Հայաստանի նախկին նախագահին կալանքից ազատած դատավորի դեմ քրեական գործ է հարուցվել
Դատավոր Դավիթ Գրիգորյանն անցնում քրեական գործով, ժամանակավորապես կասեցվել են նաև նրա լիազորությունները:
Մի քանի ամիս առաջ Գրիգորյանը որոշում էր կայացրել կալանքից ազատել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ և դատավոր Գրիգորյանի՝ ազատ արձակման որոշումից մոտ մեկ ամիս անց նորից հայտնվել է անազատության մեջ՝ Վերաքննիչ դատարանի վճռով:
Դատախազությունը հատուկ նշում է, որ Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը որևէ կապ չունի Քոչարյանի գործի հետ:
• Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվել է
Ինչում է մեղադրվում դատավորը
Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել քրեական գործ հարուցել դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ: Նա պաշտոնեական կեղծիքի գործով անցնում է կասկածյալի կարգավիճակով:
2019թ. փետրվարի 18-ին ոմն Սերգո Փանոսյան հաղորդում էր ներկայացրել Գրիգորյանի դեմ: Գլխավոր դատախազությունից հայտնում էին, որ «քաղաքացին հաղորդում է ներկայացրել քրեական գործի շրջանակում պաշտոնեական ակնհայտ կեղծիքի կատարման մասին տեղեկատվությունը ստուգելու վերաբերյալ»:
Բայց այդ ժամանակ նախաքննական մարմինը այդ հաղորդման հիմքով քրեական գործ չհարուցեց: Միայն մի քանի ամիս անց՝ մայիսի 22-ին, հարցը վերանայվեց: Արդյունքում գործ հարուցվեց՝ նոր հանգամանքների ի հայտ գալու հիման վրա:
Զուգահեռաբար հայկական մամուլում բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին, որոնցում և՛ լրագրողները, և՛ փորձագետները Գլխավոր դատախազության գործողությունները կապեցին Քոչարյանի գործի հետ, որը վարում էր դատավորը:
Դրանից հետո Գլխավոր դատախազությունը հատուկ հայտարարել է, որ Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը որևէ կերպ կապված չէ նախկին նախագահի գործի հետ:
Խուզարկություն դատավորի աշխատասենյակում
Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 16-ին խուզարկություն է անցկացրել դատավորի աշխատասենյակում, որից հետո այն կնքվել է:
Politik.am պարբերականը գրել է , որ դատավորին և նրա փաստաբանին արգելել են մուտք գործել աշխատասենյակ:
«Հատուկ քննչական ծառայության քննիչը պահանջել է կնքել սենյակը՝ բացատրելով, որ դա հանցանքի վայր է: Թե ինչ հանցանքի՝ առայժմ պարզ չէ: Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանին զարմացրել է կատարվածը»:
Խուզարկությունից հետո դատավոր Գրիգորյանը հայտարարել է, որ առգրավել են իր աշխատանքային համակարգիչը:
Հարցին՝ արդյո՞ք ինքն այդ խուզարկության մեջ հետապնդման տարրեր է տեսնում, դատավորը պատասխանել է.
«Ես այժմ ոչինչ ասել չեմ կարող: Երբ ժամանակը կգա, կարտահայտեմ իմ դիրքորոշումը»։
Ճնշում դատավորի վրա՞
Որոշ փորձագետներ, ինչպես նաև դատավորի և նախկին նախագահի փաստաբանները ենթադրում են, որ Գրիգորյանի և ընդհանուր առմամբ Հայաստանի դատական համակարգի վրա ճնշում է գործադրվում:
Դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը քննչական մարմնին մեղադրել է նրանում, որ դատավորի գրասենյակում խուզարկության, ինչպես նաև փաստաթղթերի և ինֆորմացիայի կրիչների առգրավման ժամանակ թույլատրվել են կոպիտ խախտումներ:
Միջադեպի նկատմամբ անտարբեր չի մնացել նաև նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը: Դատավորի աշխատասենյակում խուզարկությունը նա բնորոշել է որպես «հետապնդում և նրա վրա ճնշում գործադրելու պարզունակ միջոց»:
Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունը և դատախազությունը տապալել են նախկին նախագահի գործը: Նրանց չի հաջողվել հիմնավորել Քոչարյանի դեմ առաջ քաշված մեղադրանքը: Եվ հիմա այդ կառույցներն օգտագործում են բոլոր մեխանիզմները՝ Քոչարյանին բանտախցում պահելու համար:
Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն, Հայաստանի արդարադատության նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ցանկացած պետական միջամտություն պետք է դիտարկվի որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ՝ այնքան ժամանակ, քանի դեռ հանրությանը չեն ներկայացվել մանրամասն ու համոզիչ հիմնավորումներ։
«Սա այն դեպքն է, որ «նախաքննության գաղտնիության» շահը շատ ավելի ցածրարժեք է, քան դատարանի անկախությունը», — գրել է Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում:
Ինչու են Քոչարյանի գործը կապում Գրիգորյանի գործի հետ
Մայիսի 18-ին Գրիգորյանն ազատ արձակեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:
Բացի այդ, Գրիգորյանը գործն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման մասին հոդվածի (որում մեղադրվում է Քոչարյանը) սահմանադրականության հարցը պարզելու համար: Նա նաև Սահմանադրական դատարանի առջև հարց դրեց անձեռնմխելիության ինստիտուտի վերաբերյալ, որով, ըստ երկրի գլխավոր օրենքի, օժտված են Հայաստանի նախկին նախագահները:
Քոչարյանի գործի բոլոր մանրամասները
2018թ. հուլիսին Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանք առաջադրվեց 2008թ. մարտի 1-ի գործով սահամանդրական կարգի տապալման մեջ:
Խոսքը 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների մասին է: Այդ ժամանակ հայկական ընդդիմությունն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն առաջադրված թեկնածուներից մեկն էր, բողոքի ակցիաներ էր իրականացնում:
Ընդդիմադիրները վստահ էին Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակում և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին:
Ցույցը ցրելու ժամանակ կիրավել էր մարտական զենք, զոհվել էին մարդիկ: Երկրի նախագահն այդ ժամանակ դեռ Ռոբերտ Քոչարյանն էր: ԿԸՀ-ի տվյալների համաձայն ընտրված Սերժ Սարգսյանը դեռ պաշտոնի չէր ստանձնել: Այդ պատճառով ցույցը դաժանորեն ցրելու և սահմանադրական կարգի տապալման մեջ այժմ մեղադրվում է Քոչարյանը:
«Մարտի 1-ի» գործով քննությունը մեռյալ կետից չէր շարժվում մինչև 2018թ. հայկական «թավշյա» հեղափոխությունը: Նոր կառավարությունը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անմիջապես վեր բարձրացրեց այդ գործը:
2018թ. հուլիսի 28-ին նախկին նախագահն այդ գործով առաջին անգամ կալանավորվեց: Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին: Վերաքննիչ դատարանն անօրինական ճանաչեց առաջին ատյանի դատարանի որոշումը նրա կալանավորման մասին: Դրա համար հիմք էր ծառայել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին սահմանադրության դրույթը:
2018թ. օգոստոսին Քոչարյանի ազատ արձակվելուց հետո Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին գործն ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննություն անցկացնելու համար: Եվ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը երկրորդ անգամ որոշում կայացրեց նախկին նախագահի կալանավորման մասին: Դրանից հետո Հայաստանի երկրորդ նախագահը գտնվում էր կալանքի տակ մինչև 2019թ. մայիսի 18-ը: Մինչև այն օրը, երբ Դավիթ Գրիգորյանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց:
Դրանից հետո Գլխավոր դատախազությունը բողոքարկեց այդ որոշումը: Եվ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանն այն չեղյալ հայտարարեց: Արդյունքում, Հայաստանի նախկին նախագահը կրկին կալանավորվեց:
2019թ. փետրվարից Քոչարյանի դեմ ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ 927միլիոն դրամի կաշառք վերցնելու համար: Այդ մեղադրանքը կապված է 2018թ. նոյեմբերին ձեռնարկատեր Սիլվա Համբարձումյանի կողմից նախկին նախագահի դեմ արված հաղորդման հետ:
Նախկին նախագահը չի ընդունում իր դեմ առաջ քաշված մեղադրանքներից ոչ մեկը և դրանք համարում է քաղաքական պատվեր և վենդետա Հայաստանի նոր իշխանությունների, ավելի ստույգ՝ նախկին ընդդիմադիր, այժմ գործող վարչապետ Փաշինյանի կողմից: