Տաբուն հաղթահարված է․ Հայաստանում բացահայտ քննարկում են սեռական բռնության դեպքերը
Սեռական բռնությունը՝ տաբուացված թեմա
2019 թվականից Հայաստանում սկսեցին բուռն քննարկումներ սեռական բռնության թեմայի շուրջ։
Հայաստանում այս երևույթի գոյության վրա օգտատերերի ուշադրությունը սկզբից գրավեց ազգությամբ չեխ Էվան: Նա պատմել էր Հայաստանի մարզերից մեկում իր հետ տեղի ունեցած բռնության և դրա հանրային արձագանքի, ավելի ճիշտ, դրա բացակայության մասին:
«Ես դիմադրում էի, աքացի տալիս նրան, գոռում, բայց նա ձեռքը բերանս մտցրեց, որ խեղդվեմ: Հետո նա կարողացավ քաշել-հանել անդրավարտիքս: Նա ձեռքը դրեց կոկորդիս ու սկսեց խեղդել ինձ: Մինչ այդ ինձ թվում էր, թե բավականին ուժեղ եմ ու կկարողանամ դուրս պրծնել: Սակայն երբ զգացի, որ շնչահեղձ եմ լինում, գիտակցեցի, որ նա ուղղակի կարող է սպանել ինձ, հենց այդպես, ու ոչ ոք օգնության չի գա», — պատմել էր Էվան:
Բռնարարը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
• Ժողովրդագրական ճգնաժամ Հայաստանում. պատճառները և ելքերը
• Սեռական կրթությունը Վրաստանում․ փակ և վտանգավոր թեմա
Այս պատմության քննարկումներից հետո բլոգեր, լրագրող Լյուսի Քոչարյանն Facebook սոցիալական ցանցի իր էջում սկսեց #բռնության_ձայնը հեշթեգով արշավ՝ ներկայացնելով սեռական բռնության վերաբերյալ իրեն ուղարկված անանուն նամակները: Հաշված ժամերի ընթացքում նամակների թիվը հասավ 200-ի: Այդ ժամանակ նա հատուկ էջ բացեց՝ «Բռնության ձայնը» անունով, որտեղ յուրաքանչյուրը կարող էր պատմել իր հետ կատարված բռնության մասին՝ պահպանելով անանունությունը:
«5-6 տարեկան էի, խաղալու սենյակ ունեինք, հաճախ քույրիկներով էնտեղ խաղում էինք, ինձանից 10 տարով մեծ հորաքրոջս տղան մեր տուն էր եկել, ինձ շորերով պառկեցրել էր ու կոպիտ բռնած անդուր քսմսվում, շարժումներ էր անում, զգում էի ինչ-որ «կոշտ բանով» սեղմում է, ահավոր զզվելի էր, բայց չէի կարողանում ազատվել… Ամուսնանալուցս հետո եմ հասկացել, թե ինչ էր դա… Հետաքրքիր է, համ չգիտեի՝ ինչ էր անում, համ ոչ ոքի, անգամ մայրիկիս չեմ համարձակվել պատմել…»,— պատմում է անանուն զոհերից մեկը:
Այս պատմությունները շատերի համար անհավանական էին թվում, որովհետև դրանց մեծ մասում բռնարարը ընտանիքի անդամն էր՝ պապը, քեռին, հորեղբայրը, զարմիկը։ Բացի այդ, շատ դեպքերում խոսքը մանկապղծության մասին էր: Թերահավատության տեղիք էր տալիս նաև այն հանգամանքը, որ գրառումներն անանուն էին:
Պատմություններ՝ դատական գործերից
Մինչ համացանցը քննարկում էր անանուն պատմությունների հավաստիությունը և հրաժարվում հավատալ դրանց, լրագրող Գևորգ Թոսունյանը որոշեց այս խոսակցությունը տեղափոխել զգայականից փաստերի դաշտ։ Նա հրապարակեց սեռական բռնության մասին իրական դեպքեր՝ դատական գործերից։
«Լրագրող Լյուսի Քոչարյանի հայտնի հրապարակումներից հետո, հանրության, այդ թվում՝ իմ ընկերների շրջանում, ես նկատեցի արդարացված անվստահություն այդ երևույթի հանդեպ։ Բազմիցս ուսումնասիրել եմ խնդիրը և համոզվել, որ այն կա ու չափազանց վտանգավոր տեսք ունի։ Միաժամանակ նկատում էի, որ Լյուսիի հրապարակումները որոշ առումներով ուռճացված են ու արհեստական։
Մի քանի օր հետևեցի ցանցային քննարկումներին ու նկատեցի, որ գիտակից և խելամիտ անձինք չեն հավատում դրանց՝ խորացնելով այն պնդումը, որ այս երևույթը մեր հանրության մեջ արհեստածին է։ Որոշեցի մարդկանց ներկայացնել իրական դեպքեր։ Ինձնից երկար ժամանակ չխլեց փնտրել ու գտնել դրանք, քանի որ նախկինում ևս առնչվել եմ նման դատական գործերի։ Նպատակը մեկն էր՝ հանրության կողմից առավել վստահելի աղբյուրի՝ տվյալ դեպքում «ՍիվիլՆեթի» միջոցով, փաստարկված ներկայացնել իրականությունը»,- ասում է Գևորգը:
Ահա այդ դատական գործերից մեկի նկարագրությունը․
«2008-ին Արթուրը իր տանը ընկերոջ հետ ոգելից խմիչք է օգտագործել, երբ օղին ավարտվել է, իր դստերը՝ Անահիտին, հրահանգել է օղի բերել, վերջինս հրաժարվել է գնալ խանութ՝ մթնշաղի պատճառով։ Հայրը սկսել է դստերը հայհոյել ու ծեծել, հետո դանակի սպառնալիքով հորդորել է գնալ իր սենյակ։
Այնուհետև Արթուրը դստերը՝ Անահիտին, տարել է սենյակ և բռնաբարել, մյուս դուստրը լսել է, սակայն վախեցել է խառնվել։ Մի քանի րոպե անց Անահիտը տանից դուրս է եկել, փողոցում նրան հանդիպել են երկու երիտասարդներ՝ մեքենայով։ Նրանք առաջարկել են իրենց հետ գնալ Երևան։ Այդ երիտասարդներից մեկը աղջկան բռնաբարել է մեքենայում։
Անահիտի քույրը բռնաբարությունից հետո մտել է դեպքի վայր, տեսել քրոջ սենյակում տիրող վիճակը, հասկացել, որ հայրը բռնաբարել է նրան և որոշել է ինքնասպան լինել։ Վերցրել է մոր դեղահաբերը ու ութ հատ խմել, սակայն հոր ընկերը նկատել է, տարել հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնությու են ցուցաբերել։ Նա չի մահացել։
Բռանարարը դատապարտվել է 4 տարի ազատազրկման։ Նա հիմա ազատության մեջ է» ։
Գևորգը համոզված է, որ մարդիկ պետք է տեղեկացված լինեն․
«Որքան էլ մենք այդ խնդրից փախչենք, այն մեզ չի լքի։ Ընդ որում՝ ես հատուկ շեշտը դրել էի դատական պրակտիկայի վրա։ Ոչ թե երևույթն էի նկարագրել, այլ առանձնացրել էի դատավճիռները, որոնք բավականին մեղմ են բռնարարների հանդեպ։ Նկատեցի, որ այդ տեսանկյունից ես թիրախին հարվածել եմ. մարդիկ անհամաձայնություն էին հայտնում այդ երևույթի նկատմամբ»:
Ինչո՞ւ են լռում զոհերը
Հոգեբան Անուշ Ալեքսանյանը վստահ է, որ սեռական բռնության ենթարկված անձինք նախընտրում են լռել իրենց հետ կատարվածի մասին, որովհետև վախենում են հանրության արձագանքից.
«Հասարակության մեջ չկա ճիշտ, աջակցող վերաբերմունք բռնության ենթարկված անձանց նկատմամբ: Այդ իսկ պատճառով մարդիկ ուղղակի գերադասում են լռել կամ խոսել միայն անանունության դեպքում: Մենք նաև չունենք նման թեմաներով խոսելու, քննարկում ծավալելու մշակույթ», — ասում է հոգեբանը և հիշում տարիներ առաջ դպրոցական աղջկա բռնաբարության դեպքը, որից հետո երեխան չկարողացավ վերադառնալ դպրոց՝ իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքի պատճառով:
Անուշ Ալեքսանյանը մեծ խնդիր է համարում այն, որ հասակարակությունը հաճախ արդարացնում է բռնարարին և մեղադրում զոհին:
Հոգեբանը նշում է, որ բռնության մասին լռելու պատճառը նաև մեղքի զգացումն է՝ բռնության անխուսափելի հոգեբանական հետևանքը: Մարդիկ հասարակական կարծրատիպերի կրողն են և հաճախ իրենք էլ կիսում են մյուսների կարծիքն այն մասին, որ կատարվածի մեջ մեղքի իրենց բաժինն ունեն:
Սեռական բռնության ենթարկվածները դիմելու տեղ չունեն
Սեռական բռնության ենթարկված անձանց հիմնախնդիրներով պետությունը չի զբաղվում: Այս դեպքերը պետությանն առընչվում են միայն իրավական ձևակերպում ստանալուց հետո, երբ դրանց հիման վրա քրեական գործեր են հարուցվում: Պետության մասնակցությունը սահմանափակվում է բռնարարի նկատմամբ պատիժ սահմանելով:
Սեռական բռնության ենթարկված անձինք կարող են աջակցություն հայցել միայն մեկ հասարակական կազմակերպությունում՝ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնում»։ Ըստ դրա հրապարակած տվյալների, այս տարեսկզբից իրենք զբաղվել են սեռական բռնության 10 դեպքով, դրանցից 8-ի դեպքում զոհերը երեխաներ են։
Աջակցության համար դիմում են հիմնականում մայրաքաղաք Երևանից, սակայն դա չի նշանակում, որ մարզերում նման դեպքեր չեն գրանցվում: Խնդիրն այն է, որ մարզերում կարծրատիպերն ավելի կենսունակ են:
Վիճակագրություն
Պաշտոնական տվյալներով, Հայաստանում տարեկան գրանցվում է սեռական բռնության 150-ից 160 դեպք, մեծ մասը՝ անչափահասների նկատմամբ:
Սակայն Հայաստանում սեռական բռնության դեպքերի արձանագրման միասնական բազա գոյություն չունի, տարբեր է նաև տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանությունը։ Այդ իսկ պատճառով տարբեր գերատեսչությունների ներկայացրած թվային տվյալները տարբերվում են:
Ըստ Քննչական կոմիտեի տվյալների, 2016 թ.-ին այս կառույցի քննիչները քննել են երեխայի դեմ ուղղված սեռական հանցագործություններով հարուցված 88 քրեական գործ, 2017 թ.-ին՝ 88 դեպք, իսկ 2018 թ.-ին՝ 76: Վերոնշյալ քրեական գործերով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավվել է 301 անձ, որոնցից 170-ը եղել են տուժողի ազգական, բարեկամ, ընտանիքի անդամ կամ հարևան:
Ոստիկանությունը ներկայացնում է այլ տվյալներ՝ 2016 թ.-ին ներկայացնելով 81, 2017 թ.-ին՝ 77, իսկ 2018 թ.-ին 50 դեպք։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» փորձել է ինքնուրույն հավաքագրել և համակարգել վերջին տարիներին տեղի ունեցած դեպքերը:
Ըստ կոալիցիայի տվյալների, Հայաստանում սեռական հանցագործություններից տուժողների մեծ մասը երեխաներ են։
2016 թ.-ին սեռական հանցագործություններով տուժող ճանաչված 160 անձից 115-ը 5-ից 17 տարեկան երեխաներ են եղել։
2017 թ.-ին տուժող ճանաչված 164 հոգուց երեխաների թիվը կազմել է 113:
Սեռական բռնության ենթարկվածներն անտեսված են
Արդեն մեկ տարի է, ինչ հանրային պաշտպանի անվճար ծառայություններից կարող են օգտվել նաև ընտանեկան բռնության ենթարկված անձինք։ Սակայն այս ինստիտուտը չի գործում սեռական բռնության ենթարկվածների դեպքում:
Այս մարդկանց չի տրամադրվում իրավաբանական կամ սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն:
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» իրականացրած ուսումնասիրությունները փաստում են, որ սեռական բռնության դեպքերով հարուցված քրեական գործերը կարճվելու միտում ունեն: Գործերի շուրջ 40 %-ը կարճվում է նախաքննության փուլում և չի հասնում դատարան:
Սեռական բռնությունն անպատժելի է, երբ բռնարարը օրինական ամուսինն է: Նրա համար քրեական օրենսգիրքը պատիժ չի նախատեսում:
Եվրոպայի խորհրդի՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի տեսանկյունից ՀՀ օրենսդրության վերլուծությունն ի հայտ է բերում այս ոլորտում առկա լուրջ բացթողումներ։
Մասնավորապես, թեև կոնվենցիան հստակ արգելքներ է սահմանում կանանց նկատմամբ բռնության՝ «պատմականորեն օգտագործված արդարացումների» համար, Հայաստանի օրենսդրությունն այնուամենայնիվ, նախատեսում է որոշ մեղմացնող հանգամանքներ։ Եվ դա կրկին «տուժողի կողմից ցուցաբերված դրդող վարքագիծն» է (ՔՕ 62-րդ հոդված):
Նույն հետազոտության տվյալներով, Հայաստանում բռնության ենթարկված կանանց միայն 6․8 տոկոսն է դիմում իրավապահներին՝ խուսափելով հանրային պարսավանքից։