«Անջատման իրավունքը ԼՂ համար դառնում է անխոցելի»․ ՀՀ նախկին արտգործնախարար
Վարդան Օսկանյանը՝ ԼՂ-ի մասին
«ԼՂ-ում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքներն ու իրենց իրավունքներին տեր կանգնելու ժողովրդի վճռականությունը վկայում են այն մասին, որ ինքնորոշման գործընթացն անշրջելի է։ Այդ իրավունքի իրականացման անխուսափելիությունը ուժեղացրել են 44-օրյա պատերազմը, դրան հաջորդած Ադրբեջանի ոտնձգություններն ու Արցախի մերօրյա շրջափակումը»,- նման կարծիք է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարարներից Վարդան Օսկանյանը։
Վարդան Օսկանյանը զբաղեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը 1998-2008 թթ.-ին։ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիրն է։
Օսկանյանը հոդված է հրապարակել՝ ներկայացնելով իր տեսակետները ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի, ընթացիկ իրադարձությունների և Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մասին։
JAMnews-ը ներկայացնում է հոդվածի ուշագրավ դրվագները
«Ղարաբաղի հարցը չի լուծվել»
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ այսօրվա իրադարձությունների հիմքում Ադրբեջանի այն համոզումն է, որ «արդեն լուծել է Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն, անցել է թելադրանքներին Արցախին և պահանջատիրությանը Հայաստանից»։
«Այն պահին, երբ Ալիևը հասկանա, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, և Արցախի ժողովուրդը պարզապես բացառում է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի հավակնությունները Արցախից և Հայաստանից ոչ միայն կնվազեն, այլև կդառնան անիրատեսական»,- շեշտել է նա։
«Ինքնորոշման իրավունքի բոլոր նախապայմանները բավարարված են»
Օսկանյանի համոզված է՝ հայկական կողմի դիրքերն ամուր են և արդար, և եթե հարցը ճիշտ ներկայացվի, «աշխարհը կհասկանա ու կաջակցի»։ Ասում է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջատիրության քաղաքական և իրավական բոլոր նախապայմանները նախկինում և առավել ևս այսօր ամբողջությամբ բավարարված են․
«Փաստը, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել և եղել է միայն Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ այդ ժամանակաշրջանը Ադրբեջանն իր իսկ սահմանադրությամբ հռչակել է ոչ լեգիտիմ, տալիս է այն նվազագույն հիմնավորումը, որից և կարելի է ձևավորել իրավաքաղաքական փաստարկումների մի ամբողջ համալիր»։
Կարծում է՝ հայկական կողմի հիմնական խաղաքարտն այն է, որ 1991 թ․-ին Ադրբեջանը չեղարկել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը, իսկ այսօր հայտարարում է, որ «զրո կարգավիճակ» է նախատեսում Արցախի ժողովրդի համար։
«Տարածքային ամբողջականության թեզը վիճելի կանխավարկած է»
Հիշատակելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության անքակտելիության թեզը՝ Օսկանյանը նկատում է՝ միջազգային իրավունքում այդ սկզբունքի գերակայության պնդման «ամենանեղ և ամենապահապանողական մեկնաբանության» դեպքում դա վիճելի կանխավարկած է (rebuttable presumption)։ Իր այս դիտարկումը հիմնավորելու համար նաև երկու փաստ է մեջբերել․
- Արցախում բնակվող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը էթնիկապես, կրոնով, ավանդույթներով տարբերվում է «մետրոպոլիայից» և ունի ինքնորոշման հավաքական ու աներկբա ձգտում,
- Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին ագրեսիաներով և շրջափակումով Արցախի ժողովուրդը մշտապես ենթարկվել է Ադրբեջանի ոտնձգություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։
«Անջատում հանուն փրկության»
Նրա խոսքով՝ Բաքուն հրաժարվում է Ղարաբաղին առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում։ Սա, ըստ նրա, միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում «որևէ ժողովուրդ իրավունք կունենա հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը»։
Նախկին նախարարը սա բնորոշել է որպես անջատում հանուն փրկության (remedial secession) իրավունքի իրացման հիմնական նախադրյալ։
Անջատում հանուն փրկության իրավունքն ամրագրված է 1970 թ․-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի միաձայն ընդունած բանաձևում, որը կոչվում է Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիր (Declaration on Principles of International Law)։ Այն ունի միջազգային օրենքի ուժ։ Գոյություն ունի դատավճռի առնվազն երեք նախադեպ (Ալանդյան կղզիներ, Կատանգա, Քվեբեկ), որտեղ օգտագործվել է այս սկզբունքը՝ նրան հաղորդելով միջազգային սովորութային իրավունքի կարգավիճակ։
Հիշեցնելով այս իրավունքի պատմությունն ու նախադեպերը՝ Օսկանյանը նշել է, որ եթե դրանց գումարենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Կոսովոյի անկախության մասին հայտնած խորհրդատվական կարծիքը, «անջատման այս իրավունքն Արցախի համար դառնում է ավելի քան անխոցելի»։
«Քար լռություն է»․ իշխանությունների քաղաքականության մասին
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ անջատում հանուն փրկության սկզբունքը ներառված է եղել ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, այնպես էլ Հայաստանի կառավարության ծրագրում, բայց հիմա «քար լռություն է»։
Օսկանյանի գնահատմամբ՝ գործընթացին խանգարող հանգամանքները ոչ այնքան այլ երկրների տարատեսակ շահերն ու հետաքրքրություններն են, որքան Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, այդ թվում՝
- տարբեր բևեռների հետ ունեցած հանդիպումներում տրված հակասական խոստումները,
- պետական պաշտոնյաների անտեղի և անբացատրելի հայտարարությունները,
- ժողովրդի մի ստվար հատվածի հանցավոր անտարբերությունը։
Կարծում է՝ Հայաստանի կառավարությունը պարտավոր է «փոխել քաղաքականությունն ու անցնել պատմության ճիշտ կողմը»։
«Եթե մենք նախաձեռնությունը չենք վերցնում և չենք զբաղվում Արցախով, ապա այդ հարցը ինքն է մեզ հետապնդելու՝ մեզ համար անկանխատեսելի հետևանքներով: Մի՛ մեծացրեք Արցախը Ադրբեջանի մաս լինելու նրանց ակնկալիքը։ Դա նորից անպայման պատերազմ կբերի մեր գլխին, որովհետեւ արցախցին դա չի ընդունելու»,- ընդգծել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Վարդան Օսկանյանը՝ ԼՂ-ի մասին