Ահաբեկիչների առաջնորդը, որոնք 20 տարի առաջ գնդակահարել են Հայաստանի խորհրդարանը, բանտում կմնա։ Թարմացում
Զինված խմբի պարագլուխը, որն ահաբեկչություն է իրականացրել 1999թ-ի հոկտեմբերի 27-ին՝ Նաիրի Հունանյանը, միջնորդություն էր ներկայացրել վաղաժամկետ պայմանական ազատ արձակման մասին։ Նա ցմահ ազատազրկման է դատապարտված և արդեն 20 տարի կրում է իր պատիժը։
Այդ ժամկետը լրանալուց հետո ցմահ բանտարկյալները կարող են վաղաժամկետ ազատ արձակման մասին խնդրանք ներկայացնել, ինչից էլ օգտվել է Հունանյանը։
Սակայն որպեսզի գործը դատարան հասներ, Քրեակատարողական ծառայությունն ու Պրոբացիայի ծառայությունը պետք է դրական եզրակացություն տային։ Սակայն երկու ծառայություններն էլ Նաիրի Հունանյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման մասին բացասական եզրակացություն են տվել։
Դա նշանակում է, որ վաղաժամկետ պայմանական ազատ արձակման հարցը դատարան չի հասնի։
Որոշումը կարող է բողոքարկվել դատարանում դրա ստացման օրվանից տասն օրվա ընթացքում։
Եվ այստեղ բանտարկյալի դիմաց հետևյալ ընտրությունն է կանգնում․
• եթե նա չբողոքարկի վարչակազմի որոշումը, որը ստացել է, վաղաժամկետ պայմանական ազատ արձակման հարցը կարող է կրկին դիտարկվել մեկուկես տարի անց;
• իսկ եթե նա բողոքարկի քրեակատարողական հաստատության որոշումը, սակայն դատարանը մերժի միջնորդությունը, վաղաժամկետ պայմանական ազատ արձակման հարցի դիտարկման հույս կլինի միայն երեք տարի անց։
Ի՞նչ է տեղի ունեցել 1999թ-ի հոկտեմբերի 27-ին
Զինված խմբավորումը ներխուժել էր Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և գնդակահարել 8 մարդու։ Նրանց թվում էին խորհրդարանի խոսնակն ու երկու փոխխոսնակները, վարչապետը, երեք պատգամավոր և մեկ նախարար։
Խումբն այդ ակցիան իրականացրել էր՝ վարչապետ Վազգեն Սարգսյանին ստիպելու համար հրաժարական տալ և, ինչպես իրենք էին արտահայտվել, երկիրը փրկելու համար։
Խմբի առաջնորդը Նաիրի Հունանյանն էր։ Ինչպես ավելի ուշ հաղորդել էին նիստերի դահլիճում ներկա գտնվող լրագրողները, Հունանյանն մոտեցել էր Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանին և ասել․ «Բավակա՛ն է մեր արյունը խմեք»։ Դրան ի պատասխան Վազգեն Սարգսյանը պատասխանել էր․ «Ամեն ինչ արվում է քեզ ու քո երեխաների համար»։ Ի պատասխան Նաիրի Հունանյանը կրակ էր բացել։ Վազգեն Սարգսյանը զոհվել էր։
• Չբացահայտված գործի մանրամասները, որը կարող էր բացահայտել «հասարակ թաղայինը»
Ականատեսները նշում են, որ կրակոցները լսվել են փողոցում։ Առաջին կրակոցներից կես ժամ անց խորհրդարանի շենքի մոտ հազարավոր մարդիկ են հավաքվել, ՆԳՆ մեծ ուժեր կենտրոնացվել։
Ահաբեկիչները պատանդ էին վերցրել մոտ 50 մարդ՝ պատգամավորների և նախարարների։ Նրանք պահանջում էին ուղիղ բանակցություններ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Բանակցությունները կայացան։ Ահաբեկիչները պահանջում էին իրենց ուղիղ եթերի հնարավորություն տալ, նաև արդար դատաքննություն ապահովել իրենց համար։ Զրույցի մանրամասները մինչև հիմա հայտնի չեն։
Հոկտեմբերի 28-ին պատանդներն ազատ արձակվեցին, իսկ զինված խմբավորման անդամները կալանավորվեցին։
Դատարանը վճիռ կայացրեց խորհրդարանում գնդակահարությունից հինգ տարի անց։ Խմբի բոլոր անդամները՝ բացառությամբ մեկի, ցմահ ազատազրկման դատապարտվեցին։
Հայաստանում հիշում են, որ դատարանում իրենց վերջին խոսքում հանցագործները ափսոսանք կամ զղջում չեն արտահայտել։
2019թ-ի հոկտեմբերի 24
«Գործի ելքն ակնհայտ է»․ արդարադատության նախարար
Նաիրի Հունանյանի խնդրագիրը պետք է քննվի 80 օրվա ընթացքում։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով բանդայի ղեկավարին ազատ արձակելու հնարավորության մասին խորհրդարանի պատգամավորների հարցերին, ենթադրել է, որ դա քիչ հավանական է։ Նա մանրամասն ներկայացրել է ընթացակարգը, որը հետևում է վաղաժամ ազատ արձակման մասին դատապարտյալից միջնորդություն ստանալուն, և այն, թե ինչու չի հավատում դրական ելքին։
Խնդրագիր ստանալուց հետո պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունները պետք է իրենց եզրակացությունը տան։ Եթե երկու ծառայություններն էլ դրական եզրակացություն տան, դատապարտյալի միջնորդությունն ուղարկվում է դատարան։ Իսկ եթե այդ կառույցներից մեկը դրական եզրակացություն է տալիս, իսկ մյուսը՝ բացասական, այդ ժամանակ հարցը քննարկվում է դատական կարգով դատապարտյալի գրավոր համաձայնությամբ։ Խնդրագիրը մերժվում է, եթե երկու կառույցներն էլ բացասական եզրակացություն են տալիս։
Նախարարը հաղորդել է, որ քրեակատարողական ծառայությունն արդեն բացասական եզրակացություն է տվել, և, ըստ ամենայնի, պրոբացիայի ծառայությունը նույն կերպ կվարվի։
«Կարծում եմ, որ գործի ելքն ակնհայտ է», – ասել է Բադասյանը։
Այսինքն՝ արդարադատության նախարարի կարծիքով, գործը նույնիսկ դատարան չի հասնի։
Այլ կարծիք
Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ենթադրում է, որ Նաիրի Հունանյանի միջնորդությունը, նախևառաջ, արտահայտվելու հնարավորություն է․
«Եթե Նաիրի Հունանյանը պատրաստ լինի էական, մինչև հիմա հասարակությունից անհայտ դրվագներ նախաքննական մարմնին ներկայացնելու, այդ ժամանակ, բնականաբար, մենք կփորձենք այդ հնարավորությունը լիարժեք իրացնել․․․
Դա կարող է այլ ազդակ էլ լինել: Իրեն ինչ-որ մարդիկ հույս են տվել, որ դու կարող ես էդպիսի հնարավորություն ունենալ ազատության մեջ հայտնվելու: Բայց դա հաստատ իշխանությունների հետ ոչ մի կապ չունի»։
Չբացահայտված հանցագործություն
Հանցագործությունն իրականացնողները պատժվել են, սակայն Հայաստանում շատերը հակված են մտածել, որ կային նաև պատվիրատուներ, որոնց անունները մինչ օրս հայտնի չեն։ Պարզված չեն նաև հանցագործության իրական դրդապատճառները։
Գոյություն ունի մի քանի վարկած։ Դրանցից մեկի համաձայն՝ Հայաստանի խորհրդարանում իրականացրած ահաբեկչությունը կազմակերպված է եղել այլ պետությունների հատուկ ծառայությունների կողմից։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ հանցագործության կազմակերպիչն այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր։ Նա իբր այդ կերպ ուզում էր ազատվել իր քաղաքական մրցակիցներից՝ ահաբեկչության ժամանակ սպանված խոսնակ Կարեն Դեմիրճյանից և վարչապետ Վազգեն Սարգսյանից։
Ի՞նչ ճակատագիր ունեցան զինված խմբավորման անդամները և ահաբեկչության ականատեսները
Եթե խմբի առաջնորդ Նաիրի Հունանյանը շարունակում է ողջ-առողջ բանտում իր պատիժը կրել, ապա նրա հանցակիցներից շատերն, ինչպես նաև ահաբեկչության վկաներից ոմանք զոհվել են չպարզված հանգամանքներում։
Էդուրադ Գրիգորյանը, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման խորհրդարանի շենքում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու համար, մահացել է 2017թ-ի նոյեմբերի 5-ին։
Մինչ այդ Էդուրադ Գրիգորյանը խոստացել էր պատմել այն, ինչ «համառորեն փորձում են թաքցնել հասարակությունից» հոկտեմբերի 27-ի գործով։
Ըստ առկա տեղեկատվության՝ Էդուարդ Գրիգորյանը գիշերը սուր ցավ է զգացել սրտի շրջանում։ Շտապօգնությունը նրան հիվանդանոց է տեղափոխել, որտեղ էլ նա մահացել է։
Էդուարդ Գրիգորյանից առաջ զոհվել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակիցներից և վկաներից ևս 8-ը։
2000թ-ին քրեակատարողական հաստատությունում, իր բանտախցում, ըստ պաշտոնական տվյալների, հոսանքահարվելուց զոհվել է գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, որը մասնագիտւթյամբ էլեկտրիկ էր։ Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Եղիազարյանին 220 վոլտ հոսանք էր խփել։
Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, Նորայր Եղիազարյանի գլխի վրա հարվածների հետքեր էին հայտնաբերվել, ինչը պաշտոնական հաստատում չէր ստացել։
Ավելի ուշ՝ 2004թ-ին իր բանտախցում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ինքնասպան է եղել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակից Վռամ Գալստյանը, որը զմահ ազատազրկման էր դատապարտվել։ Դատաքննության ժամանակ Վռամ Գալստյանը պարբերաբար հայտարարում էր, որ իրեն հոգեմետ դեղեր են տալիս և անընդհանտ մղում են ինքնասպանության, որպեսզի մարդիկ ճշմարտությունը չիմանան։
2010թ-ին մայիսին այդ նույն քրեակատարողական հաստատությունում մահացել է Համլետ Ստեփանյանը, որը միակն էր ահաբեկիչների խմբից, որ դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։ Նրա պատժի ժամկետը լրանում էր երկու տարուց։ Ըստ նախնական եզրակացության՝ 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել։ Սակայն նրա պաշտպանները պնդում էին, որ Ստեփանյանը նախկինում սրտի խնդիր չի ունեցել։
Լրագրող, Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը, որը լավ ծանոթ էր Նաիրի Հունայնանի հետ և գործով որպես վկա էր անցնում, սպանվել է 2002թ-ին Երևանում ծնողների տնից դուրս գալիս։
2004թ-ին Ապարան-Երևան մայրուղում վթարի է ենթարկվել պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ Ժամանակին նա ձերբակալվել էր հոկտեմբերի 27-ի գործով և որոշ ժամանակ անց ազատ էր արձակվել։ Վթարից հետո նրան մի քանի անգամ վիրահատել էին, սակայն Մովսիսյանը մահացել էր՝ այդպես էլ ուշքի չգալով։
Այդ նույն 2004թ-ին ԱՄՆ-ում վթարի հետևանքով մահացել էր գործով որպես վկա ներգրավված խորհրդարանի նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը։ Ահաբեկչության օրը նա խորհրդարանում է եղել։
2004թ-ին Ազգային ժողովի շենքում կախվել էր խորհրդարանի արարողակարգային բաժնի աշխատակից 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը։ Նա նույնպես այդ գործով որպես վկա էր անցնում։
2014թ-ին ԱՄՆ-ում զոհվեց հիմնական վկաներից մեկը։ Հայաստանի Ազգային հեռուստատեսության թղթակից և մեկնաբան, Նաիրի Հունանյանի մոտ ընկեր Տիգրան Նազարյանը, որն ահաբեկչության օրը մտել էր Ազգային ժողովի դահլիճ և մոտ երկու ժամ զրուցել զինված խմբի ղեկավարի հետ։