Թուրքիան սահմանադրորեն ամրագրում է, որ ընտանիքը բացառապես «տղամարդու և կնոջ միությունն» է
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններից վեց ամիս առաջ քննարկումներ են սկսվել երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու շուրջ։ Հիմնարար օրենքում ամենակարևոր փոփոխությունները պետք է դառնան հիջաբ կրելու ազատության և ընտանիք հասկացությունը որպես բացառապես կնոջ և տղամարդու միություն ամրագրելու հոդվածները։ Իշխող կուսակցության այս թեզերը բուռն արձագանք են առաջացրել թուրք հասարակության մեջ։
- Ի՞նչ են քննարկել ԱՄՆ-ի և ՌԴ հետախուզական ծառայությունների ղեկավարները Անկարայում
- «Թուրքիան առանձնապես շահագրգռված չէ». Փաշինյան-Էրդողան հնարավոր բանակցությունների մասին
- «Թուրքիան երբեք չի ստորադասի Ադրբեջանի շահերը»․ կարծիք
«Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունը, որը Թուրքիայում իշխող ուժ է 2002 թվականից, նախատեսում է հիջաբ կրելու ազատության հարցը լուծել սահմանադրական փոփոխությունների միջոցով՝ ապագայում որևէ խնդրի դեպքում այդ իրավունքը երաշխավորելու համար:
Հիջաբի հարցը
Թուրքիայում, որն իրեն աշխարհիկ պետություն է հռչակել 1937 թվականին, այդ տարվանից սկսած՝ արգելված է կրոնական խորհրդանիշների օգտագործումը, այդ թվում՝ հիջաբ կրելը պետական կառույցների աշխատակիցների կողմից։ Այս հարցի հետ կապված լարվածությունը սրվեց հատկապես 1980-ի ռազմական հեղաշրջումից հետո, և 1997-ին, երբ թուրքական բանակի հրամանատարությունը պաշտոնանկ արեց այն ժամանակվա վարչապետ Նաջմեդդին Էրբաքանին։
Հիջաբ կրող ուսանողուհիները հեռացվեցին համալսարաններից։ Ավարտական քննությունների արդյունքներով երկրի չեմպիոն հռչակված աշակերտի պատմությունը, որը դիպլոմների հանձնման արարողությանը ներկայացել էր հիջաբով, խոսակցության առիթ դարձավ։ Առաջինը հայտարարվեց մեկ այլ աղջիկ՝ միայն հագուստի պատճառով։
1999 թվականին Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի նիստին հիջաբով ներկայացավ պատգամավոր Մերվե Քավաքչին։ Այն ժամանակվա վարչապետ, Դեմոկրատական ձախ կուսակցության ղեկավար Բյուլենթ Էջևիթը նրան ստիպեց հեռանալ նիստերի դահլիճից՝ հավելելով. «Մենք չենք միջամտում կանանց հագուստին նրանց անձնական կյանքում, բայց սա ձեր անձնական կյանքը չէ, սա պետության ամենաբարձր հարթակն է, չեք կարող մարտահրավեր նետել պետությանը»։
Այն բանից հետո, երբ 2002 թվականին երկրում իշխանության եկավ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը հայտնի է կրոնի հանդեպ իր համակրանքով, այս խնդիրները լուծվեցին՝ չնայած բանակի և հասարակության բողոքներին։
20 տարի անց, այն պահին, երբ Էրդողանի կառավարության վարկանիշը նվազել է՝ հասնելով պատմական նվազագույնին, իսկ ընդդիմությունը իշխանությունը զավթելու պլաններ է կազմում, հասարակությունն իր համար բոլորովին նոր հարց է քննարկում։ Իշխանամետ լրատվամիջոցները հանդես են եկել վերնագրերով, որոնք հուշում են, որ եթե երկրում տեղի ունենա իշխանափոխություն, ապա հիջաբ կրող քաղաքացիները կարող են խնդիրների բախվել:
MetroPOLL հետազոտական ընկերության կողմից 2022 թվականի հոկտեմբերին անցկացված հարցման համաձայն՝ Թուրքիայի ողջ բնակչության 35 տոկոսը և իշխող կուսակցության ընտրազանգվածի 63 տոկոսը կարծում են, որ նոր կառավարությունը կարգելի հիջաբ կրելը։
Անսպասելի առաջարկ ընդդիմության կողմից
Այս քննարկումների ընթացքում գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դիմել է խորհրդարանականներին՝ առաջարկելով ընդունել հիջաբ կրելու ազատության մասին համապատասխան օրենք, որպեսզի ապագայում դա հարցեր չառաջացնի։
Այդ առաջարկը հակասական արձագանք է առաջացրել հենց ընդդիմության ներսում։ Շատերը կարծում են, որ դա կնվազեցնի CHP-ի վարկանիշը, քանի որ հիջաբի հարցը համարվում է Էրդողանի «մենաշնորհը» և միավորներ է բերում միայն նրա օգտին։ Ընդդիմադիր փորձագետների կարծիքով՝ երկրում կան այլ՝ շատ ավելի կարևոր խնդիրներ՝ գնաճ, կոռուպցիա և այլն։
CHP-ի դաշնակից İYİ-ն (Լավ կուսակցություն)՝ ի դեմս առաջնորդ Մերալ Աքշեների, նույնպես քննադատել է Քըլըչդարօղլուին՝ հավելելով. «Այս պահին նման քննարկման անհրաժեշտություն չկա»։
Սակայն Թուրքիայի նախագահ, իշխող կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հիջաբ կրելու հարցը պահանջում է ավելի մանրակրկիտ մոտեցում, և առաջարկել է նման հոդված ներառել երկրի սահմանադրության մեջ։
«Ընտանիքի ավանդական համակարգի» մասին
Երկրի սահմանադրության փոփոխությունների առաջարկները վերաբերում են ոչ միայն հիջաբ կրելու հարցին։ Առաջարկների թվում է պետության վերաբերմունքն ընտանիքի ինստիտուտին։ Այսպիսով, իշխող կուսակցությունն առաջարկում է Թուրքիայի սահմանադրության մեջ ամրագրել կետ, որի համաձայն՝ ընտանիք է համարվում բացառապես «տղամարդու և կնոջ միությունը»։ ԱԶԿ-ի պատգամավորների կարծիքով՝ հարցի նման ձևակերպումն ապագայում կկանխի միասեռ ամուսնությունները։
Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ եթե առաջարկվող փոփոխություններին չաջակցի խորհրդարանի պատգամավորների երկու երրորդը (600 ժողովրդական պատգամավորներից 400-ը), ապա կարիք կլինի կազմակերպել համապետական հանրաքվե։ Նման հանրաքվե կարող է տեղի ունենալ 2023 թվականի հունիսին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ։
Թուրքիայի գործող սահմանադրության համաձայն՝ երկրի հիմնարար օրենքում փոփոխություններ կարող են մտցվել պատգամավորների երկու երրորդի ձայներով։ Եթե չհաջողվի այդ ձայները հավաքել, ապա պատգամավորների 60 տոկոսը կարող է «կողմ» քվեարկել և այդ հարցերը դնել հանրաքվեի։
Հակասական կարծիքներ չկան
Քաղաքական մեկնաբանների կարծիքով՝ Էրդողանի կողմից հիջաբ կրելու և ընտանեկան կառուցվածքի հանդեպ պահպանողական վերաբերմունքի հարցերն օրակարգ բերելու հիմնական նպատակը տատանվող ընտրազանգվածի ուշադրությունը տնտեսական խնդիրներից շեղելն է, ներկայիս կառավարության դեմ քվեարկելու վերաբերյալ նախազգուշացնելը։
Վերլուծաբան Քեմալ Բյույուքյուքսելն ասել է, որ հիջաբի հարցը խորհրդարան բերելու վերաբերյալ ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուի առաջարկը մեծ սխալ էր։ Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությունները հակասում են քաղաքացիների իրավահավասարության սկզբունքին և հետագայում կարող են նշանակել ընդդիմության գաղափարական կապիտուլյացիա իշխող կուսակցության առջև։
Քըլըչդարօղլուն իր հերթին նշել է, որ իր կուսակցությունը կաջակցի առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, սակայն ընտանիքի ինստիտուտի հետ կապված առաջարկի մասին ինքը ոչինչ չգիտի։
Չնայած այն հանգամանքին, որ İYİ կուսակցության առաջնորդ Աքշեները նախ քննադատել է Քըլըչդարօղլուին հիջաբ կրելու հարցը խորհրդարան բերելու վերաբերյալ նրա կարծիքի համար, İYİ-ի խոսնակ Քուրշադ Զորլուն հայտարարել է, որ իրենց կուսակցությունը սկզբունքորեն դեմ չէ հիմնարար օրենքի փոփոխություններին։
Միևնույն ժամանակ, մյուս չորս ընդդիմադիր կուսակցությունները, որոնք մտնում են «Վեցնյակի սեղան» (հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ոչ պաշտոնական կոալիցիա) կազմի մեջ, նույնպես հայտարարել են փոփոխություններին աջակցելու մասին:
Իրավական հարցերով փորձագետ, իրավաբան Էրայ Կարինջան ընդգծել է, որ գործող օրենքների համաձայն՝ Թուրքիայում միասեռ ամուսնությունը հիմա էլ անհնար է։ Նրա կարծիքով՝ իշխող կուսակցությունը փորձում է համախմբել իր ընտրազանգվածին՝ հանրային քննարկման դնելով նման պոպուլիստական թեմաներ։
Նախագահ Էրդողանը նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիայում ընտանիքի ավանդական հիմքերի հարցի քննարկումը խորհրդարանում խնդիրներ չի առաջացնի, քանի որ «կուսակցություններից ոչ մեկը հանդես չի գա թուրքական ընտանեկան համակարգի դեմ»։
Թուրքիայի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին օրենքի նախագիծը ներկայացվել է երկրի խորհրդարանի նախագահին։ Օրինագիծը ստորագրել է 336 պատգամավոր։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը քվեարկության կդրվի առաջիկա օրերին։