերյալ նույնպես համապատասխան հրահանգներ եմ տվել։ Երբեմն շինարարության համար տարածքները գրավվում են, երբեմն ապօրինի հրահանգներ են տրվում, ծառեր են կտրվում։ Այսուհետ Բաքվում ամբողջությամբ պետք է ապահովվեն քաղաքաշինության կանոնները», — հայտարարել է նա։
Այս կերպ էլ ընթացել է զրույցը․ նախագահը խնդիրներ է թվարկել, Ազիզովը պատմել է, թե ինչպես են դրանք լուծվում։
Նշվել է նաև, որ Բաքուն այժմ «կանաչ այգիների, պուրակների քաղաք է» և «բնապահպանական իրավիճակը բարելավվում է»։
Քաղաքացիների արձագանքը
Այս զրույցը քաղաքացիների մոտ թերահավատություն է առաջացրել։
Էլդար Ազիզովի կոմպետենտությունը շատերի համար է կասկածելի։
«Երբ Էլդար Ազիզովը Սումգայիթի քաղաքապետն էր, նա բռնի տեղահանվածների համար տասհարկանի շենք էր կառուցել դպրոցի մարզահրապարակում», — հիշեցնում է լրագրող Նաթիգ Ջավադլին՝ նկատի ունենալով, որ Ազիզովն ինքն էր դեռ բոլորովին վերջերս զբաղվում այդ սխալ շինարարությամբ՝ շրջանցելով բոլոր նորմերն ու կանոնները։
Ոմանք այս միջոցները ժամանակավրեպ են համարում և քննադատում նախկին քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովին․
«Սա արդեն զվարճալի էլ չէ։ Հիշել շինարարության նորմերի խախտման մասին այն ժամանակ, երբ արդեն բոլորին վաղուց զրկել են արևի լույսից, իսկ քիչ-թե շատ ազատ հատվածներում ինչ-որ բաներ են կառուցել։ Այժմ խստիվ արգելում են դպրոցներին կից ինչ-որ բան կառուցել։ Իսկ ի՞նչ անել արդեն կառուցված շենքերի հետ։ Եվ ո՞վ է դրա համար պատասխան տալու»։
«Ինչպե՞ս է պատժվել նախկին քաղաքապետը, որի ստորագրությունն է այդ բոլոր կառույցների շինարարության թույլատրությունների վրա։ Պատվավոր շքանշանո՞վ և բարձր կենսաթոշակո՞վ»։
Տնտեսագետ և ընդդիմադիր «Իրական այլընտրանք» կուսակցության անդամ Նաթիգ Ջաֆարլին այսպես է մեկնաբանել նախագահի դիրքորոշումը․
«Նախագահի կողմից գործադիր իշխանությունների և կառավարության հասցեին հնչեցված ողջ քննադատությունից և կշտամբանքից ես այնպիսի եզրակացություն արեցի, որ նա ուզում է միաժամանակ լինել և ընդդիմություն, և իշխանություն»։