Տարբեր տրամաչափի զարդեր
Զենքերից զարդեր պատրաստող գյումրեցի վարպետ Արտակ Թադևոսյանը փորձում է մարդկանց խաղաղության իր կոչը հասցնել արվեստի լեզվով: Դատարկ պարկուճներից պատրաստված նրա զարդերը հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:
«Պատկերացրեք՝ ամբողջ աշխարհում եռօրյա զինադադար է հաստատվում: Կարո՞ղ եք պատկերացնել, թե քանի հազար կյանք կարող է փրկվել, քանի մարդ կարող է չզոհվել: Ընդամենը երեք օր, և հազարավոր կյանքեր կփրկվեն: Իսկ եթե պատկերացնենք, որ այդպես կարող է ընդմիշտ լինել: Հայ, ռուս, վրացի, ադրբեջանցի, սիրիացի… ինձ համար նրանք բոլորն էլ պարզապես մարդիկ են: Կարևորը մարդկային կյանքն է»:
Արտակ Թադևոսյանը ձեռքի տակ եղած զենքը վերածում է յուրօրինակ զարդերի: Նա իր աշխատանքները պատրաստում է բացառապես օգտագործված փամփուշտների պարկուճներից, որոնք հավաքում է զորավարժարանում: Զարդերի ողջ էությունն այն է, որ վատ նպատակին ծառայած և այլևս անպետք իրը ստանում է նոր կյանք՝ արմատապես այլ իմաստով:
Վերջին 4,5 տարիների ընթացքում Արտակը խաղաղության ուղերձ պարունակող 500 զարդ է պատրաստել: Նա չէր էլ ծրագրում այս աշխատանքները եկամտի աղբյուր դարձնել: Վարպետի համար ավելի կարևոր էր իր խաղաղության կոչը հասցնել մարդկանց արվեստի լեզվով՝ փոխելով զենքի բացասական էներգիան, որն ասոցացվում է մահացու սպառնալիքի և սպանությունների հետ:
Դատարկ պարկուճներն Արտակի ձեռքերում վերածվում են մատանիների, ապարանջանների, ականջօղերի, կախազարդերի և խաչերի: Զարդերին յուրօրինակ հմայք են հաղորդում հատկապես հայկական ժայռապատկերների, ավանդական հայկական գորգերի զարդանախշերը:
Արտակի աշխատանքները ցուցադրված են Գյումրիում, Երևանում, ինչպես նաև արտասահմանում: Գյումրիում զարդերն ավելի մատչելի են` տեղացիների գրպանին համապատասխան: Երևանում և արտասահմանյան այլ քաղաքներում այս աշխատանքներն ավելի թանկ են:
Զարդերի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես զբոսաշրջիկները: Նրանցից շատերն արդեն ծանոթ են «HayAr» ապրանքանիշի հետ եվրոպական ցուցահանդեսներից և, երբ գալիս են Հայաստան, գերադասում են գնել զարդերը տեղում, պատմում է Գյումրիում գործող «Ճռճռան» գրատան վաճառողուհի Լենա Մարգարյանը: Գրատանը տեղադրված առանձին տաղավարում ցուցադրված են վարպետի աշխատանքները:
«Ինձ չի շփոթեցնում այն փաստը, որ զարդը պատրաստվել է զենքից: Ինքս էլ եմ գնում դրանք: Այս աշխատանքների ողջ իմաստն այն է, որ զենքը վերածվում է խաղաղության խորհրդանիշի: Այն իրը, որը մարդու կյանք է խլում, կարող է զարդի վերածվել, խաղաղություն տարածել՝ դրանով իսկ չեզոքացնելով բացասական էներգիան», — վստահ է Լենա Մարգարյանը:
Վարպետի աշխատանքների շարքում կարելի է տեսնել երեք կամ չորս տեսակի պարկուճներից պատրաստված կախազարդ-խաչեր: Խաչի կենտրոնում պատկերված է հայկական կենաց ծառը, որի տակ փոքրիկ քար է տեղադրված նռան տեսքով. այն խորհրդանշում է հայ ընտանիքի ամրությունը:
Ի դեպ, հենց ընտանիքի միասնության նշանակությունը գիտակցելով, Արտակը 2007-ին Հայաստան վերադարձավ Ռուսաստանից, որտեղ մեկնել էր 2003 թվականին աշխատանք գտնելու ակնկալիքով:
«Ես տեսել եմ, թե ինչպես են ընտանիքները քայքայվում աշխատանքային միգրացիայի պատճառով: Ինքս էլ էի բռնել այդ ճանապարհը, բայց ժամանակին կարողացա կանգ առնել: Ինձ համար կարևոր է ընտանիքի ամրությունը: Հայրը պետք է իր երեխաների կողքին լինի: Բացի այդ, հայրենիքում ինձ ավելի ուժեղ եմ զգում, գերադասում եմ այստեղ ապրել», — ասում է Արտակը:
Կախազարդ խաչեր հատկապես հաճախ են կրում եկեղեցու սպասավորները. նրանցից շատերն են գնում այս խաչերը կամ պատվիրում արտերկրում բնակվող հայ հոգևորականների համար:
«Ուրախ եմ, որ մահացու զենքը վերածվել է խաղաղության խորհրդանիշի: Ճիշտ այնպես, ինչպես խաչը Քրիստոսի շնորհիվ դարձավ հարության խորհրդանիշ, այնպես էլ մահացու սպառնալիք կրող փամփուշտը վերածվում է խաղաղություն քարոզելու գործիքի: Հենց այդ պատճառով եմ այս խաչը կրում», — ասում է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
Եպիսկոպոս Աջապահյանի խաչը պատրաստված է նռնակաձիգի արկից, ինչպես նաև 12 և 16 տրամաչափի պարկուճներից: Խաչի վրա հայկական զարդանախշեր են պատկերված:
«Պատերազմը պարտադրվում է մեզ: Մենք խաղաղ ժողովուրդ ենք, բայց միևնույն ժամանակ, մեզ ոչ թե ստրկական խաղաղություն է անհրաժեշտ, ոչ թե խաղաղություն մեր նվաստացման հաշվին, այլ արժանապատիվ խաղաղություն: Հուսով եմ, որ հակառակ կողմը հասկանում է, որ խաղաղության այլընտրանք գոյություն չունի»:
Արտակի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայ մանրանկարչության պատկերներով ոգեշնչված աշխատանքները: Հաճախ հանդիպում է աղավնու պատկերը՝ որպես հոգևոր կյանքի և խաղաղության խորհրդանիշ, և ծառի շիվերը՝ որպես կյանքի խորհրդանիշ:
Արտակը յուրահատուկ խանդավառությամբ է խոսում իր ստեղծած խաղաղության խաչի մասին: Խաղաղություն քարոզելով, Արտակի խոսքով, չպետք է մոռանալ բոլոր նրանց մասին, ովքեր տարբեր խրամատներում լինելով՝ պետության, սպորտի կամ մշակույթի ոլորտներում, նպաստել են այս խաղաղության կառուցմանը՝ անամպ երկինք ապահովելով մեր գլխավերևում:
Խաղաղության խաչերը համարակալված են, և Արտակն անձամբ է դրանք հանձնում իր վկայագրի հետ միասին: Խաչերը վաճառքի համար նախատեսված չեն: Մինչ օրս Արտակն արդեն 44 նման խաչեր է հանձնել իրենց տերերին:
«Մեծ հաշվով, սրանք փոքր քայլեր են, որոնց միջոցով փորձում ես խաղաղության ուղերձ հղել: Բնականաբար, չես կարող լուրջ հույսեր փայփայել, թե աշխարհում բոլոր պատերազմները կդադարեն: Բայց խաղաղության ոգով դաստիարակված սերունդը չի կարող ագրեսոր դառնալ, չի կարող պատերազմ հրահրել: Նման սերունդը կարող է միայն խաղաղության կոչ անել, խաղաղության ձգտել, իսկ անհրաժեշտության դեպքում, հզոր լինելով, կարող է նաև խաղաղությունը պարտադրել», — վստահ է Արտակ Թադևոսյանը: