2008 թ․-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների հետաքննությունն ավարտվել է
Ավարտվել է 2008 թվականի պատերազմի հանցագործությունների հետաքննությունը
Հաագայի միջազգային քրեական դատարանն ավարտել է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի ժամանակ (2008 թ. հուլիսի 1-հոկտեմբերի 10) իրականացված ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների հետաքննությունը:
Դատախազ Քարիմ Խանն ընդգծել է, որ Հաագայի դատարանի 20-ամյա պատմության մեջ առաջին անգամ ընդունվել է հետաքննության փուլն ավարտելու որոշում։
«Այսօր ես կարող եմ հաստատել, որ, բացի Միջազգային քրեական դատարանում քննվող գործերից, իմ գրասենյակն այլևս չի շարունակի հետաքննությունը Վրաստանում ստեղծված իրավիճակի շրջանակներում այլ անձանց ենթադրյալ քրեական պատասխանատվության կամ այլ գործողությունների վերաբերյալ նոր ուղղությամբ։ Ըստ այդմ, քանի որ հանգամանքներն էապես չեն փոխվել, Վրաստանում իրավիճակի հետաքննության փուլն ավարտվել է։ Այս որոշման մասին ես արդեն տեղեկացրել եմ Վրաստանի իշխանություններին»,- հայտարարել է դատախազը։
Նրա հայտարարության մեջ ասվում է նաև, որ հետաքննության ընթացքում գրասենյակը հետազոտել է ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հակամարտող կողմերի ներկայացրած բոլոր ապացույցները։
Հաագայի դատարանը վրացի ոչ մի շարքային զինվորականի կամ բարձրաստիճան պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրել մարդկության դեմ կամ ռազմական հանցագործությունների համատեքստում։
Ավելի վաղ՝ 2022 թվականի ամռանը, Հաագայի դատարանն այս հետաքննության շրջանակում Հարավային Օսիայի երեք նախկին պաշտոնյաների ձերբակալության հրաման էր տվել՝ ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մեջ նրանց մեղավորության հայտնաբերման համար։
Խոսքը Միխայիլ Մինձաևի (2005-2008 թթ.՝ Հարավային Օսիայի ինքնահռչակ Հանրապետության ներքին գործերի նախարար),
Համլետ Գուչմազովի (2008թ.՝ Հարավային Օսիայի Ներքին գործերի նախարարության կալանավայրի ղեկավար),
և Դավիդե Սանակոևի (2008 թ.՝ Հարավային Օսիայի նախագահի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար։ Եղել է նախագահի թեկնածու, ներկայումս պատգամավոր է) մասին է։
Ըստ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ այդ մարդիկ պատասխանատու են ազատությունից ապօրինի զրկման, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, մարդկային արժանապատվության նվաստացման, պատանդ վերցնելու և քաղաքացիական անձանց ապօրինի տեղահանման համար։
Բացի այդ, դատարանը բացահայտել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գեներալ-մայոր Վյաչեսլավ Բորիսովի մասնակցությունը ռազմական հանցագործություններին։ 2008 թվականին Բորիսովը եղել է օդադեսանտային ուժերի հրամանատարի տեղակալ։ Նա մահացել է, ուստի նրա վերաբերյալ հրաման չի տրվել:
Թբիլիսիի արձագանքը
Վրաստանում Հաագայի դատարանի որոշումը դրական է գնահատվել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից։
«Հագայի դատարանի որոշումը հստակ հաստատեց, որ ճշմարտությունը սկզբից մինչև վերջ Վրաստանի կողմից է… Հաագան մեկընդմիշտ ասաց, որ այս պատերազմում ճշմարտությունը վրաց ժողովրդի և վրացի հերոսների կողմն է», — հայտարարել է Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
«Եվս մեկ անգամ հստակ ապացուցվեց, որ 2008 թվականի պատերազմում կռված մեր հերոսները սխալներ թույլ չեն տվել և բծախնդիր կերպով հետևել են պատերազմի ժամանակ գործող բոլոր իրավական նորմերին։ Եվս մեկ անգամ փառք նրանց հիշատակին»,- ասել է նա։
Բրեգաձեի խոսքով՝ այս գործընթացում հսկայական դեր ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որն «ամեն ինչ արեց վրացի հերոսների հիշատակը հավերժացնելու համար», իսկ «Արդարադատության նախարարությունը մյուս բոլոր գերատեսչությունների հետ միասին մեծ աշխատանք կատարեց»։
Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի խոսքով՝ Հաագայի դատարանը լիովին արդարացրել է Վրաստանին պատերազմում, որում այս տարիների ընթացքում «Վրացական երազանքի» ներկայացուցիչները մեղադրում էին Միխեիլ Սաակաշվիլիին,
«Վրացի զինվորականներին, Վրաստանի գերագույն գլխավոր հրամանատար Միխեիլ Սաակաշվիլիին ուղղված բոլոր մեղադրանքները հերքվել են։ Վրաստանն արդարացվել է… ոչ մի վրացի հանցագործություն չի գործել»:
«Պիրվելի» հեռուստաալիքի եթերում փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին արձագանքել է օգոստոսյան պատերազմի գործով Հաագայի դատարանի որոշմանը և ընդգծել, որ ավելին էր սպասում.
«Արդյունքն աննշան է. կպատժվեն միայն մեկ՝ արդեն մահացած ռուս գեներալ և երեք օս։ Նրանք խնայել են և՛ Վրաստանին, և՛ Ռուսաստանին։ Ցխինվալին նույնպես վերաբերվել են առանց առանձնակի խստության։ Գործը փակված է, և բոլորը կարող են հանգիստ քնել՝ և՛ Մոսկվայում, և՛ Թբիլիսիում։ Ես ավելին էի սպասում։ Կոկոյտին [Հարավային Օսիայի այն ժամանակվա նախագահը] ցուցակում չի հայտնվել։ Գործնականում ոչ ոք չի տուժել [Հագայի դատարանի որոշման արդյունքում]։ Մտածում էի, որ կլինի շարունակություն, բայց սա բացառիկ դեպք է, երբ գործը փակվեց, ծայրահեղ դուրս եկան այս երեքը։
Երբ Հաագայի դատարանը մտավ գործի մեջ, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն ավելի զգուշավոր ու հավասարակշռված էր։ Նրանք հիանալի հասկանում էին, որ «հիմա Ռուսաստանին պատժելու ժամանակը չէ»։ Կարծում եմ՝ այդ պատճառով էլ ամեն ինչ գնաց հեշտ միջանկյալ լուծումների ուղղությամբ։ Այն արդյունքները, որ մենք հիմա ունենք, եղել են դեռևս [Ուկրաինայում] պատերազմից առաջ։ Հետո մենք մտածեցինք, որ կշարունակվի, բայց պատերազմը, կարծես թե, դադարեցրեց այս ամենը, և «երբ է դա խնդիր Վրաստանի համար, եթե Վրաստանը լռում է, լռում է Ուկրաինայի պատերազմի մասին»։
● Թբիլիսին Ռուսաստանի դեմ հայց էր ներկայացրել Միջազգային քրեական դատարան 2008 թ.-ին։ 2016 թվականի հունվարին Նախաքննական առաջին պալատը համաձայնել էր հետաքննություն սկսել վրացական, օսական և ռուսական կողմերի կողմից ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են ռազմական գործողություններից առաջ, ընթացքում և հետո, մասնավորապես՝ 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 10-ը։
● 2022 թվականի մարտին հայտնի դարձավ խաղաղ բնակչության, էթնիկ վրացիների ապօրինի կալանավորման, դաժան վերաբերմունքի, պատանդ վերցնելու և դրան հաջորդած անօրինական տեղահանության ենթադրյալ փաստերի մասին։
● ՄՔԴ-ի իրավասությունը տարածվում է Հռոմի ստատուտի մասնակից պետությունների տարածքում (Վրաստանը դրանցից մեկն է) կատարված հանցագործությունների վրա՝ անկախ հանցագործների քաղաքացիությունից։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Հարավային Օսիան Վրաստանի տարածքի մի մասն է, ինչը նշանակում է, որ ՄՔԴ-ի իրավասությունը տարածվում է նաև Հարավային Օսիայում կատարված հանցագործությունների վրա, որոնց համար պատասխանատու են Ռուսաստանի քաղաքացիները, թեև Ռուսաստանը Հռոմի ստատուտի մասնակից պետություն չէ։
Ավարտվել է 2008 թվականի պատերազմի հանցագործությունների հետաքննությունը