Չեչնիայի իշխանությունները պայքարում են վհուկների դեմ
Գուդերմես քաղաքի երկու կին բնակիչ ձերբակալվել է Չեչնիայի՝ Ռուսաստանի կազմում Հյուսիսային Կովկասում գտնվող հանրապետության ուժային կառույցների աշխատակիցների կողմից մոգությամբ, կախարդությամբ և հեքիմությամբ զբաղվելու համար։ Ինչպես հաղորդում է Կավկազսկի ուզելը, հեքիմների և էքստրասենսների հետապնդումները Չեչանիայում սկսվել են դեռ վեց տարի առաջ, սակայն վերջին տարիներին նման բան չկար։
• Փորձը փորձանք չէ։ Թե ինչպես են Չեչնիայի փախստականները գրոհում Բելառուսի լեհական սահմանը
Ձերբակալված կանանց կարող է քրեական պատասխանատվություն սպառնալ։
«Տանը, որտեղ նրանք բնակվում էին, մոգության և օկուլտիզմի վերաբերյալ տարբեր գրականություն, խաղաթղթեր, տասնյակ մարդկանց լուսանկարներ և տարբեր առարկաներ են հայտնաբերվել, որոնք օգտագործվում են մոգական ծեսերի ժամանակ։ Ընտանեկան հարաբերությունների ամրապնդման, թուղթուգիրը հանելու, աչքից ազատելու, տարբեր հիվանդություններ բժշկելու պատրվակով նրանք քաղաքացիներից տարբեր չափի գումարներ են վերցրել», — հայտարարել է Չեչնիայի ՆԳՆ ներկայացուցիչը «Կովկազսկի ուզելի» թղթակցին։
Չեչնիայի իշխանությունները մոգերին, կախարդներին և հեքիմներին 2013թ-ին պատերազմ էին հայտարարել։ 2013թ-ի փետրվարին հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը պահանջել էր Չեչնիայում արմատախիլ անել այդ երևույթները․ մունիցիպալիտետների ղեկավարների և մահմեդական հոգևորականների հետ հանդիպմանը նա հեքիմներին և մոգերին սպառնացել էր «պատկան մարմիններով»։
Դրանից հետո Չեչնիայում արշավ սկսվեց հեքիմների և մոգերի դեմ․ մի քանի մարդ սպանվեց, իսկ մնացածները լքեցին հանրապետությունը կամ դադարեցրին իրենց գործունեությունը։ Հենց 2013թ-ին էլ իր պաշտոնից զրկվեց Չեչնիայի Գուդերմեսի շրջանի ղեկավար Ահմեդ Աբասովը, որի մասին հայտնի էր դարձել, որ մոգի է դիմել պաշտոնը բարձրացնելու գիր անելու համար։
Մոգությամբ զբաղվելը հակասում է իսլամական դավանանքին, նշում են տեղի աստվածաբանները։
«Կախարդությունը, մոգությունը, գուշակությունն ու նման այլ բաները կտրականապես արգելված են իսլամում։ Նույնիսկ կախարդի կամ գուշակի դիմելն է մեծ մեղք։ Դա շատ վտանգավոր երևույթ է, որի դեմ պետք է պայքարել», — հայտարարել է չեչեն աստվածաբան Մուսլիմը։
Մոգությամբ և կախարդությամբ զբաղվելը Չեչնիայում լայնորեն տարածված էր երկու ռազմական արշավների միջակայքում և 2000-ականների սկզբին, սակայն հիմա այդ երևույթը գրեթե զրոյի է հասել։
Մոգերի և էքստրասենսների դեմ ներկայիս արշավը Չեչնիայում այնքան էլ կապ չունի կրոնական շարժառիթների հետ, այն ավելի շատ՝ մյուս հանրապետությունների համեմատ ավելի ուժեղ ոստիկանական վերահսկողության դրսևորում է, կարծում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ավագ գիտաշխատող Միխայիլ Ռոշչինը։
Չնայած կրոնական արգելքներին՝ կախարդությունն ու մոգությունն առկա էին ժողովրդական մշակույթում, նշել է արևելագետը։
«Դրանցով տարված էին նույնիսկ խորհրդային տարիներին։ Նման ծառայությունները տարածված էին և քրիստոնյաների, և մուսուլմանների շրջանում», — ասել է Ռոշչինը։
Ռուսաստանում հաճախ են էքստրասենսներին և մոգերին քրեական պատասխանատվության ենթարկում խարդախության մեղադրանքով, ասում է փաստաբան Աբուսուպյան Գայթաևը։ Սակայն մոգական պրակտիկաների դեպքում խարդախության մտադրությունն ապացուցելը դժվար է, այդ պատճառով էլ իրավապահ մարմիններն «այնքան էլ չեն սիրում» նման գործերը։
Փաստաբանը հավելել է, որ էքստրասենսներից և հեքիմներից հանրապետությունն ազատելու մեծ արշավից հետո Չեչնիայում մի քանի տարի առաջ մոգության և կախարդանքի թեման գրեթե չէր բարձրացվում, և հեքիմներին հետապնդելու մասին վերջին տարիներին ոչինչ չէր խոսվում։