«Ադրբեջանի հասարակության վրա իսլամն էական ազդեցություն չունի». ի՞նչ է դա նշանակում
Իսլամի ազդեցությունը Ադրբեջանում
JAMnews-ը երեք ուսումնասիրություն է պատրաստել Հարավային Կովկասի երեք երկրներում կրոնական ինստիտուտների դերի վերաբերյալ։ Այս հրապարակումը նվիրված է Ադրբեջանին։ Վրաստանի և Հայաստանի վերաբերյալ ուսումնասիրությունները կարող եք կարդալ հետևյալ հղումներով՝
Հայ առաքելական եկեղեցու տեղն ու դերը մարդկանց և պետության կյանքում
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանի բնակչության 93,4 տոկոսն իրեն մահմեդական է համարում։ Բայց թե ինչպես և ինչ մեթոդով է հաշվարկվել այս ցուցանիշը, հայտնի չէ։ Անհայտ է նաև իրենց մուսուլման համարողների շրջանում սուննիների և շիաների տոկոսը։ Ադրբեջանում լայնորեն տարածված է իսլամական թե՛ շիա, թե՛ սուննի դավանանքը։
Այսպիսով, ինչպե՞ս է կրոնն ազդում հասարակության վրա գրեթե միակրոն երկրում:
Իսլամը քիչ ազդեցություն ունի հասարակության վրա
Ադրբեջանցի (որոշ պնդումների համաձայն՝ բոլոր կովկասցի) մահմեդականների հիմնական կրոնական ադմինիստրացիան Կովկասի մահմեդականների վարչությունն է (CMO): Երկար տարիներ երկրի բոլոր մզկիթները գտնվում էին այս գերատեսչության հսկողության տակ։ Բայց մենք ավելի շատ խոսում ենք ղեկավարման, կառավարման, քան հասարակության վրա ունեցած ազդեցության մասին։
«Ադրբեջանի վրա ազդել է երկար տարիների կյանքը աթեիստական մտածողությամբ խորհրդային ռեժիմում: Եվ կրոնն այստեղ առանձնապես ազդեցություն չունի հասարակության վրա, թեև վերջին տասնամյակներում այն վերելք է ապրում»,- ասում է աստվածաբան Էլշադ Միրին։
«Կրոնը շատ ավելի մեծ ազդեցություն ունի երկրի հարավում, ինչը պայմանավորված է Իրանի հետ այդ շրջանի մոտ հարևանությամբ: Նմանատիպ իրավիճակ է նաև առանձին թաղամասերում կամ բնակավայրերում, որտեղ հավատացյալները խիտ բնակեցված են։ Բաքվի ծայրամասային բնակավայրերից այդ առումով առանձնանում է Նարդարանը»։
Բայց Էլշադ Միրին ասում է՝ ընդհանուր առմամբ դժվար թե կարելի է խոսել Ադրբեջանի քաղաքականության մեջ և հասարակական կյանքում կրոնի մեծ դերի մասին։
Նարդարանի իրադարձությունները՝ ամենամեծ կրոնական բախում
Բաքվի ծայրամասային Նարդարան գյուղում 2015 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած արյունալի բախումները մտան Ադրբեջանի նորագույն պատմության մեջ։ Տեղի բնակիչների և ոստիկանների միջև բախումների հետևանքով զոհվեց յոթ մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Չորսը վիրավորվեցին, 14 մարդ՝ ձերբակալվեցին:
Այդ ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ իշխանությունները Նարդարանում իսլամական շարժումների առաջնորդներին ձերբակալելու հատուկ գործողություն էին սկսել։ Այն ժամանակվա ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովը հայտարարել էր, որ խոսքը գնում է «զինված խմբի» մասին, որն իբր գտնվում էր գյուղում և պատրաստվում էր ուժի կիրառմամբ տապալել սահմանադրական կարգը։
Այդ իրադարձություններից հետո նարդարանցիները բարիկադներ տեղադրեցին ու փակեցին գյուղի մուտքերն ու ելքերը։ Կողմերը կատարվածի համար միմյանց էին մեղադրում։
Երեք օր անց Նարդարանի ավագանին որոշեց դադարեցնել բողոքի ակցիաները։ Ավելի ուշ ձերբակալվեց ևս 19 մարդ։
Այդ իրադարձություններից անցել է 7 տարի, բայց մինչև հիմա Նարդարան մտնելիս և դուրս գալիս պետք է անցնել ոստիկանական անցակետով։ Գյուղ մտնելիս պետք է նշել, թե կոնկրետ ում մոտ եք եկել, իսկ հյուրին ներս կթողնեն միայն այդ տեղեկությունը ստուգելուց հետո։
«Կրոնի փոքր ազդեցությունը վատ գործոն չէ»
«Ես հասարակության մեջ կրոնական ուժեղ ազդեցության կողմնակից չեմ, քանի որ դա խթանում է աստվածապետական ռեժիմի գաղափարները։ Արդյունքը կարող է լինել կրոնի ներկայացվածությունն իշխանության մեջ և այլադավանների մերժումը»,— ասում է աստվածաբան Էլշադ Միրին:
Ադրբեջանը համեմատելու բան ունի: Խորհրդային իշխանության վերջին տարիներին Կովկասի մահմեդականների վարչությունը շատ ազդեցիկ գերատեսչություն էր։
Վարչության ներկայիս ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն այդ պաշտոնում ընտրվել է 1980 թվականին։ Որոշակի ժամանակահատված եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Բայց երբ սկսվեց հանրապետության անկախության համար շարժումը, նա հայտնվեց առաջին շարքերում։
1990 թվականի հունվարի 20-ի ողբերգության օրերին, երբ խորհրդային բանակի ստորաբաժանումները մտցվեցին Բաքու և բախումների ժամանակ զոհվեց 146 մարդ, Ալլահշուքյուր Փաշազադեն մեծ հարգանք վաստակեց ժողովրդի կողմից։ Հենց նա Մոսկվայում հանդես եկավ Խորհրդային Միության ղեկավարության հասցեին կոշտ հայտարարությամբ։ Իսկ հետո նա զբաղվում էր մահացածների հուղարկավորության կազմակերպմամբ։
Սա հատկապես կարևոր էր, քանի որ Ադրբեջանը փաստացի մնացել էր առանց ղեկավարության և ընկղմվել էր քաոսի մեջ։
Հետագայում վարչությունն սկսեց ակտիվորեն համագործակցել իրենց իշխանությունն ամրապնդածների հետ, ինչը նվազեցրեց նրա ժողովրդականությունն ու ազդեցությունը հասարակության մեջ:
Իսկ հետո եկավ մրցակցության շրջանը, երբ իշխանությունները ստեղծեցին զուգահեռ կառույց՝ Կրոնական հաստատությունների հետ աշխատանքի պետական կոմիտե, և դրանով իսկ համակարգային կերպով թուլացրին Կովկասի մահմեդականների վարչության դիրքերը:
Էլշադ Միրին ասում է, որ 2021 թվականի հուլիսը կարելի է անվանել ժամանակահատված, երբ թուլացավ նաև Ալլահշուքյուր Փաշազադեի անձնական հեղինակությունը։ Այդ ժամանակ վարչության ղեկավարը ելույթ ունեցավ Շուշիում պետական միջոցառման ժամանակ և մեծ ուշադրություն դարձրեց Իրանի Այաթոլլահ Խամենեիի ֆեթվային (կրոնական հայտարարությանը)՝ ստեղծելով տպավորություն, թե հենց դա է առաջնորդել Ադրբեջանին դեպի հաղթանակ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում (2020 թ. աշնանը)։
«Նախքան այդ միջադեպը նախագահը մշտապես հրապարակավ իր աջակցությունն է հայտնել վարչության ղեկավարին, խոսել իրենց անձնական հարաբերությունների մասին։ Բայց Փաշազադեի այդ ելույթից հետո մենք նման բան չենք նկատել ո՛չ արարողակարգային միջոցառումների, ո՛չ էլ առանձին հանդիպումների ժամանակ»,— ասում է Էլշադ Միրին։
Հուղարկավորություն՝ ըստ մահմեդական սովորույթների, նույնիսկ եթե կյանքի ընթացքում դրանց չեն հետևել
Ադրբեջանում մարդկանց մեծ մասն ապրում է առանց իսլամի հինգ պարտադիր պայմանների կատարման։ Բայց երբ նրանք մահանում են, բոլորը պետք է թաղվեն մահմեդական սովորույթների համաձայն: Թերևս դա է պատճառը, որ իսլամը հասարակության մի մասի կողմից ընկալվում է որպես սգո կրոն։
Քրիստոնեական եկեղեցիներում տեղի են ունենում հարսանիքներ, երեխաների մկրտություններ և այլ տոնակատարություններ։ Մզկիթներում մարդիկ կա՛մ նամազ են անում, կա՛մ մահացածներին բերում են այնտեղ լողանալու, կա՛մ հանգուցյալների հիշատակն են ոգեկոչում։
Բայց աստվածաբան Էլշադ Միրին կարծում է, որ «իսլամը կապված է կյանքի հետ, և սխալ է այն կապել միայն թաղումների, ոգեկոչումների հետ»։
«Շատ երկրներում մարդիկ մզկիթ են գալիս իրենց երեխաների հետ, ովքեր վազում և խաղում են այնտեղ: Անգլիայում ես մզկիթում մարզասրահ եմ տեսել: Բելգիայում թեյարան են բացել հենց մզկիթում։ Իսկ Բոսնիա և Հերցեգովինայում ես նույնիսկ մզկիթի համալիրում բաղնիք տեսա: Ադրբեջանում նույնպես անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը մզկիթների նկատմամբ»,— կարծում է նա։
Կրոնական ամուսնություն (քյաբին)
Ադրբեջանում մեծ մասը ընտանիք կազմելիս ամուսնությունը գրանցում է ոչ միայն պետական կառույցում, այլև կրոնական։ Կան նաև այնպիսի ամուսնական զույգեր, որոնք անտեսում են գրանցումը ԶԱԳՍ-ում՝ բավարարվելով միայն կրոնական ամուսնությամբ՝ քյաբինով։
Սակայն օրենքի համաձայն՝ մոլլաներն իրավունք ունեն մահմեդական սովորույթներով ամուսնություն գրանցել միայն պետական գրանցման վկայական ներկայացնելու դեպքում։
Կրոնական հանդուրժողականությունը՝ երկակի իրավիճակ
Ադրբեջանում կրոնական հանդուրժողականությունը երկրի իշխանությունների սիրելի թեման է՝ հռչակված տարբեր մակարդակներում։ Բայց մարդկանց իրական հարաբերություններում ամեն բան այդքան էլ պարզ չէ:
«Այսօր Ադրբեջանում գոյակցում են հրեաները, մահմեդականները և քրիստոնյաները։ Նաև, դեռևս խորհրդային ժամանակներից Ադրբեջանում լայնորեն տարածված են իսլամի և՛ սուննի, և՛ շիա դավանանքները։ Երկրի անկախացումից հետո ի հայտ եկան սուննիզմի և շիիզմի բազմաթիվ փոքր ճյուղեր։
Ընդհանրապես մարդիկ հարգում են միմյանց կրոնը։ Բայց կան նաև սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ և կոչեր սոցիալական ցանցերում։ Մինչ այժմ Ադրբեջանում կրոնական հողի վրա հակամարտություններ չեն եղել։ Հետագայում ևս դրանք կանխելու համար պետք է վճռական քայլեր ձեռնարկել։ Առաջին հերթին՝ ճիշտ իրազեկման, այդ թվում՝ հեռուստատեսային հաղորդումների միջոցով»,— ասում է Էլշադ Միրին։
Երիտասարդները կրոնական կրթություն են ստանում Իրանում և Սաուդյան Արաբիայում
Ադրբեջանում իսլամի տարբեր ճյուղերի տարածման պատճառներից մեկը երիտասարդների շրջանում Իրանում, Սաուդյան Արաբիայում և Սիրիայում կրոնական կրթություն ստանալու գաղափարի տարածված լինելն է:
Միաժամանակ հասարակության մեջ կանխակալ վերաբերմունք է ձևավորվել նրանց նկատմամբ՝ որպես «կրոնական ծայրահեղականների»։ Շատերը նրանց վտանգի աղբյուր են համարում:
Աստվածաբան Էլշադ Միրին կարծում է՝ եթե Ադրբեջանում հնարավորություն լինի ստանալ որակյալ կրոնական կրթություն, ապա արտասահման մեկնելու կարիք չի լինի:
«Նախկինում աստվածաբանության ֆակուլտետներ կային Բաքվի պետական համալսարանում և նախկին Կովկասյան համալսարանում: Բաքվի իսլամական համալսարան էր գործում Կովկասի մահմեդականների վարչության հովանու ներքո։ Բայց հետո դրանք հերթով փակվեցին։ Այնուհետև ստեղծվեց Ադրբեջանի աստվածաբանության ինստիտուտը։
Ընդհանուր առմամբ իրավիճակն այնպիսին է, որ փաստացի երկրում մի քիչ ավելի կրթված մոլլաներ են պատրաստում` նախկին անկիրթ մոլլաների փոխարեն։