Ղարաբաղյան գորգը՝ կռվախնձոր
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև հակամարտության դաշտ է բերել գորգագործությունը․ Ադրբեջանում ղարաբաղյան գորգատեսակը համարում են իրենցը, Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում՝ հայկական։
Գորգագործուհի Ռոզա Սարգսյանը հիշում է, որ իրենց տանը պատից կախված գորգն ամենաարժեքավոր իրն էր.
«Դա մուգ կարմիր մի մեծ գորգ էր՝ դեղին, կաթնագույն նախշերով: Այդ գորգն ի սկզբանե գնված էր օժիտիս մեջ դնելու նպատակով: Բայց, անկեղծ ասեմ, այն ամենևին չէի հավանում՝ շատ ծանր էր ու մեծ: Այնպես որ, ամուսնուս տուն գնացի առանց այդ գորգի ու դաստայի»:
«Դաստան» գորգերի խումբն է, որն ունենալը Ղարաբաղում բնակվող ընտանիքների տներում ժամանակին պատվի հարց էր:
Մինչև նախորդ դարի 30-ական թվականները Լեռնային Ղարաբաղում տների համար գործվող գորգերը չորս կտորից էին և կոչվում էին «դաստա»՝ երեք ուղեգորգ և մեկ մեծ գորգ:
Դաստայի մշակույթը չի պահպանվել մեր օրերում, բայց գորգագործության մեջ ղարաբաղյան համարվող ճյուղը Հայաստանում ու Ղարաբաղում շարունակվում է մինչ օրս, որպես հայկական գորգագործության առանձին ճյուղ:
Ռոզան դպրոցում դեռևս գորգագործական խմբակում է գորգ հյուսել սովորել: Հիմա դա իր աշխատանքն է:
«Արցախյան գորգերը հատուկ նախշեր ունեն, որոնցով տարբերվում են մյուս տարածաշրջանների գորգերից: Ծաղիկներ, մեղուներ, կենաց ծառեր ու շատ-շատ վառ գույներ»,— պատմում է Ռոզան՝ սուրճը խմելով ու ձեռքով գորգի դազգահը շոյելով:
Ռոզան ևս չորս գորգագործների հետ միասին մեկ տարի աշխատել է, ու այսօր Լեռնային Ղարաբաղի Գանձասար վանական համալիրն ու Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցին նրանց ձեռքերով գործած գորգերով են զարդարված:
Ղարաբաղյան գորգը 1927 թ.-ին է գործվել: Հենքը և խավը՝ բրդյա: Գործված է հայկական գորգերին բնորոշ զույգ հանգույցով: Խտությունը՝ 28X30 (1 քառակուսի դմ): Խավի բարձրությունը՝ 7 մմ.: Կարմիր գորգադաշտը հարդարված է ձիերի, շների, բալալայկա նվագող տղամարդկանց պատկերներով: Գորգի երկայնակի կողերը եզրափակված են շագանակագույն երեք փաթույթով՝ կարպետահյուս գլուխներով: Նման զարդանախշմամբ գորգատեսակները տարածված են Լոռիում, Տավուշում, Արցախում:
Գորգերի զարդապատկերները խիստ համապատասխանեցված են իրենց նշանակությանը. խորանի համար այլ զարդաձևեր են, հատակի համար՝ այլ:
«Հնում թելը ներկելուց հետո ընկղմում էին կովի մեզի մեջ ու նոր միայն լվանում։ Այն գույնն ամրացնում է»,- պատմում է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող Լիլյա Ավանեսյանը:
Լիլյա Ավանեսյանը ղարաբաղյան գորգերի գիտակ է. ժամանակին շրջել է Լեռնային Ղարաբաղի գյուղերով, լուսանկարել հին գորգերը, զրուցել գորգագործ կանանց հետ, հավաքագրել նրանց մասնագիտական գաղտնիքները:
Ղարաբաղյան գորգեր այսօր ցուցադրվում ու վաճառվում են Երևանի «Մեգերյան կարպետներ» ընկերության թանգարանում: Նշագորգի (նշի նախշով գորգի տեսակ) մի պատառիկ , որը 1880 թ.-ին Հադրութի շրջանում գործել է Շուշանիկ Հակոբյանը։ Այն թանգարանին են նվիրել նրա թոռները:
Ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը համարում է, որ « ամեն մի գորգ մի գրքի չափ ինֆորմացիա է հայ ժողովրդի պատմության մասին»։
«Արցախյան գորգերը առանձնանում են շնորհիվ իրենց առանձնահատուկ զարդանախշերի և վառ գույների», — ասում է Րաֆֆին։
Վիշապներ, մեղու, ծաղիկներ, կենաց ծառ, կարմիրի երանգներ, կապույտ, մարջան, մուգ կապույտ, լաջվարդ, փիրուզ, սպիտակին մոտ՝ կաթնագույն, փղոսկրագույն, հայաստանյան մասնագետներն ասում են, որ որևէ գորգի վրա այս ամենի առկայությունը խոսում է ղարաբաղյան գորգագործության դպրոցի մասին։
Գորգերում օգտագործվող նախշերից յուրաքանչյուրը հատուկ զարդանախշ է և հատուկ խորհուրդ ունի՝ «Ծաղկախաչ», «Վիշապագորգ», «Վահանավոր», «Մեղվաբուն», «Որոտան», «Շեղանկյունազարդով», «Ամարաս», «Աստղահավք», «Կենաց ծառ»…
Վիշապի նշան. հայերը ՙՏ՚-ի պատկերման մեջ տեսնում էին ոչ միայն Տիեզերքը, Աստծո նշանը, այլ նաև վիշապ օձի պատկերը: Սա արևմտյան մտածելակերպի համար հակասական է և դժվար ըմբռնելի: Եթե գրեթե բոլոր եվրոպական, արևելյան, անգամ ուշ հայկական ավանդություններում վիշապն ընկալվում է չար էություն, որ հաղթելի է միայն Աստծո օգնությամբ, ապա Հայաստանում գոյություն ունի մեկ այլ, ավելի հին վիշապ՝ հակադիր հատկություններով: Որպես ջուրը հսկող՝ նա հզոր պահապանի, բնության զարթոնքի խորհրդանիշ է:
Կենաց կամ Տիեզերական ծառ դիցաբանական, աստվածաշնչյան մոտիվ ունի, շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք, պտղաբերում, հարատևում, անմահություն:
Կեռխաչ․ տիեզերական ուժի ինքնուրույն նշան է, բայց էությամբ խաչ է, որի ծայրերը կեռված են՝ մատնանշելով արևի պտույտի ուղղությունը՝ աջից՝ ձախ, ձախից՝ աջ: Այն անվանում են արևի նշան, որովհետև պատկերվում է արևի սկավառակի հետ:
Նուշ. սա մայրության ու պտղաբերության խորհրդանիշն է:
Մեղու. մեղվի պաշտամունք է եղել՝ որպես մայրաստվածության, աշխատանքի, ստեղծարարության խորհրդանիշ:
Լիլյա Ավանեսյանն ասում է, որ այդ ղարաբաղյան գորգերի համար օգտագործվել է հատուկ տեսակի ոչխարի բուրդ։
«Այն ստանում էին ՙՂարաբաղ՚ տեսակի ոչխարից , որի բուրդը գունավոր է․ շագանակագույնի տարբեր երանգներ, մոխրագույն, սև և այլն)», — պատմում է Լիլյա Ավանեսյանը։
Մեկ խուզից երբեմն տացվում է 3-4 կգ բուրդ։ Ոչխարի բուրդը զսպանակի նման է, այն պետք է շատ լավ մանվի, հակառակ դեպքում գորգը կդեֆորմացվի: Ամուր մանվածքով հայտնի էին Արցախի հատկապես Դիզակ գավառի գորգերը: Ղարաբաղյան գորգի դասական խտությունը (հենքի թելերի քանակը մեկ քառակուսի դեցիմետրի մեջ) 32 X 36 հանգույց է:
Հասմիկ Սայադյանը վստահեցնում է, որ հիմա էլ իրենց գրեթե ողջ հումքը՝ բուրդը, գունանյութերը, տեղական են։
Թելի բաց դեղին գույնը ստանում են սպիտակ թթի ծառի թեփից, շագանակագույնը՝ ընկույզի կեղևից, սպիտակ նռան կեղևից, դեղինի երանգը՝ անթառամ ծաղկից, կարմիրը՝ տորոնի արմատից, և միայն կապույտը՝ ինդիգոն, ներկրվում է Հնդկաստանից:
Որպես գույների ամրացուցիչներ հիմա էլ օգտագործում են բնական նյութեր:
«Դրանք չորսն են, բայց ես միայն երկուսը կարող եմ նշել՝ շիբ և գինեքար, մյուս երկուսը գաղտնի ենք պահում՚, — ասում է Հասմիկ Սայադյանը:
Ղարաբաղյան գորգեր վաճառվում են նաև Երևանի կենտրոնում գտնվող Վերնիսաժ բացօթյա հուշանվերների շուկայում։
Տասնյակ գորգերի միջից երկու գորգ է ցույց տալիս գորգավաճառ Վալերի Հովսեփյանը, վստահեցնելով, որ Ղարաբաղյան են։
«Հիմնականում սփյուռքահայերն են գնում», — ասում է Վալերին, դժգոհելով, որ գորգերի նկատմամբ հետաքրքրությունը տեղական շուկայում նվազել է։
Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ: