Ո՞ւմ են վստահում Վրաստանի բնակիչները
Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և CRRC-Վրաստան-ի հետազոտության համաձայն՝ հարցվածների 60 տոկոսը բացասաբար է գնահատում կառավարության գործունեությունը։
Անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ, երբ կառավարության աշխատանքը դուր չէր գալիս հարցվածների 48 տոկոսին, այդ ցուցանիշն աճել է 12 տոկոսով։ Վստահությունը նվազել է նաև այլ պետական գերատեսչությունների և առաջնորդների նկատմամբ։
•Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահը
•Բնակչության կեսն ի վիճակի չէ վճարել կոմունալները։ Ինչպե՞ս են ապրում Վրաստանում
Ձեզ ենք ներկայացնում ամենակարևոր թվերը․
* Հաշվի առեք, որ հետազոտության դաշտային աշխատանքներն անցկացվել են 2019թ-ի հուլիսի 13-29-ը՝ կառավարությունում կատարված փոփոխություններից առաջ։
Ո՞վ է առաջնորդը
Քաղաքական առաջնորդների վարկանիշում ամենապոպուլյարը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն է։ Հարցվածների մեծ մասին դուր է գալիս նրա գործունեությունը (45 տոկոս)։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեությունը, որն ընտրվել է ընդամենը 10 ամիս առաջ, հարցվածների 40 տոկոսը գնահատում է որպես վատ կամ շատ վատ։ Եվ միայն 12 տոկոսն է նախագահի աշխատանքը դրական գնահատել։
Ինչ վերաբերում է խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեին, ապա հարցման պահին նրան դեռ նոր էին նշանակել այդ պաշտոնում։ Եվ այդ ժամանակ նա մեծ ժողովրդականություն չէր վայելում․ հարցվածների մեծ մասը պատկերացում չի ունեցել նրա գործունեության մասին։ 35 տոկոսը հայտարարել է, որ չգիտի, թե ինչ է անում Տալակվաձեն։
Հարցման անցկացման պահին վարչապետը Մամուկա Բախտաձեն էր։ Այսպիսով, հետազոտությունում տվյալներ չկան նոր վարչապետ Գիորգի Գախարիայի գործունեության մասին։
Փոխարենը, հետազոտությունից պարզ է դառնում, որ հրաժարականի պահին Բախտաձեի աշխատանքը բնակչությունը գնահատում էր ոչ վատ, ոչ լավ, այլ որպես միջին (34 տոկոս)։ Նրա գործունեությունը դրական է գնահատել միայն 12 տոկոսը, բացասական՝ 28 տոկոսը։
Եկեղեցին առաջին տեղում է
Նախկինի պես առաջատարը եկեղեցին է։
Բնակչության 64 տոկոսը դրական է գնահատում այդ ինստիտուտի գործունեությունը։ 20 տոկոսն այն միջին է համարում։ Եվ միայն հինգ տոկոսն է այն բացասաբար ընկալում։
Կառույցների շրջանում վերջին տեղը խորհրդարանն է զբաղեցնում։ Բնակչության 42 տոկոսին դուր չի գալիս նրա աշխատանքը։ Եվ միայն ութ տոկոսն է դրանից գոհ։ Այսօր խորհրդարանը վերջին յոթ տարիների ամենացածր վարկանիշն ունի։
Վստահության վարկանիշում եկեղեցու լուրջ մրցակիցներն են արդարադատության տները։ Հարցվածների 57 տոկոսը դրական է գնահատում այդ հաստատությունների աշխատանքը, որոնց գլխավոր հայեցակարգը մեկ շենքում հարյուրավոր պետական ծառայություններ միավորելն է։
Ավանդաբար մարդիկ դրական են վերաբերվում վրացական բանակին (53 տոկոս)։
Ինչ վերաբերում է ոստիկանությանն, ապա հարցվածների 42 տոկոսը գոհ է դրա աշխատանքից, 14 տոկոսը՝ դժգոհ, իսկ 37 տոկոսն այն գնահատում է միջին։
Ժողովրդական պաշտպանի ինստիտուտին ավելի շատ են վստահում, քան դատարանին (25 տոկոս)։ 37 տոկոսը դատարանի աշխատանքը գնահատել է՝ վատ և շատ վատ։ Եվ միայն 10 տոկոսն է վստահ, որ դատարանները լավ են աշխատում։ Դատախազության աշխատանքը դուր է գալիս միայն 12 տոկոսին։ Իսկ 27 տոկոսն այն բացասական է գնահատում։
Քաղաքական կուսակցություններ
Եթե վաղն ընտրություններ անցկացվեին, «Վրացական երազանքին» կսատարեր հարցվածների 20 տոկոսը, «Միասնական ազգային շարժմանը»՝ ինը տոկոսը, «Հայրենասերների դաշինքն» ու «Եվրոպական Վրաստանը» կստանային չորսական տոկոս։
26 տոկոսն ասում է, որ չգիտի, թե ում օգտին կքվեարկեր, իսկ 19 տոկոսը չէր քվեարկի ոչ մի կուսակցության օգտին։
Ընդ որում, հարցվածների մեծ մասը (45 %) ասում է, որ իր հայացքներին չի համապատասխանում ոչ մի կուսակցություն։
Այն հարցին, թե վաղը խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում արդյո՞ք հարցվածները կմասնակցեին դրան, 41 տոկոսը բացասական պատասխան է տվել։
Իսկ եթե ստիպված լիներ ընտրություններին մասնակցել, մեծ մասը (57 %) չի կողմնորոշվել, թե ում կտար իր ձայնը։
Հարցման անցկացման պահին Մամուկա Խազարաձեի քաղաքական շարժումը դեռ հիմնված չէր, հետևաբար, հարցաթերթիկում այն չէր հիշատակվում։
Հունիսի 20
Հարցվածների 43 տոկոսի կարծիքով, հունիսի 20-ի իրադարձությունների համար պատասխանատվությունն իշխանությունների վրա է։ Մեծ մասը (68 %) կարծում է նաև, որ իշխանությունը գերազանցել է իր լիազորությունները ցույցը ցրելիս։ 71 տոկոսը կարծում է, որ ցույցը ցրելու համար ոչ ոք պատշաճ պատիժ չի կրել։
Այն հարցի վերաբերյալ, թե արդյոք ՆԳՆ նախարար Գախարիան պետք է հրաժարական տա, կարծիքները կիսվել են։ 46 տոկոսը կարծում է, որ պետք է, 39 տոկոսը՝ որ ոչ։