«Բաքուն փորձում է իր շահերն առաջ տանել այլ հարթակներում»․ հայ քաղաքագետ
Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ
«Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան—Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում»,- օրերս հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այդպես նա արձագանքել է Ալիևի հայտարարությանը, թե Երևանը մերժել է «եռակողմ ֆորմատ ձևավորելու առաջարկը»։
Դավոսի ամենամյա ֆորումի ժամանակ թեմային անդրադարձել էր նաև Վրաստանի վարչապետը։ Ղարիբաշվիլին, սակայն, նոր ձևաչափի ստեղծման մասին ոչինչ չէր ասել, միայն վստահեցրել էր՝ «Վրաստանն իրապես չեզոք միջնորդ է»։
«Նույնիսկ գործող ֆորմատներում Բաքվի հետ բանակցությունները դժվարությամբ են ընթանում։ Չեմ կարծում, որ կա մի հարց, որն այսօր կարելի է քննարկել Թբիլիսիի հարթակում»,- ասում է քաղաքագետ, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։ Կարծում է՝ դրական հնարավորություն լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը չի փոխվել։
Ի՞նչ են հայտարարել Ալիևն ու Ղարիբաշվիլին Դավոսում, Երևանի արձագանքը, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Երևանը մերժել է եռակողմ ֆորմատ ձևավորելու առաջարկը»․ Ալիև
Հունվարի 19-ին Դավոսի ամենամյա ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե «Երևանը մերժել է Ադրբեջանի և Վրաստանի հետ համագործակցության եռակողմ ֆորմատ ձևավորելու առաջարկը»։
Ալիևը բարձր էր գնահատել Վրաստանի վարչապետի ջանքերը, հիշեցրել Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման մասին։
«Մեր առաջարկությունն էր Վրաստանում նաև երեք երկրների առաջնորդների հանդիպում կազմակերպել, ի վերջո, Վրաստանն այն տեղն է, որտեղ հարևաններն ավանդաբար հանդիպում էին։ Հայաստանը, սակայն, դրան պատրաստ չէ», — հայտարարել էր Ալիևը։
«Վրաստանն իրապես չեզոք միջնորդ է»․ Ղարիբաշվիլի
Դավոսում թեմային անդրադարձել էր նաև Վրաստանի վարչապետն ու վստահեցրել՝ իր երկիրը պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել Երևանի և Բաքվի միջև։
«Վրաստանն իրապես չեզոք, անկողմնակալ, անաչառ միջնորդ է»,- շեշտել էր Ղարիբաշվիլին։
Նրա դիտարկմամբ՝ եռակողմ հանդիպումների կազմակերպումը բխում է Թբիլիսիի շահերից, քանի որ տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, Վրաստանին և Հայաստանին, և այս երկրները կարող են այն «վերածել հնարավորությունների, խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի»։
«Հայաստանը հետաքրքրված է եռակողմ երկխոսության զարգացմամբ»․ Միրզոյան
«Արմենպրես» գործակալության հետ զրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ալիևի հայտարարությանն ու ընդգծել, որ «Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում»։
ՀՀ արտգործնախարարն անդրադարձել է վերջին շրջանում շրջանառվող Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման գաղափարին: Նրա խոսքով՝ հայկական կողմն իր պատրաստակամության մասին հայտնել է և «այժմ էլ պատրաստ է նման հանդիպման»։ Սակայն Արարատ Միրզոյանն ընդգծել է․
«Այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը չի մանրամասնել՝ ինչ հայտարարության մասին է խոսքը։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ Թբիլիսիի աջակցությունը կամ միջնորդությունը դրսևորվել է նաև մինչև այժմ։ Հիշեցնում է՝ մի քանի հայ գերիների վերադարձը Բաքվից, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վրաստանում։
Ասում է՝ վրացական կողմը մշտապես խոսել է այն մասին, որ հարթակ տրամադրելու իրենց առաջարկը որևէ երկրի կամ երկրների դեմ չէ։
«Ցույց են տալիս, որ Մոսկվայում և Բրյուսելում ձևավորված հարթակների դեմ չէ, բանակցային այդ ֆորմատներին փոխարինել՝ վրացականը չի կարող և նման հավակնություն չունի»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Մելիքյանը։
Նրա խոսքով՝ Վրաստանն իրոք շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ, քանի որ դա զարգացման, ներդրումների հոսքի ավելացման նախադրյալ է։
Մյուս կողմից նկատում է՝ «այսօրվա իրողություններն այլ են, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները», այդ թվում՝ այլ կերպ մեկնաբանելով տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափկման մասին պայմնանավորվածությունները։ Նկատի ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Իլհամ Ալիևը վերջերս կրկին ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի իրականացումը պատմական անհրաժեշտություն է», «Հայաստանն ուզի, թե ոչ, այն կիրականացվի»։
«Չեմ կարծում, թե Ադրբեջանի էքսպանսիոնիստական մոտեցումը սահմանափակվի միայն Հայաստանով։ Ուստի մտահոգության առիթ ունի նաև Վրաստանը։ Դրան ի պատասխան փորձում են պրոակտիվ աշխատել նաև հայ-ադրբեջանական օրակարգով»,- կարծում է քաղաքագետ Ջոնի Մելիքյանը։
Փորձագետի խոսքով՝ եթե լինեն շատ լոկալ կամ տարածաշրջանային հարցեր, որոնք այլ ֆորմատներում չեն քննարկվում, գուցե Երևանն ու Բաքուն դրանք տեղափոխեն Վրաստան։ Ներկա պահին, սակայն, Մելիքյանը նման հնարավորություն չի տեսնում՝ ելնելով վերջին զարգացումներից՝ սեպտեմբերյան ռազմական գործողություններից և Լաչինի միջնացքի արգելափակումից։
Քաղաքագետի գնահատմամբ՝ թբիլիսյան հարթակի դեպքում նույնպես տեղաշարժ չի լինի, ինչպես եղավ 3+3 ֆորմատի պարագայում։
Թուրքիան առաջ է քաշել տարածաշրջանային հարցերի լուծման նոր ձևաչափ, որն անվանում են «3+3»։ Այն ենթադրում է, մի կողմից, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությունը, մյուս կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի։ Դեռ Թուրքիային չի հաջողվում առաջ տանել այս նախագիծը։ Մասնավորապես, Վրաստանը դեմ է աշխատել այս ձևաչափով։
Ադրբեջանի քայլերն, ըստ նրա, պոպուլիստական են։ Կարծում է՝ Բաքուն փորձում է օգտվել Ռուսաստան-Արևմուտք ճգնաժամից և ստանալ առավելագույնը։ Խոսելով մոսկովյան և բրյուսելյան ձևաչափերի մասին՝ քաղաքագետը նկատում է՝ հենց Բաքվի համար ոչ շահեկան իրավիճակ է ստեղծվում, ադրբեջանական կողմը փորձում է «դադարեցնել կամ սառեցնել աշխատանքն ու այլ հարթակներում իր շահերն առաջ տանելու ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել»։
«Վրաստանն Ադրբեջանի վրա ազդեցության լծակ չունի։ Եթե նույնիսկ եռակողմ ինչ-որ բան տեղի ունենար, ապա չեմ կարծում, թե Բաքուն պատրաստ կլիներ լսելու հայկական կողմի մոտեցումները և լինելու ոչ այդքան ագրեսիվ»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ